Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞նչն է ձեր գլխացավի, սրտխառնոցի եւ աջ կողատակի շրջանի ցավերի պատճառը

Փետրվար 13,2016 11:00 Share

Այսօր տարածված հիվանդությունների շարքին է դասվում քրոնիկ խոլեցիստիտը` լեղապարկի բորբոքումը: Հիվանդը ունենում է սրտխառնոց, գլխացավեր, աջ կողատակի շրջանի ցավեր, որոնք ժամանակ առ ժամանակ սրանում են:

Բուժման ժամանակ կարեւոր է հատուկ դիետայի պահպանումը: Նշանակվող դեղաբույսերի բուժահավաքներն ունեն լեղամուղ, լեղարտադրությունը խթանող, հակաբորբոքային եւ ցավազրկող հատկություններ:

Բուժման կուրսը սկսելուց առաջ նախ պարզեք հիվանդության աստիճանը, խորհրդակցեք բժշկի հետ եւ հետո միայն սկսեք օգտագործել բնական միջոցներ:

Վերցնել 100-ական գրամ երիցուկ, եղերդակի եւ խատուտիկի արմատներ, 75-ական գրամ անանուխ եւ մատիտեղ թռչնոց։ 3 ճաշի գդալ հումքին ավելացնել 3 բաժակ եռման ջուր եւ թրմել թերմոսում։ Խմել օրական 3-4 անգամ 100-ական գրամ, ուտելուց կես ժամ առաջ։

Վերցնել 100-ական գրամ տուղտի արմատ եւ եղինջ, 75-ական  գրամ  հազարատերեւուկ  եւ վաղենակ,  50 գրամ տարկավան։ Երեք ճաշի գդալ հումքին ավելացնել երեք բաժակ եռման ջուր եւ դարձյալ թրմել թերմոսում։ Խմել օրական 3-4 անգամ 100-ական գրամ, ուտելուց կես ժամ առաջ։

Կամ` 75 գրամ անթառամ, 50 գրամ կատվախոտ, 100 գրամ մասուրի պտուղ։ Երեք ճաշի գդալ հումքին` երեք բաժակ եռման ջուր։ Թրմել թերմոսում եւ խմել օրական 3-4 անգամ 100-ական գրամ, ուտելուց կես ժամ առաջ։

Մեկ այլ հավաք էլ առաջարկվում է` 100 գրամ խնկեղեգի արմատ, 100 գրամ անանուխ, 75 գրամ կանթեղախոտ։ Երեք ճաշի գդալ հումքին` երեք

բաժակ եռման ջուր, թրմել թերմոսում։ Խմել օրական 3-4 անգամ 100-ական գրամ, ուտելուց կես ժամ առաջ։

Շատ տարածված հավաք է` 100 գրամ եգիպտացորենի մազմզուկներ, 75-ական գրամ վաղենակ եւ հազարատերեւուկ։ Երեք ճաշի գդալ հումքին` երեք բաժակ եռման ջուր։ Թրմել թերմոսում, խմել օրական 3-4 անգամ 100-ական գրամ, ուտելուց կես ժամ առաջ։

Վերցնել 100-ական գրամ եղինջ եւ անանուխ, 75 գրամ անթառամ։ Երեք ճաշի գդալ հումքին` երեք բաժակ եռման ջուր։ Թրմել եւ խմել ինչպես մնացած տարբերակներում:

1 ճաշի գդալ կեչու բողբոջներին ավելացնել երկու բաժակ եռման ջուր, թրմել, քամել եւ խմել օրական 3-4 անգամ 100-ական գրամ, ուտելուց կես ժամ առաջ։

Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ
12.02.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    «գլխացավ, սրտխառնոց եւ աջ կողատակի ցաւ»

    արդեօք, գոնէ տղամարդոց պարագային, անսանձ կերուխումի ախտանշանները չե՞ն ասոնք… (լյարդը աջ կողին տակը կը գտնվի…)

Պատասխանել