Լրահոս
Օրվա լրահոսը

«Լինելով հաջողակ ու ճանաչված՝ մարդիկ միաժամանակ շատ համեստ էին»

Ապրիլ 15,2016 16:30

Հայ ուսանողները տպավորված են
Ֆրանսիայում անցկացրած մեկամսյա պրակտիկայից

«Առավոտի»՝ «Հայաստանը պետք է հպարտ լինի ուսանողներով, որոնց ուղարկում է երկիր ներկայացնելու» հրապարակմամբ տեղեկացրել էինք, որ ավանդաբար Հայաստանում Ֆրանսիական համալսարանի ուսանողները մեկամսյա պրակտիկա են անցնում Ֆրանսիայի տարբեր քաղաքներում: Այս տարի Ֆրանսիա մեկնած 44 ուսանողներն արդեն վերադարձել են Հայաստան:

Օրինակ, «Առավոտի» հետ զրույցում «ԳՐԱՆԹ ԹՈՐՆԹՈՆ» կազմակերպությունում իր պարկտիկան անցկացրած Լինեթ Ալեքսանդրյանը պատմեց, որ Ֆրանսիայում մասնավորապես հաշվապահական սկզբնական գործառույթներ է իրականացրել: Տպավորվել է ֆրանսիացիների՝ ոչ միայն խստապահանջ ու բարեխիղճ աշխատաոճով, այլեւ ֆրանսիական նրբագեղ մշակույթով: «Ծանոթացա ոլորտի առանձնահատկություններին, հիմնականում ամրապնդեցի այն ամենը, ինչ սովորել էի Հայաստանի Ֆրանսիական համալսարանում, նաեւ վերցրի ֆրանսիական համակարգի առանձնահատկությունները»,-ասում է Լինեթը: Նա հավելում է, որ կարողացել է հաջողությամբ վարել երկու ասոցիացիաների հաշվապահություն, ու իրեն շատ օգնել են Հայաստանում Ֆրանսիական համալսարանում ստացած չորս տարվա գիտելիքները: Նա առանձնահատուկ շնորհակալություն հայտնեց ֆրանսահայ Սամսոն Օզարարատին, որը ջանք չի խնայել, որպեսզի հայ ուսանողները օգուտ քաղեն իրենց մեկամսյա պրակտիկայից: «Ինձ գրավեց նաեւ այն, որ մեր կազմակերպության բոլոր գլխավոր դեմքերը, լինելով հաջողակ ու ճանաչված մարդիկ, միաժամանակ շատ համեստ էին: Իմ կազմակերպության ղեկավարը հայ էր՝ Արման Փինարբասի: Նման համեստություն ես չեմ տեսել ու երեւի երկար տարիներ չեմ տեսնի Հայաստանում»,-կարծում է ուսանողուհին:

Ֆրանսիական համալսարանի մարկետինգի ֆակուլտետի ուսանողուհի Վարդուհի Հովհաննիսյանի պրակտիկան անցել է Լիոնում՝ «Պամեքսիալ» կազմակերպությունում: Նա կապեր է հաստատել Հայաստանի հետ, նախաձեռնել մեր երկրից տարված խեցեղենի ցուցահանդես-վաճառք, որը հրաշալի է անցել: Վարդուհին եւս նոր ծանոթություններ է ձեռք բերել: Նա էլ տպավորվել է նրանով, որ ֆրանսիացիները բոլոր հանդիպումների ժամանակ մանրամասն նշումներ են կատարում ու հանգամանալից հաշվետվություններով հանդես գալիս բոլոր իրականացված ձեռնարկների ավարտից հետո:

Մարիամ Դավթյանի պարկտիկան անցել է «Արտեզիա» իրավաբանական գրասենյակում, ասում է՝ պրակտիկայի ղեկավարն արմատներով հայ՝ ֆրանսիացի փաստաբան էր, որը քիչ էր խոսում հայերեն, բայց շատ սիրում էր Հայաստանը եւ հայերին: Մարիամը խոստացել է առաջիկայում նրան հյուրընկալել մեր երկրում ու ծանոթացնել Հայաստանի հարավի հետ, այսինքն՝ այնպիսի վայրեր ուղեկցել, որտեղ պրակտիկայի ղեկավարը դեռ չի եղել: Մարիամի պատմելով, իրենց գրասենյակը զբաղվում էր իրավաբանական խորհրդատվությամբ: Հայ ուսանողուհին էական տարբերություններ է տեսել հայաստանյան եւ ֆրանսիական իրավական համակարգերի միջեւ: Նա ուրախությամբ փաստում է, որ Ֆրանսիական համալսարանում ֆրանսիական իրավունքի ոլորտի իր գիտելիքները կարողացել է կիրառել Ֆրանսիայում, օրինակ՝ հայցեր գրելիս: Մարիամը նշում է, որ իրենց գրասենյակը հատկապես հարկային ոլորտում էր մասնագիտացած: Նաեւ հավելում է, որ անհամեմատելի են հայաստանյան ու ֆրանսիական հարկային դաշտերը: Նրա ձեւակերպմամբ, այնտեղ ավելի շեշտադրված է բարեխիղճ աշխատանքը, մարդիկ գիտակցում են, որ ամեն օրվա բացթողումը լուրջ հետեւանքներ կարող է ունենալ շահառուի համար: Մարիամը նաեւ պատմեց, որ իրենց փաստաբանական գրասենյակը հետաքրքիր ավանդույթ ուներ՝ պարբերաբար տարբեր նկարիչների ցուցահանդեսներ էր հյուրընկալում ու հրավիրում բոլոր շահառուներին, որոնք երբեւէ առնչվել են գրասենյակի հետ: «Դա թույլ է տալիս ե՛ւ ոգեւորել երիտասարդ արվեստագետներին, ե՛ւ ամրապնդել փաստաբանական ընկերության հետ շահառուների կապը: Ես սա մարկետինգային կարեւոր քայլ եմ դիտարկում»,- համոզված է մեր զրուցակիցը:

