Լրահոս
Օրվա լրահոսը

Ժամանակներն են փոխվել, թե՞ հայ մարդը

Մարտ 03,2016 11:16

Թող բոլորն իմանան, որ ցանկացած հաջողության հասնելը պայմանավորված չէ միմիայն մարդ արարածի բացառիկ շնորհներով, այլ կախված է նաև հազար ու մի երևացող և չերևացող հանգամանքներից, որոնք հաճախ ավելի մեծ նշանակություն են ունենում, քան նրանց շնորհների արդյունքում իրականացված քայլերը: Այլ խոսքով, բացարձակ նույնատիպ քայլերի պարագայում՝ կախված վեր նշված հանգամանքներից, տարբեր մարդկանց մոտ արձանագրվում են էապես տարբեր արդյունքներ: Այնպես որ, թող որևէ մեկը երբեք չկարծի, թե այն հաջողությունները, որին ինքը հասնում է ինչ-ինչ կոմբինացիաների արդյունքում, միմիայն իր խելոքության և իր կողմից կատարված ճիշտ քայլերի համադրության արդյունքն է: Այստեղ գործում են բազմաթիվ հանգամանքներ, որոնցից մի երկուսի մասին ավելորդ չէ հիշատակել:

Օրինակ, չափազանց կարևոր է՝ մարդը ծնվում է աղքա՞տ, թե՞ հարուստ ընտանիքում, սոցիալական և մտավոր կարողություններով օժտված ինչպիսի բարեկամ-հարազատների միջավայրում, այսինքն` տվյալ մարդու սկզբնական (իրենից լրիվ դուրս) կյանքը ինչ նախնական կապիտալի վրա է հիմնված, որը հետագայում դառնալու է նրա ինչ-ինչ արդյունքների հասնելու որոշիչ գրավականներից մեկը և այսպես շարունակ:

Կամ ասենք, չափազանց կարևոր է, թե տվյալ մարդը աշխարհագրական որ տարածքում է ծնվում (հեռավոր մի գյուղում, թե աշխարհի հզորագույն կենտրոններից մեկում): Պակաս կարևոր չէ նաև, թե հետագայում տվյալ մարդը շփումների ինչպիսի շղթայով է անցնելու: Այս ամենն ընդամենը էական հանգամանքներ են, որոնք այս նյութի հիմնական ասելիքի մեջ որոշիչ նշանակություն ունեն:

Եվ այսպես, դիտարկենք հայ մարդու կյանքի ընթացքը՝ անցյալ դարի 80-ականներից մինչև մեր օրերը, այդ ժամանակահատվածը բաժանելով երկու մասի՝ մինչև նորանկախ Հայաստանի ծնունդը և դրանից հետո: Բոլոր համեմատականները կանցկացվեն այդ երկու ժամանակահատվածների կտրվածքով: Հենց այն հանգամանքը, որ Արարչի կամքով մարդկությունը ապրում է նույն հողակտորի՝ հողագնդի վրա, դա ոչ այլ ինչ է, քան իրավիճակ, որ նրանք իրար հետ ապրեն մի մեծ ընտանիքի նման: Դա առավել ևս այդպես պետք է լինի նույն ազգության, նույն ժողովրդի պարագայում:

Այժմ տեսնենք, թե այդ պատգամն ինչպիսի արտացոլում է ունեցել Խորհրդային Հայաստանում և դրանից հետո՝ մինչև մեր օրերը: Այդ ընթացքում տեղի է ունեցել մեկ առանցքային փոփոխություն. տնտեսական կացութաձևը սոցիալիզմից փոխվել է վայրի կապիտալիզմի, որը բնականաբար հայ մարդու տեսակի մեջ ևս պետք է առաջացներ որոշակի փոփոխություններ:

Սակայն տեսնենք, թե իրականում ինչ տեղի ունեցավ: Հայտնի է, որ աշխարհում բացարձակ ոչինչ չկա, հետևաբար սոցիալիզմին բնորոշ հավասարությունը ևս բացարձակ չէ, այնպես որ, սոցիալիզմի ժամանակ ևս բոլորը բացարձակ հավասար չէին և կային աղքատներ, միջին ձևով ապրողներ, ունևորներ, հարուստներ, շատ հարուստներ և փոքր թվով չափազանց հարուստներ: Այդ ժամանակ կար աշխատատեղեր և աշխատանք: Չկար սով ու համատարած աղքատություն: Նրանք, ովքեր ապրել են այդ ժամանակահատվածում, կարող են վկայել, որ ամենաանսիրտ հայն անգամ համարյա ամեն ինչով օգնում էր հարևանին, ծանոթին, բարեկամին…, նույնիսկ անծանոթին: Դա հայ մարդու տեսակն էր, որն աշխարհին զարմացնում էր իր կամեցողությամբ, խղճի առատությամբ, կողքինին օգնելու պատրաստակամությամբ, հյուրասիրությամբ և նմանատիպ շատ այլ հատկանիշներով: Ինչպե՞ս կարող էր որևէ հայ երեխա հիվանդանալ և նրան չորս կողմից ձեռք չմեկնեին:

