Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուս-թուրքական կենացները «քաղցրանում» են

Փետրվար 18,2016 17:00

Ղարաբաղի խնդիրը տեղափոխվում է
Ռուսաստան-Թուրքիա առճակատման դաշտ

Օրերս Ուկրաինա ժամանած Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն ուշագրավ հայտարարություն է արել, որն էականորեն փոխում է վերջին տարիներին Ռուսաստան-Թուրքիա հարաբերություններում առկա տրամադրությունը Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման նկատմամբ:

Ռուսաստանը խախտել է Վրաստանի, Ուկրաինայի ու Սիրիայի տարածքային ամբողջականությունը, եւ ներկայումս սպառնալիքի տակ է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ նշել է Դավութօղլուն Կիեւում` Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկի հետ համատեղ մամլո ասուլիսում. «Ռուսական քաղաքականության նոր հայեցակարգը էքսպանսիոնիզմն ու ագրեսիվությունը շարունակելն է։ Իրավիճակը, որը սկսվել է Աբխազիայում, շարունակվում է Ղրիմում։ Ներկայում կան երեք երկրներ, որոնց տարածքային ամբողջականությունը խախտել է Ռուսաստանը։ Խոսքը Վրաստանի, Ուկրաինայի ու Սիրիայի մասին է։ Այժմ սպառնալիքի տակ է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ կապված Հայաստանի գործողությունների հետ, որին օգնում է Ռուսաստանը»,- նշել է Թուրքիայի վարչապետը։ Դավութօղլուն նաեւ հավելել է. «Ռուսաստանը պետք է հասկանա, որ Խորհրդային Միությունը վաղուց արդեն փլուզվել է, եւ Մոսկվայի գործողությունները նույնքան ուժգին վնասում են ռուս ժողովրդի շահերին»:
Թուրքիայի վարչապետի վերոնշյալ հայտարարություններին անմիջապես արձագանքեց Մոսկվան: Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հակադարձեց. «Դավութօղլուն պետք է հասկանա, որ Օսմանյան կայսրությունը վաղուց գոյություն չունի, եւ մի երկրի կողմից թելադրանքը տարածաշրջանում չի անցնի, քանի որ դա չի համապատասխանում այն սկզբունքներին, որոնցով ապրում է ժամանակակից աշխարհը: Ռուսաստանն ու Ադրբեջանը կառուցում են բարեկամական, գործընկերային հարաբերություններ` հիմնված հարգանքի վրա, եւ Թուրքիային չի հաջողվի սեպ խրել այդ հարաբերություններում»:

Պաշտոնական Անկարան, այսպիսով, առաջին անգամ որպես Ադրբեջանի տարածքային ամբողջականության սպառնալիք մատնանշում է Ռուսաստանին: Սա, թերեւս, պատասխան քայլ էր Անկարայի կողմից օրեր առաջ ՌԴ Պետդումայի կոմունիստ պատգամավորների նամակի, որը նրանք հղել էին ՌԴ ԱԳՆ-ին՝ առաջարկելով չեղյալ հայտարարել 1921թ. մարտի 16-ին Ռուսաստանի եւ Թուրքիայի միջեւ կնքված պայմանագիրը:

Մի քանի օր առաջ էլ պաշտոնական Մոսկվան տեղեկություն տարածեց, թե ՌԴ ԱԳՆ-ն կուսումնասիրի Պետդումայի պատգամավորների առաջարկը, որն առնչվում է 1921թ. մարտի 16-ին Թուրքիայի հետ ստորագրված Մոսկվայի պայմանագրի չեղյալ հայտարարմանը։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել էր ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան. «ԱԳՆ-ի հասցեով իսկապես ստացվել է պայմանագիրը խզելու առաջարկի մասին Պետդումայի մի շարք պատգամավորների դիմումը։ Կարող եմ ասել, որ ներկա պահին դիմումը պետք է ուսումնասիրվի, ինչն էլ առաջարկվում է։ Այդ ամենը կիրականացվի սահմանված կարգով։ Դեռ պետք է ուսումնասիրել այդ նախաձեռնությունը»։

Ակնհայտորեն իրավիճակը առավել քան բարդ ու վտանգավոր է դառնում` հղի իսկապես անկանխատեսելի հետեւանքներով` Լեռնային Ղարաբաղի խնդրի համար: Եթե մինչ այժմ Թուրքիան ու Ադրբեջանը ձգտում էին Ռուսաստանի հետ պայմանավորվել ԼՂ-ի խնդրում` որպես Հայաստանի ռազմավարական դաշնակցի, ապա այժմ Թուրքիան, փաստորեն, բացեիբաց մեղադրում է Ռուսաստանին Ադրբեջանի նկատմամբ «ագրեսիայի» համար՝ այն բանից հետո, երբ Մոսկվան սկսեց քննարկումներ 1921թ. Մոսկվայի պայմանագրի վերանայման շուրջ:

Ու այստեղ ամենազարմանալին այն է, որ Հայաստանում էլ ռուսական քարոզչությանը ձայնակցողներ կան` առանց դրա հետեւանքների մասին փոքր-ինչ մտածելու: Ռուսաստանի կողմից 1921թ. Մոսկվայի պայմանագրի վերանայումը կարող է Հայաստանի համար օգտակար լինել՝ նշել է, օրինակ, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը` առանց բացատրելու, թե ինչո՞վ դա կարող է «օգտակար» ու «շահավետ» լինել կոնկրետ Հայաստանի համար, այլ ոչ թե ռուսական քարոզչամեքենայի համար:

Փետրվարի 18-ին նախատեսված է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի այցը Ադրբեջան։ Ըստ Թուրքիայի նախագահի մամլո կենտրոնի` Էրդողանի ու Ալիեւի նախագահությամբ անցկացվելու է թուրք-ադրբեջանական բարձր մակարդակի ռազմավարական համագործակցության խորհրդի 5-րդ նիստը, որում քննարկվելու են տարբեր ոլորտներում երկկողմ համագործակցության խորացման եւ երկկողմ հարաբերությունների զարգացման հարցեր։ Նիստի շրջանակներում կայանալիք հանդիպումներում քննարկվելու են նաեւ տարածաշրջանային ու միջազգային զարգացումները եւ գլխավորապես Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը։

Ռուս-թուրքական լարվածությունը վստահաբար բավական ծանր դրության մեջ է դրել Ադրբեջանի իշխանություններին, որոնք վերջին տարիներին Ռուսաստանի հետ ռազմավարական հարաբերություններ հաստատեցին ու ամրապնդեցին: Սխալված չենք լինի, եթե նկատենք, որ Պուտին-Ալիեւ հարաբերությունները գրեթե չեն զիջում Էրդողան-Ալիեւ հարաբերություններին:

Այժմ, երբ Թուրքիա-Ռուսաստան առճակատումն էլ ավելի է սրվում, Ալիեւը, հավանաբար, գիտակցում է, որ մոտենում է նրա` կողմերից մեկի օգտին ընտրություն անելու եւ մյուսի հետ, ըստ էության, առճակատման գնալու դժվարին պահը: Պարզ է, որ խոսքն այս դեպքում եղբայրական Թուրքիայի հետ հարաբերությունները պահպանելու եւ Ռուսաստանի հետ այդ հարաբերությունները հարվածի տակ դնելու մասին է:

Պաշտոնական Բաքուն արդեն մի քանի անգամ հասցրել է հայտարարել, որ կողմնակից է Ռուսաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորմանը, նույնիսկ իր ծառայություններն է առաջարկել` հաշտեցնելու երկու երկրներին: Բայց ռուս-թուրքական լարումն ավելի է խորանում:

Օրերս պաշտոնական Բաքուն կրկին անդրադարձել է ռուս-թուրքական հարաբերությունների թեմային: The Business Year-ին տված հարցազրույցում Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովն ասել է, որ Ռուսաստանի ու Թուրքիայի միջեւ հարաբերություններում տիրող իրավիճակը ոչ մի կերպ ձեռնտու չէ Ադրբեջանին: «Մեր հարաբերությունները բոլոր ոլորտներում դինամիկ են զարգանում՝ ինչպես Թուրքիայի, այնպես էլ Ռուսաստանի հետ, եւ Ադրբեջանը հատուկ ուշադրություն է հատկացնում երկու երկրների հետ կապերի խորացմանը։ Թուրքիայի հետ Ադրբեջանի հարաբերությունները կրում են «ռազմավարական դաշնակցի» բնույթ, իսկ Ռուսաստանի հետ՝ «ռազմավարական գործընկերոջ» բնույթ, եւ ունեն պատմական արմատներ»:

Մամեդյարովն ափսոսանք է հայտնել, որ ինքնաթիռի խոցման միջադեպը բացասաբար է ազդել ռուս-թուրքական հարաբերությունների վրա. «Ավելորդ է ասել, որ թե՛ Թուրքիան, թե՛ Ռուսաստանը կարեւոր դեր են խաղում Հարավային Կովկասի տարածաշրջանում ու նրա սահմաններից դուրս անվտանգության ու կայունության պահպանման հարցում։ Ադրբեջանը նախկինի նման շահագրգռված է երկու երկրների հետ հարաբերությունների ամրապնդմամբ։ Մենք հուսով ենք, որ համատեղ ջանքերի միջոցով, երկխոսության ու փոխըմբռնման ճանապարհով կհասնենք Թուրքիայի ու Ռուսաստանի միջեւ հարաբերությունների կարգավորման»։

Իր հերթին նաեւ Մոսկվան է ցույց տալիս, թե որքան թանկ են Ռուսաստանի համար հարաբերություններն Ադրբեջանի հետ: Ռուսաստանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան լրագրողների հետ ճեպազրույցում օրերս անդրադարձել է Ռուսաստանի ու Ադրբեջանի հարաբերություններին։ Ճեպազրույցի ընթացքում ադրբեջանցի լրագրողը Զախարովային հարց է ուղղել, թե Ռուսաստանի կողմից 1921թ. ստորագրված Մոսկվայի պայմանագրի չեղյալ հայտարարումն ինչպե՞ս կանդրադառնա Ադրբեջանի ու Ռուսաստանի հարաբերությունների վրա, քանի որ այդ պայմանագիրը շոշափում է նաեւ Ադրբեջանի շահերը։ Ի պատասխան՝ Զախարովան նշել է, որ Ռուսաստանի իշխանությունները մտադիր են զարգացնել Ադրբեջանի հետ հարաբերությունները եւ չեն անի որեւէ բան, որը կարող է վատթարացնել դրանք. «Ընդհակառակը՝ մենք կկենտրոնանանք նրա վրա, ինչը կարող է բարելավել մեր հարաբերություններն այդ երկրի հետ։ Մեզ շատ բան է կապում բոլոր ոլորտներում»։
Ռուսաստան-Թուրքիա սրված հարաբերություններն, այսպիսով, աստիճանաբար մոտենում են մեզ` Ղարաբաղյան հակամարտությանը: Սա ամենավտանգավոր զարգացումն է, որը երբեւէ կարելի էր սպասել:

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
17.02.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29