Aravot.am-ը Հայաստանի պետական մանկավարժական համալսարանից հետաքրքրվեց՝ ինչ նպատակով են դասախոսներն ու ուսանողներն այցելել Երևանյան լճի տարածք: ՀՊՄՀ լրատվության և հանրության հետ կապերի կենտրոնից փոխանցեցին հետևյալը. «COP17 բնապահպանական գագաթնաժողովի շրջանակում ՀՊՄՀ-ի շուրջ 200 ուսանող և դասախոսական կազմի ներկայացուցիչներ մասնակցել են բնապահպանական նախաձեռնության՝ Երևանյան լճի ափամերձ տարածքներն ու դրանց հարակից հատվածները կենցաղային աղբից մաքրելու նպատակով, բնապահպանական պատասխանատվությունը գործնականում ընդգծելու և շրջակա միջավայրի նկատմամբ հոգատարության մշակույթը ուսանողության շրջանում խթանելու նպատակով։
Շաբաթօրյակի ընթացքում համալսարանականները ոչ միայն մաքրել են տարածքը, այլև կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սամվել Պիպոյանի գլխավորությամբ ծանոթացել են Երևանյան լճի կենսաբազմազանությանը, ուսումնասիրել լճում և հարակից տարածքներում հանդիպող թռչնատեսակները, երկկենցաղներին ու սողուններին՝ տեսական գիտելիքները կիրառելով իրական միջավայրում։ Միջոցառումը խիստ կարևոր է նաև բնապահպանական կրթության և քաղաքացիական պատասխանատվության մակարդակի բարձրացման իմաստով»։
Հարցրինք, արդյոք եղել է պարտադրանք բուհի կողմից և դժգոհություններ դասախոսական կազմի և ուսանողների կողմից: «Լրատվամիջոցներից մեկի թեմատիկ հրապարակման մեջ հերթական անգամ ապատեղեկատվություն է տարածվել այն մասին, թե իբր համալսարանի դասախոսներն ու ուսանողները հարկադրաբար են մասնակցել նախաձեռնությանը, կամ դժգոհություն են հայտնել համալսարանի ղեկավարության որոշման վերաբերյալ՝ հերթական անհիմն հերյուրանքն է, որը որևէ աղերս չունի իրականության հետ։ Հարկ է նշել, որ նախաձեռնությունն առաջարկել է ֆակուլտետի ղեկավարությունը, իսկ գաղափարը ողջունել և խրախուսել է բուհի ղեկավարությունը, քանի որ Մանկավարժականում նմանօրինակ միջոցառումների նկատմամբ մշտապես դրսևորվում է ընդգծված դրական վերաբերմունք։ ՀՊՄՀ-ն վերահաստատում է, որ նախաձեռնությունն ունեցել է հստակ բնապահպանական և կրթական նպատակ, որն, ի դեպ, իրականացվում է ոչ առաջին անգամ»,- փոխանցեցին մանկավարժական համալսարանից։
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Կարդացեք նաև
Լուսանկարը՝ Վիքիպեդիայից



















