Իհարկե, այդ ժամանակ էլ կային քիչ թվով պաշտոնյաներ կամ ունևորներ, ովքեր ապրում էին համարյա մեկուսացված կերպով: Նման մարդիկ գոռոզ, հպարտ կեցվածքով, ինքնասիրահարված, մնացածներին արհամարհող (նույն այդ մարդիկ գառի նման խոնարհվում էին իրենց ղեկավարներին և նրանց, ումից կախում ունեին), իրենց համարյա բոլորից վեր դասող արարածներ էին: Այդքանով հանդերձ, քիչ թվով պաշտոնյաներ կամ հարուստներ կգտնվեին, ովքեր արհամարհեին իրենց հարևանին, բարեկամին, հարազատին, էլ չեմ ասում հարազատ եղբորը կամ քրոջը: Կարճ ասած, դրանք բացառություններ էին: Մարդիկ օգնում էին իրար՝ ով ինչով կարող էր: Այլ խոսքով, բոլորը՝ բոլորին ձեռք էին մեկնում: Դա նրանց ապրելակերպն էր և դրանից նրանք լավ էին զգում իրենց: Նման վարքագիծը ոչ այլ ինչ է, քան հոգու և խղճի մեծագույն հանգստություն: Այդ ամենը համատարած բնույթ էր կրում և դրանով որևէ մեկին զարմացնել հնարավոր չէր:

Իսկ ինչ է կատարվում այսօր: Եթե մեկ բառով ներկայացնենք, ապա այսօր կատարվում է վերևում ասվածի ճիշտ հակառակը: Ագահությունն ու մրցավազքը այնպես են կուրացրել մարդկանց, որ նրանք, բացի  իրենցից, լավագույն դեպքում՝ նաև իրենց հարազատ-բարեկամից, իրենց կլանից, որևէ մեկին չեն նկատում և թքած ունեն մնացած բոլորի վրա: Արդարության դեմ չմեղանչելու համար նշենք, որ այսօր էլ կա փոքր տոկոս կազմող մարդկանց խումբ, ովքեր այս կամ այն կերպ օգնում են իրենց մերձավոր հարազատներին: Համատարած խիղճը և մարդկությունը, որը կար նախկինում, այսօր հիմնականում վերացել է՝ տեղը զիջելով թալանի և հարստության մոլուցքին:

Տարբեր զրույցների ժամանակ հնչում է այն միտքը, որ ժամանակները փոխվել են և մարդիկ անսիրտ են դարձել: Արդյոք ասվածը ճշմարի՞տ է: Իհարկե, ոչ: Դա ընդամենը խաբկանք է և իրականությունը քողարկելու շղարշ: Իրականում մարդն է փոխվել, այդ թվում նաև հայ մարդը: Հայ մարդու տեսահորիզոնը նեղացել է: Նա իր բոլոր քայլերն անում է իր անձնական, նեղ տեսադաշտով, որտեղ տեղավորվում է միայն իր շահը, իր հաջողությունը, իր առաջընթացը և թքած մնացած բոլորի վրա: Նա ուրիշների հետ հաշվի է նստում այնքանով, որքանով իր շահն է պահանջում: Մեկ-մեկ էլ, ազատ ժամանակ նա հիշում է իր ընտանիքի անվտանգության և առողջության մասին: Նա ամեն ինչին արձագանքում է այնքանով, որքանով դրանք առնչվում են իր անվտանգությանն ու իր շահին:

Նման վարքագիծն ինչ-որ կերպ իմաստավորված կլիներ մի դեպքում միայն, եթե այդ մարդիկ լինեին անմահ (չի բացառվում, որ այդ մարդիկ իրենց համարում են անմահ): Մոլորյալ արարածներ. միայն Տերն է անմահ…: Այդ մարդիկ չափազանց կարևոր մի բան են մոռացել. կյանքի գնացքը բոլորին տանում է նույն տեղը…: Այս դեպքում էլ գլուխ է բարձրացնում զարմանքը. Մի՞թե նման ապրելակերպը դույզն ինչ կապ ունի սովորական մարդկային ապրելակերպի հետ: Երիցս ոչ:

Մարդիկ հիշեք, եթե ձեզանից որևէ մեկին հրաշքով հաջողվի ապրել անգամ 300 տարի, ապա միևնույն է, այդ ժամանակահատվածն ընդամենն ակնթարթ է՝ ժամանակի առանցքի վրա…

Ժամանակներն ընդհանրապես չեն փոխվում, ժամանակն ընդամենը հոսում է՝ առանց կանգառի: Մարդիկ են փոխվում…

Վերը ասվածը կարելի է տեղավորել մեկ բառի մեջ՝ անտարբերություն, որն աններելի ախտ է… և մարդկության արագացված վախճանը…

Անանիա ՄԱՂԱՔՅԱՆ

Քաղաքագետ, «Ժողովրդավարություն և ընտրական գործընթացներ» միջազգային կենտրոն ՀԿ նախագահ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031