Լրահոս
Օրվա լրահոսը

Ամեն երկիր արժանի է իր ժողովրդին

Ապրիլ 04,2024 12:30

1988թ. փետրվարյան Հայոց համազգային շարժման՝ չափահաս ականատեսը լինելուց հետո, ինձ շատ դժվար է դույզն-ինչ հավատալ, որ հայը երբեւէ կարող է ադրբեջանցուց վախենալ եւ կատարել նրա կամքը: Առանց նորմալ բանակի, Հայաստանն Արցախի ժողովրդի հետ միասնաբար, ուս ուսի տված, մի բռունցք դարձած, Արցախյան առաջին պատերազմում շատ կարեւոր հաղթանակ տարավ Ադրբեջանի շատ ավելի մեծաթիվ բանակի ու ժողովրդի նկատմամբ եւ հիմք դրեց Արցախի անկախ հանրապետության կառուցմանը ու տասնյակ տարիներ շարունակ Ադրբեջանի քթի տակ հայը հպարտորեն կառուցում էր իր երկրորդ հայրենիքը՝ Արցախը: Հսկա հարեւանի՝ Ադրբեջանի գոյությունը բնավ չէր կաշկանդում Արցախի պետական կառույցների ներդրմանը եւ աշխարհի ուշադրության բեւեռացմանը Արցախի վրա: Այս ամենից հետո, ինչպես կարելի է մտքով անգամ անցկացնել, որ նման ճանապարհ անցած ժողովուրդը որեւէ պարագայում կարող է գլուխ կախել նման թշնամու առաջ, ավելին՝ հնարավոր է այնքան վախեցած լինի, որ պատրաստ լինի խոնարհաբար կատարել Ադրբեջանի՝ թեկուզ անհավանական որոշումները, լրիվ մոռանալով, թե ինքը որ ազգի ներկայացուցիչ է եւ առանց երկմտելու պատրաստ է կատարել թշնամու ցանկությունները: Փաստորեն, արդեն 3-4 տարուց ավելի է, ինչ Ադրբեջանն ընտրել է մի մարտավարություն, որ ինքն ինչ ուզի՝ Հայաստանն այդպես էլ պետք է կատարի, քանզի դրա համար նախ Հայաստանի իշխանությունն է իր համաձայնությունը տալիս, հետո էլ ժողովրդի լուռ պահվածքը բերում է Հայաստանի խոնարհ համաձայնությանը, լիովին մոռանալով, որ իրենք այլ ազգի ներկայացուցիչ են եւ պարտավոր են մի քիչ թասիբ ու արժանապատվություն ունենալ, հարգել իրենց պետությունը եւ պետականությունը ու փորձեն իրենց շահը պաշտպանել, այլ ոչ թե վախից անմիջապես կռանան թուրքի առջեւ, թքելով իրենց անցած հազարամյա ճանապարհի վրա՝ ջուր լցնելով հակառակորդի ջրաղացին:

Պարզ երեւում է, որ գնալով՝ օր օրի մեռնում է հայերի ազգային մշակույթը, որի պատճառով է հազարամյակներ շարունակ «պահպանվել» այդ արժեհամակարգը, մշտապես հուշելով հակառակորդին, որ ամեն պարագայում ինքը «մշտապես» փորձելու է գնալ միմիայն այդ ճանապարհով, որի իրողությանն արդեն կարելի է կասկածել: Համենայնդեպս, վերջին 3-4 տարիների իրադարձությունները եւ Հայաստանի իշխանությունների ու ժողովրդի պահվածքը ճիշտ հակառակի մասին է խոսում, եւ եթե ամեն ինչ շարունակվի այնպես, ինչպես դրանք ընթանում են ներկայումս, ապա խիստ կասկածի տակ կհայտնվի Հայաստանի ինքնիշխանության գոյության շարունակությունը: Փաստորեն, Ադրբեջանը եւս հստակորեն տեսնում է, որ ինչպես Հայաստանի իշխանությունները, այնպես էլ Հայաստանի ժողովուրդը եւ չափազանց վախեցած է, եւ արդեն հոգնել է Ադրբեջանի ահաբեկումներից ու պարզորոշ ցուցադրում է անգամ, որ պատրաստ չէ վերջին ճիգերով փորձել փրկել իր ինքնիշխանությունը եւ պատվով պահել Հայաստանի սուվերենությունը, եթե անգամ հարկ լինի դրա համար փոքր գին վճարել…

Ինձ համար խիստ անհասկանալի է, թե ինչ սատանա անցավ մեր երկրի վրայով, որ նախկինում Ադրբեջանի ցանկացած ուժային մոտեցմանը՝ հայ ժողովուրդը ոչինչ չէր խնայում, հայրենիքի մազը չպակասելու համար, այսինքն, ոչինչ չէր խնայում հայրենիքի փրկության համար, իսկ այսօր Ադրբեջանի ցանկացած ցանկության պարագայում, անմիջապես համաձայնվում է դրա հետ եւ պաշտպանական որեւէ քայլ չի փորձում ձեռնարկել հայրենիքի փրկության համար, ավելին՝ իր անտարբերությամբ պատրաստ է ամեն ինչ զիջել թշնամուն՝ կորցնելով անգամ ամենաթանկը՝ հայրենիքը՝ «հանգիստ գոյատեւելով» թշնամու ձեռքի տակ: Ամեն դեպքում, հայերը հարյուրավոր տարիներ հայ-ադրբեջանական հարբերություններում ցուցաբերելով մեծ համարձակություն եւ անասելի ազգային հպարտություն՝ այսօր բացարձակ անսպասելիորեն ենթարկվում են Ադրբեջանին եւ խոնարհաբար կատարում նրանց բոլոր ցանկությունները …

Ամփոփելով՝ ասեմ, որ փաստացի այսօր հայերը լիովին կորցրել են իրենց հպարտությունը եւ շատ հանգիստ կատարում են Ադրբեջանի բոլոր հրահանգները՝ ընդհուպ պատրաստակամորեն, լռելյայն ընդունելով իրենց վերջնական պարտությունն Ադրբեջանի առջեւ, համաձայնվելով անգամ մտնել Ադրբեջանի կազմի մեջ, վերջնականապես կորցնելով իրենց ինքնիշխանությունը՝ պետականությունը…

Նման քայլերով հայ ժողովուրդը պատրաստակամ է իր երկիրը տանել կործանման՝ դառնալով իր հավերժական թշնամու հավերժական ճորտը…

Անանիա ՄԱՂԱՔՅԱՆ

Հայաստանի Ճարտարագիտական ակադեմիայի թղթակից անդամ

«Առավոտ» օրաթերթ
03.04.2024

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930