Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ բնապահպանության նախարարն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի խորհրդականին և Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպանին

Ապրիլ 14,2016 18:09

ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանն այսօր ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի գիտության և տեխնոլոգիաների հարցերով խորհրդական դոկտոր Վահան Թուրեկյանին, Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան պարոն Ռիչարդ Միլզին, ինչպես նաև դեսպանատան մի շարք աշխատակիցների:

Նախարար Արամայիս Գրիգորյանը, ողջունելով հյուրերին, բարձր է գնահատել ԱՄՆ կառավարության կողմից ցուցաբերվող պատրաստակամությունն ու աջակցությունը բնապահպանական խնդիրների հաղթահարման ուղղությամբ իրականացվող ծրագրերի նկատմամբ՝ մասնավորապես նշելով. «ԱՄՆ կառավարության հետ մեր համագործակցությունը բնապահպանության ոլորտում բավականին ամուր հիմքերի վրա է դրված: Մասնավորապես ջրային ռեսուրսների խնայողության և արդյունավետ կառավարման ուղղությամբ մի շարք ծրագրեր արդեն իրականացվել են և շարունակական բնույթ են կրում: Լիահույս եմ, որ իրականացվող ծրագրերը մոտ ապագայում ցանկալի արդյունք կտան»:

Դոկտոր Թուրեկյանը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, նշել է, որ ողջունելի են Հայաստանի Հանրապետության կողմից ներդրվող ջանքերը համամարդկային և լոկալ բնապահպանական խնդիրների՝ կլիմայի փոփոխության, օզոնային շերտի քայքայման, ջրային ռեսուրսների խնայողության, արդյունավետ կառավարման և այլ մարտահրավերների հաղթահարման առումով: «Որպես բնապահպան՝ ես բարձր եմ գնահատում ՀՀ անդամակցությունը տարբեր միջազգային բնապահպանական կոնվենցիաներին և դրանցից բխող արձանագրություններին, որոնց շրջանակներում երկիրը ստանձնել է մի շարք պարտավորություններ և իմ պատրաստակամությունն եմ հայտնում մասնագիտական աջակցությունս ցուցաբերել ոլորտին առնչվող հարցերով»,- նշել է Վահան Թուրեկյանը:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև բուսական և կենդանական աշխարհի վտանգված տեսակների ներկրման և արտահանման ոլորտում առկա խնդիրները: Դեսպան Միլզը նշել է, որ ԱՄՆ ներկայացուցչությունն իր պատրաստակամությունն է հայտնում մասնագիտական աջակցություն ցուցաբերել ոլորտի կատարելագործման և վերապատրաստման դասընթացների կազմակերպման ուղղությամբ: Այս համատեքստում պայմանավորվածություն է ձեռք բերվել ԱՄՆ դեսպանության և ՀՀ բնապահպանության նախարարության ներկայացուցիչներից աշխատանքային խումբ ձևավորելու և համապատասխան նախապատրաստական աշխատանքները սկսելու ուղղությամբ: Աշխատանքները կհամակարգեն նախարարի առաջին տեղակալ Սիմոն Պապյանը, Միջազգային համագործակցության վարչության պետ Արթուր Դանիելյանը և ԱՄՆ դեսպանության տնտեսական և կոմերցիոն հարցերով պատասխանատու Ռաֆայել Սամբոուն:

 

ՀՀ բնապահպանության նախարարություն 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930