Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Խորհրդանշական մոմերով ու լապտերներով ուղեբեռներ՝ սահմանը պահող մեր զինվորներին (Տեսանյութ)

Ապրիլ 07,2016 15:52

Գյումրու մանկավարժական ինստիտուտի ուսանողներն ու ինստիտուտի ավագ դպրոցի աշակերտները սնունդով ու հագուստով լի արկղեր են պատրաստել Արցախ ուղարկելու համար: Վերջիններս ամեն մի արկղի վրա իրենց երախտագիտության խոսքն են գրել զինվորներին՝ նրանց խորին շնորհակալություն հայտնելով: «Աստված քեզ պահապան»-, գրված է ամեն մի արկղի վրա: Տեսնել է պետք, թե ինչ հոգատարությամբ, քնքշանքով են ուսանողուհիները դասավորում արկղերը:

Տղաներից մեկն էլ մեզ հետ զրույցում ասաց, որ բանաստեղծություն է գրել՝ ձոնված հայ զինվորին, իսկ ամեն մի արկղի մեջ մոմեր ու լապտերներ են դրել, որը նշանակում է՝ «Մեր հավատի լույսն ենք ուղարկում Ձեզ, վստահ ենք Ձեր հաղթանակին»:

Գյումրեցիների հոսքը չի դադարում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գյումրու Հայորդաց տուն. յուրաքանչյուր գյումրեցի՝ սկսած նոր ոտքի ելած մանուկներից, իրենց սուրբ պարտքն են համարում իրենց իսկ ձեռքով հագուստ ու սնունդ բերել հայրենիքի անվտանգության երաշխավորներին:

Կարեն Պետրոսյանը մեզ հետ զրույցում տեղեկացրեց, որ Հայորդաց տունը, սկսած ապրիլի 3-ից, հավաքագրեց սնունդ, հագուստ, առաջին անհրաժեշտության ապրանքներ՝ սահման ուղարկելու համար: Ողջ քաղաքը, ըստ Կարեն Պետրոսյանի, միացել է այս նախաձեռնությանը, ով, ինչպես կարողանում, օգնում է. մարդ կա՝ նյութական օգնություն է ցուցաբերում, մարդ կա՝ կազմակերպչական, մեծ թիվ են կազմում կամավորները:

«Այս տարածքը դարձավ որպես ինքնաբուխ կենտրոն արագ արձագանքման, քաղաքացիական կամավորական շարժում առաջացավ. ամեն մեկը շտապում է ինչ-որ մի բանով օգտակար լինել այդ պրոցեսին: Լուրջ ակտիվություն գրանցվեց: Փառք ու պատիվ մեր քաղաքի բնակչությանը, գյումրեցիները շատ ակտիվ իրենց մասնակցությունն ունեցան. գալիս էին ընտանիքներ, դպրոցներ, կազմակերպություններ: Այս ամբողջ պրոցեսը համակարգվում էր Հայորդաց տանը, փառք ու պատիվ Հայորդաց տան աշխատակազմին՝ տնօրեն Աստղիկ Եդիգարյանի գլխավորությամբ, որ կարողացան ամբողջ գործընթացը կանոնակարգել: Ասեմ, որ արդեն վեց մեքենա ուղեբեռ ուղեւորվել է Արցախ, գնում է Ստեփանակերտ, ընդհանուր շտաբում գրանցվելուց հետո, հասնում է մարտական գործողությունների, սահմանային տարածքներ: Շատ հետաքրքիր դեպքեր են գրանցել, թե ինչպես են մարդիկ պատրաստակամություն հայտնում օգնելու թե՛ տարհանված բնակչությանը, թե՛ դիրքերում գտնվող մեր տղաներին, ազատամարտիկներին», -ասաց Կարեն Պետրոսյանը:

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գյումրու Հայորդաց տանը ապրիլի 3-ից գործող կամավորական քաղաքացիական շարժման կողքին ձևավորվել է նաեւ մարզային կոորդինացիոն շտաբ:

Նշենք, որ այս օրերին պարբերաբար Արցախ է մեկնում նաեւ Շիրակի մարզից ընտրված գործարար պատգամավոր Արման Սահակյանը. նրան պատկանող պահեստներից անընդհատ բեռներ են կրում ու տանում Արցախ:

12 11 10 9 7 6 4 3 2 1

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930