Ֆրանսիական համալսարանի կառավարման ֆակուլտետի ուսանողուհի Ռուբինա Մարտիրոսյանն էլ մեկ ամիս աշխատել է Սարսելի քաղաքապետարանում: Ասում է՝ Սարսելը Փարիզի հյուսիսային արվարձաններից մեկն է, որն ունի 80-ից ավելի ազգությունների շուրջ 50 000 բնակիչ: Բազմազգ Սարսելը տպավորել է աղջկան: Նշում է, որ Փարիզում ապրելու դեպքում այդքան բազմազան շփումներ չէր կարող ունենալ: «Ես քաղաքապետարանի մշակութային բաժնում եմ անցել պրակտիկաս, մշակութային բաժնի գլխավոր դեմքն էլ՝ Վիրժինի Դիլանեանը, ծագումով հայ էր: Նա արդեն քանի տարի է՝ պրակտիկանտներ է ընդունում, որովհետեւ միշտ գոհ է մնում բոլորի աշխատանքից»,-ասում է Ռուբինան: Նա փաստում է, որ Սարսելի քաղաքապետարանը աշխատելով քաղաքի զարգացման վրա՝ հատուկ շեշտադրում է անում մշակույթի վրա. «Անընդհատ մշակութային սեզոններ էին կազմակերպվում, ես հիմնականում միջոցառման իրազեկումներով էի զբաղված՝ ցուցապաստառներ, թռուցիկներ, հատարարություն կայքի միջոցով, որի օպտիմալացմամբ էի զբաղված»: Ֆրանսիական համալսարանի ուսանողուհին նշում է, որ իրեն բախտ է վիճակվել սկսել մի լուրջ մշակութային նախագիծ, որով նախատեսվում էր Սարսելի «Թոշակառուների տուն» կոչվող տարածք տեղափոխել արվեստի դպրոցը, կոնսերվատորիան ու այլ հաստատություններ: Որոշների տեղակայման վայրն անձամբ ինքն է ընտրել:

Սիմոն Սիմոնյանը իրավաբանական ֆակուլտետի ուսանող է: Նա մեկ ամիս աշխատել է Փարիզի «Էստրադ եւ Ազատ» իրավաբանական գրասենյակում, որը կենտրոնացած էր մասնավոր իրավունքի ճյուղում, զբաղվում էր հատկապես ձեռնարկատիրական իրավունքով, անշարժ գույքի իրավունքով եւ այլն: Սիմոնը նշում է, որ գրասենյակում աշխատում էին երեք իրավաբան, իսկ իր պրակտիկայի ղեկավարն էր Դավիթ Հարությունյանը, որը 16 տարեկանից հաստատվել է Ֆրանսիայում: Երիտասարդը նշում է. «Թեեւ իմ պրակտիկայի ընթացքում առնչվում էի Դավիթ Հարությունյանի հետ, բայց շփվել եմ նաեւ պարոն Էստրադի եւ պարոն Ազատի հետ, բավականին տպավորված եմ: Իմիջիայլոց, օրս հաճելի էր սկսել նրանով, որ աշխատանքի հասնելու համար անցնում էի Շանզ-Էլիզեով: Պրակտիկաս բազմաբովանդակ էր, կատարել եմ մի շարք աշխատանքներ, օրինակ՝ իրականացրել եմ հաճախորդների գրավոր խորհրդատվություն, գրել եմ հայցերի պատասխան, իրավական փնտրումներ եմ արել: Մի անգամ էլ պարոն Հարությունյանն ինձ հանձնարարել է կազմել գործի եզրակացոււթյուն, որը կարդալուց հետո ասել է, որ ես դա արել եմ այնպես, ինչպես կաներ ֆրանսիացի իրավաբանը: Դա իսկապես ոգեւորիչ էր: Ասեմ, որ դա իմ առաջին փորձը չէր փաստաբանական գրասենյակում, ես ավելի վաղ պրակտիկա էի անցել Հայաստանի փաստաբանական գրասենյակներից մեկում ու մինչեւ Ֆրանսիա գալը ունեի որոշակի փորձ, իսկ Փարիզում կատարելագործեցի գիտելիքներս, ձեռք բերեցի նոր հմտություններ, կարողացա գործնականում կիրառել նաեւ Ֆրանսիական համալսարանի՝ ֆրանսիացի դասախոսների՝ մեզ սովորեցրած գիտելիքները… Հիացած եմ ֆրանսիական մշակույթով, ֆրանսիացիների կրթվածությամբ ու բարեհամբույրությամբ: Հարգալից վերաբերմունքն ու կրթվածությունը, կարծում եմ, չգրված օրենք են Ֆրանսիայում»:

 
ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
15.04.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930