Լրահոս
Օրվա լրահոսը

Փետրվարի 7-ին սպասվում է դիմակներով շքերթ՝ նվիրված Բուն Բարեկենդանի տոնին (Տեսանյութ)

Փետրվար 05,2016 12:53

Փետրվարի 7-ին Հայ առաքելական եկեղեցին նշելու է Բուն Բարեկենդանը, որը Մեծ պահքի առաջին կիրակին է. հաջորդ օրը սկսվում է Մեծ Պահքը:

«Բարեկենդանի պատարագը փակ վարագույրով կմատուցվի: Այդպես մինչեւ Սուրբ Հարություն: Այդ ընթացքում վարագույրը կբացվի Ծաղկազարդի տոնին միայն»,-«Հայացք» մամուլի ակումբում այսօր ասաց Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Պետրոս ավագ քահանա Մալյանը. «Բուն Բարեկենդանը ներկայացնում է Ադամի դրախտային երանական կյանքը: Նա հրահանգ ուներ Աստծուց՝ գիտության ծառի պտղից չճաշակել: Նա օրինազանց է լինում եւ ճաշակելով գործում է առաջին մեղքը: Հետո տեղի է ունենում արտաքսում դրախտից: Բուն Բարեկենդանի հաջորդ կիրակին էլ կոչվում է Արտաքսման կիրակի: Մեծ պահքը զղջման ժամանակահատված է, երբ պահեցողությամբ վերականգվում է մարդու եւ Աստծո միջեւ կապը»:

Ինչ վերաբերում է տոնական միջոցառումներին, Տեր Պետրոսը տեղեկացրեց, որ փետրվարի 7-ին, ժամը 13:30-ից ԱՀԹ Առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցու բակից կսկսվի տոնական դիմակներով շքերթը. «Պարելով, երգելով շարժվելու ենք մինչեւ Ազատության հրապարակ, որտեղ տեղի կունենա մեծ միջոցառում: Տարբեր հարթակներում հանդես կգան ազգագրական խմբեր, վարչական շրջանների համույթներ, թատերական խմբեր, կկազմակերպվեն ազգային խաղեր: Տեղի կունենա նաեւ բարեկենդանյան ուտեստների ցուցահանդես-վաճառք: Ուտեստները պատրաստելու են ԱՀԹ երիտասարդաց միությունների երիտասարդները: Վաճառքից ստացված հասույթը կծառայի բարեգործությանը: Ուսանողներն էլ կներկայացնեն Սուրբ Սարգսի տոնին նվիրված նկարներ»:

Տեր Պետրոսը վստահեցրեց, որ այս տարվա տոնախմբությունն ավելի գունեղ եւ հետաքրքիր է լինելու եւ կոչ արեց միանալ, ընդ որում՝ դիմակներով: Թեմի երիտասարդները եւս դիմակներ են պատրաստել հյուրերի համար:

Ի դեպ, Բարեկենդանի տոնին թույլատրված է ուտել մսեղեն, կաթնեղեն, քաղցրավենիք, քանի որ վերջին օրն է՝ Պահք մտնելուց առաջ:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29