Լրահոս
Օրվա լրահոսը

«Խոր վրդովմունք ենք հայտնում ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության կենտրոնի փոխտնօրենի հայտարարության կապակցությամբ, թե տեղյակ չէ Արցախում հայկական եկեղեցիների ոչնչացման դեպքերի մասին»

Հոկտեմբեր 27,2026 15:46 Share
Աջակցեք aravot.am-ին

ԲՈՂՈՔԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Արցախի մշակույթի և զբոսաշրջության զարգացման գործակալությունը խոր վրդովմունք և մտահոգություն է հայտնում ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության կենտրոնի փոխտնօրեն Ջյոթի Հոսագրահարի՝ Երևանում արած այն հայտարարության կապակցությամբ, թե տեղյակ չէ Արցախում հայկական եկեղեցիների ոչնչացման դեպքերի մասին։

Արցախի հայկական մշակութային և կրոնական ժառանգության ոչնչացման, վնասման և պատմական ինքնության խեղաթյուրման վերաբերյալ ահազանգերն ու փաստագրական նյութերը վաղուց ներկայացվում են հետազոտողների և հասարակական կազմակերպությունների կողմից։ ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ համաշխարհային ժառանգության պաշտպանության համար պատասխանատու կառույցի բարձրաստիճան ներկայացուցչի նման անտեղյակությունը լուրջ հարցեր է առաջացնում։

Արցախի հայկական եկեղեցիներն ու վանքերը համամարդկային մշակութային ժառանգության անբաժանելի մասն են։ Դրանց պաշտպանությունը չպետք է պայմանավորված լինի քաղաքական շահերով։

Կոչ ենք անում ՅՈՒՆԵՍԿՕ-ին ուսումնասիրել առկա փաստերն ու վկայությունները, ապահովել Արցախի հայկական հուշարձանների վիճակի անկախ միջազգային մշտադիտարկում և ձեռնարկել գործուն քայլեր դրանց հետագա ոչնչացումն ու պատմական ինքնության խեղաթյուրումը կանխելու համար։

Մշակութային ժառանգության պաշտպանությունը պահանջում է ոչ թե լռություն կամ անգործություն, այլ պատասխանատվություն և կոնկրետ գործողություններ։

Ակնկալում ենք ՅՈՒՆԵՍԿՕ-ի հստակ դիրքորոշումն ու գործուն քայլերը՝ Արցախի հայկական մշակութային ժառանգության պահպանության ուղղությամբ։

Արցախի մշակույթի և զբոսաշրջության զարգացման գործակալություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել