Լրահոս
Օրվա լրահոսը

Ավագ երեքշաբթին նշանավորվում է 10 կույսերի առակով

Մարտ 22,2016 12:15

Հիսուս Քրիստոսի հրաշափառ հարությանը նախորդող շաբաթը կոչվում է Ավագ (այսինքն` Մեծ) շաբաթ:

Ծաղկազարդով ավարտվեց Մեծ պահքը եւ սկսվեց Ավագ շաբաթը, որտեղ ամեն օրը պատմվում է Հիսուս Քրիստոսի երկրային կյանքի վերջին յոթ օրերի ուսուցումները, չարչարանքները, մահը եւ հարությունը:

Երեկ Հայ առաքելական եկեղեցին նշեց Ավագ երկուշաբթին, որտեղ մեկնաբանվեց այն, որ Հիսուսի խոսքով չորացավ անպտուղ թզենին (Մատթ. ԻԱ 18-22, Մարկ. ԺԱ 12-14, 20-25): Պտուղն այլաբանորեն խորհրդանշում է մարդկային բարի գործերն ու առաքինությունները, որոնցից զուրկ մարդը կպատժվի այս թզենու օրինակով եւ ինչպես ասել է Հակոբոս առաքյալը` «Հավատքն առանց գործերի մեռած է» (Հակ. Բ 20): Այդ օրը մեկնաբանվում է նաեւ Երուսաղեմի Տաճարի մաքրագործումը (Մատթ. ԻԱ 12-17, Մարկ. ԺԱ 15-19, Ղուկ. ԺԹ 45-48, Հովհ. Բ 13-22), որը կատարվեց ի խնդիր հավատի մաքրության: Հիսուսը մտավ տաճար եւ շրջելով աղավնեվաճառների եւ լումայափոխների սեղանները` դուրս հանեց նրանց, ովքեր տաճարի մեջ առեւտուր էին անում: Եվ ասաց. «Գրված է. «Իմ տունը աղոթքի տուն պիտի կոչվի, իսկ դուք ավազակների որջ եք այն դարձրել» (Ես. ԾԶ 7, Երեմ. Է 11): Այս արարքով Տերը մեզ սովորեցնում է, որ սրբությունների հանդեպ պետք է պատշաճ վերաբերմունք ցուցաբերել:

avag-ereqshabti8-2

Ավագ երեքշաբթի օրը մեկնաբանվում է տասը կույսերի առակը, որը կապված է նախորդ օրվա հետ. ակնարկում է, որ մեր առաքինի գործերի պտուղներով հոգեպես պետք է պատրաստ լինենք Քրիստոսի երկրորդ գալստյանը, այլապես կչորանանք թզենու պես եւ երկնքի արքայությունից դուրս կմնանք հինգ հիմար կույսերի նման:

Աստվածաշնչում պատմվում է տասը կույսերի առակը (Մատթ. 25: 1-12).
«Այն ժամանակ երկնքի արքայությունը պիտի նմանեցվի տասը կույսերի, որոնք իրենց լապտերներն առած՝ փեսային եւ հարսին դիմավորելու ելան: Նրանցից հինգը հիմար էին, իսկ հինգը` իմաստուն: Հիմարները լապտերներն առան, բայց իրենց հետ պահեստի ձեթ չվերցրին: Իսկ իմաստուններն իրենց լապտերների հետ միասին ամաններով ձեթ վերցրին: Եվ երբ փեսան ուշացավ, ամենքն էլ նիրհեցին ու քուն մտան: Եվ կեսգիշերին ձայն լսվեց` ահա` փեսան գալիս է, նրան դիմավորելու ելե՛ք: Այն ժամանակ բոլոր կույսերը վեր կացան եւ իրենց լապտերները կարգի բերեցին: Հիմարներն իմաստուններին ասացին.
«Ձեր այդ յուղից տվե՛ք մեզ, որովհետեւ ահա մեր լապտերները հանգչում են»:

avag-ereqshabti8-3

Իմաստունները պատասխան տվեցին եւ ասացին. «Գուցե թե՛ մեզ եւ թե՛ ձեզ չբավականացնի, ուստի գնացե՛ք վաճառողների մոտ եւ ձեզ համար գնեցե՛ք»: Երբ նրանք գնացին, որ գնեն, փեսան եկավ, եւ ովքեր պատրաստ էին, նրա հետ հարսանիքի սրահը մտան, ու դուռը փակվեց: Հետո եկան մյուս կույսերն էլ ու ասացին. «Տե՛ր, Տե՛ր, բա՛ց արա»: Նա պատասխան տվեց եւ ասաց. «Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ ձեզ չեմ ճանաչում»:
Տասը կույսեր ասելով նկատի ունի բոլոր հավատացյալներին, նաեւ` ամբողջ մարդկային ցեղը, ինչպես նաեւ` չարն ու բարին: Չորրորդ` մարդը ունի տասը զգայարան, որից հինգը հոգունն են, հինգը` մարմնինը, դրանով են մեր մեջ գործում բարին ու չարը: Եվ ովքեր կույս են եւ սուրբ տասը զգայարաններով, այսինքն` մտքով, հոգով ու մարմնով, նրանք արժանանալու են վերին առագաստին: Այդ պատճառով է հինգին հիմար եւ հինգին իմաստուն անվանում: Իմաստունները հոգու զգայարաններն են, իսկ հիմարները` մարմնինը:

Տասը կույսերը նաեւ խորհրդանշում են արդարներին ու անիրավներին:
Մեր հոգեւոր հայրերը մեկնաբանում են, որ մարդը չորս պատճառով չի ճանաչվում: Նախ երբ փոխված է լինում երեսի գույնը, այսինքն` նրա հոգին առաջ սպիտակ էր, իսկ հետո մեղքերից սեւացավ, երկրորդ` եթե մեկը ծածկի իր երեսը, ոչ ոք նրան չի ճանաչի: Այսինքն` եթե մեկը ծածկի իր երեսը եւ չխոստովանի, Քրիստոս նրան չի ճանաչի: Երրորդ` եթե նախկին նշանը փոխվի, նրան ոչ ոք չի ճանաչի: Այդպես էլ` եթե մեկը փոխի հավատը եւ ուրանա Քրիստոսին, ո՛չ Քրիստոս նրան կճանաչի, ո՛չ էլ` հրեշտակները: Չորրորդ` երբ մեկը մանուկ հասակում գնա օտար երկիր եւ մինչեւ ծերություն մնա այնտեղ, նրան ոչ ոք չի կարող ճանաչել: Այսպես էլ` եթե մեկն օտարանա Աստծու պատվիրաններից, իր մանկության օրերից մինչեւ ծերություն, Աստված նրան չի ճանաչի:

Ավագ երեքշաբթի, երեկոյան ժամերգության ընթացքում, եկեղեցու ատյան են դուրս գալիս տասը մանուկներ` խորհրդանշելով տասը կույսերին եւ իրենց ձեռքին պահելով մոմեր` հինգը վառվող, իսկ հինգը` հանգած: «Մանուկների ձեռքը վառվող մոմ են տալիս, որը խորհրդանշում է հավատքի լույսը, Աստծու պատուիրաններն աչքի առաջ ունենալը եւ գործելը` ըստ այս խոսքի. «Քո խոսքերը ճրագ են իմ ոտքերի համար» (Սաղմ. ՃԺԸ 105) (Ս.Գրիգոր Տաթեւացի, Քարոզգիրք Ձմեռան, էջ 61):

Օրվա ավետարանական պատգամն է. «Արթո՛ւն կացեք, որովհետեւ չգիտեք Տիրոջ գալստյան եւ ձեր բարի կամ չար գործերի քննության ո՛չ օրը եւ ո՛չ էլ ժամը»:

 
Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ
22.03.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031