Լրահոս
Օրվա լրահոսը

«Այս իրավիճակում ԼՂ անկախության ճանաչումը ճիշտ է». քաղաքագետ

Ապրիլ 04,2016 21:53

«Այսօր լայնամասշտաբ պատերազմ է, Ադրբեջանը ոչ միայն խախտում է զինադադարը, այլեւ լայնամասշտաբ ռազմական գործողություններ է իրականացնում՝ ուղղված ԼՂ ժողովրդի դեմ: Այս իրավիճակում ողջունում եմ Սերժ Սարգսյանի քաղաքականությունը՝ ԼՂ անկախությունը ճանաչելու վերաբերյալ: Անիմաստ է փորձել բանակցել Ադրբեջանի հետ, եթե միակողմանի սկսում է լայնամասշտաբ ռազմական գործողություն»,- կարծում է քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը:

Ըստ նրա, ԼՂ անկախությունը ճանաչելով՝ Հայաստանը կապահովագրի ԼՂՀ ժողովրդի անվտանգությունը. «Այդ քայլը լուրջ քայլ է, իհարկե, վտանգներ է պարունակում՝ հաշվի առնելով, որ միջազգային հանրությունը կարող է նեղանա, համարի որ միակողմանիորեն դուրս ենք գալիս, բայց Ադրբեջանն այսօր կատարեց լրջագույն սխալ, եւ մենք ամբողջ աշխարհին պետք է ցույց պետք է տանք այդ սխալը: Թալիշում նրանց վայրագ գործողությունները անընդունելի են, ադրբեջանցիները չեն փոխել իրենց քաղաքականությունը, որով ցանկանում են հայերին քշել, ոչնչացնել ԼՂՀ-ն»:

Քաղաքագետը սպասում է ՌԴ-ի երկրորդ հայտարարությանը, ըստ նրա, առաջինը բավականին չեզոք էր ու դաշնակից պետությանը չէր սազում. «Դիրքորոշում պետք է ցուցաբերի. միջազգային արձագանքը՝ բոլոր կոչերը, երկու կողմերին են ուղղված, բայց հայ ժողովուրդը, Ղարաբաղի հայերը չեն սկսել պատերազմ, իրենց դեմ է պատերազմը: Դա է ապացուցում այն, որ հենց ղարաբաղյան տարածքում են գտնվում ազերիների դիակները, նրանց խոցած տանկերն ու ուղղաթիռները: Այնքան հեշտ է ապացուցել, որ նրանք են սկսել հարձակումը, բայց զարմանալի է, որ դեռ հավասարության նշան են դնում մեր ու Ադրբեջանի միջեւ»:

Ըստ քաղաքագետի, Թուրքիայի իշխանություններն անկանխատեսելի են իրենց քայլերում ու շատ հնարավոր է՝ փորձեն միջամտել այս պատերազմում, բայց այդ դեպքում կմիջամտի նաեւ ՌԴ-ն. «Մեծ պատերազմ կլինի, կոչ եմ անում Ադրբեջանին դադարեցնել գործողությունները, իրենց փասա-փուսեն հավաքեն ու դուրս գնան, սկսենք նորից բանակցությունները»:

Մեր դիտարկմանը՝ կան լուրեր, որ հենց թուրք դիվերսանտներն են ռազմաճակատում հայերի դեմ հայտնվել ու Սերժ Սարգսյանն էլ փաստեց, որ «Թուրքիան միակն է, որ աներկբա աջակցում է ադրբեջանական արկածախնդրությանը»:

Հիշեցնենք, որ լուրերի համաձայն` Թուրքիայից ծայրահեղ իսլամիստներ են Ադրբեջան մեկնել՝ կռվելու այս ռազմաճակատում: Քաղաքագետն ի պատասխան ասաց. «Համոզված չեմ, որ իրականությանը համապատասխանում են այդ լուրերը… եթե հայտնվեն, նույն հակահարվածը կստանան, ինչպես նախորդ պատերազմի ժամանակ ու ադրբեջանցիների հետ միասին կփախչեն այս տարածաշրջանից: Սա Ալիեւի նախաձեռնությունն է, թիկունքում բան չունի, մենք պետք է լավ աշխատենք՝ ապացուցելու, ով սկսեց այս ամենը»:

Հանգուցալուծումն ըստ քաղաքագետի. «Եթե Ադրբեջանը չդադարեցնի, դուրս չբերի իր զորքերը, մերոնք կջախջախեն նրանց ու կընդլայնեն անվտանգության գոտին: Իսկ լայնամասշտաբ պատերազմի դեպքում այս տարածաշրջանում կուղարկվեն խաղաղարար ուժեր կամ իրոք վերջնականորեն կփլուզվի Ադրբեջանը»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930