Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի համար անակնկալ էր ԵԽԽՎ-ի վերջին նստաշրջանում հակահայկական երկու բանաձեւերին սերբական պատվիրակության գրեթե բոլոր անդամների աջակցելու փաստը

Փետրվար 08,2016 15:22

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը փետրվարի 8-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Սերբիայի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Մայա Գոյկովիչի գլխավորած պատվիրակությանը:

Գալուստ Սահակյանը, ողջունելով հյուրերին Հայաստանի խորհրդարանում, նշել է, որ թեեւ հայ-սերբական հարաբերություններն ունեն բազմամյա պատմություն՝ հիմնված փոխադարձ բարյացակամության եւ աջակցության վրա, սակայն Հայաստանի համար անակնկալ էր ԵԽԽՎ-ի վերջին նստաշրջանում հակահայկական երկու բանաձեւերին սերբական պատվիրակության գրեթե բոլոր անդամների աջակցելու փաստը, ինչը, ՀՀ ԱԺ նախագահի խոսքով, հակասում է մեր երկրների միջեւ բազմամյա բարեկամական հարաբերությունների ոգուն, ինչպես նաեւ Սերբիայի պաշտոնական դիրքորոշմանը Ղարաբաղյան հիմնախնդրի վերաբերյալ: Գալուստ Սահակյանն անհրաժեշտություն է համարել երկու երկրների խորհրդարանների միջեւ ակտիվ երկխոսության ձեւավորումը եւ նշել, որ այդպիսով, գուցե, հնարավոր կլինի շտկել Սերբիայի պատվիրակության քվեարկության հետեւանքով ստեղծված իրավիճակը:

Անդրադառնալով տարածաշրջանային հարցերին՝ Ազգային ժողովի նախագահը նշել է, որ Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը, որի հանգուցալուծումը Հայաստանը տեսնում է միջազգային հանրության կողմից ընդունված միակ ձեւաչափի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահության շրջանակում: «Չնայած նրան, որ Ադրբեջանն ամեն կերպ փորձում է խոչընդոտել հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը՝ մենք շարունակելու ենք հավատարիմ մնալ հակամարտությունը բանակցային ճանապարհով լուծելու մեր դիրքորոշմանը՝ չտրվելով հակառակ կողմի սադրանքներին»,-ընդգծել է պարոն Սահակյանը:
Խորհրդարանի ղեկավարը, անդրադառնալով Հայաստանի եւ Սերբիայի միջեւ տնտեսական սերտ կապերի ձեւավորմանը, նշել է. «Պետք է երկուստեք օգտագործել առկա ներուժը շոշափելի արդյունքների հասնելու համար՝ ի նպաստ երկու ժողովուրդների բարօրության»:

Գալուստ Սահակյանը նշել է, որ Հայաստանի արտաքին քաղաքականության կարեւորագույն հարցերից է նաեւ Հայոց ցեղասպանության ճանաչումը՝ ընդգծելով, որ Հայաստանի Հանրապետությունն ամեն ջանք գործադրելու է միջազգային հանրության կողմից Հայոց ցեղասպանության լիարժեք ճանաչմանը հասնելու համար:
Սերբիայի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Մայա Գոյկովիչը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, արժեւորել է երկու երկրների բարեկամական հարաբերությունները, մասնավորապես միջխորհրդարանական համագործակցության խորացումն ու երկկողմ կապերի ակտիվացումը: Մայա Գոյկովիչը, կարեւորելով փոխգործակցությունը միջազգային կառույցներում, առաջարկել է երկու խորհրդարանների համագործակցությունն ակտիվացնել: Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը՝ նա նշել է, որ Արցախի հիմնախնդիրը պետք է կարգավորվի ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, մադրիդյան սկզբունքների հիման վրա:
Նա երախտիքի խոսք է հայտնել Հայաստանին՝ Կոսովոյի հարցում Սերբիայի ինքնիշխանությունը եւ տարածքային ամբողջականությունը պաշտպանելու համար:
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը եւ Սերբիայի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Մայա Գոյկովիչը խորհրդարանում ունեցած հանդիպումից հետո հանդես են եկել համատեղ հայտարարությամբ՝ ամփոփելով հանդիպման արդյունքները: Այնուհետեւ խորհրդարանի այգում` «Հիշողության պուրակում», տնկել են եղեւնի:

 

ՀՀ Ազգային ժողով

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29