Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեր աշխատակիցները հուշարձանների պահապաններ են, ոչ թե պահակներ»

Ապրիլ 16,2016 14:30

Հարցազրույց «Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Վլադիմիր Պողոսյանի հետ:

Հուշարձանների եւ տեսարժան վայրերի միջազգային խորհրդի` ICOMOS-ի առաջարկով, 1983թ. ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր ասամբլեան որոշում ընդունեց ապրիլի 18-ը նշել որպես Հուշարձանների եւ տեսարժան վայրերի միջազգային օր: Հայաստանը եւս անմասն չի մնացել այդ նախաձեռնությունից: Ինչ միջոցառումներ են նախատեսվում իրականացնել մեր հուշարձանների տարածքներում եւ ինչպես է պահպանվում մեր մշակութային ժառանգությունը, թեմայի վերաբերյալ զրուցեցինք «Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Վլադիմիր Պողոսյանի հետ:

– Պարոն Պողոսյան, ի՞նչ միջոցառումներ են նախատեսվում ապրիլի 18-ին:

-Պահպանության ծառայություն ՊՈԱԿ-ը ապրիլի 18-ին մի շարք միջոցառումներ կանցկացնի Երեւանում ու հանրապետության մարզերում: Բանակ-կրթություն-մշակույթ ծրագրի շրջանակում սանիտարական մաքրման ու բարեկարգման աշխատանքներ կիրականացվեն: Խնդիրը ոչ միայն հուշարձանների տարածքները մաքրելը, այլեւ մատաղ սերնդի մոտ մշակութային ժառանգության հանդեպ սեր ու հոգատարություն սերմանելն է: Միջոցառումներ կիրականացվեն ոչ միայն այդ օրը, այլեւ մինչեւ մայիսի 19-ը` Թանգարանների միջազգային օրը, «Թանգարանային գիշեր» միջոցառումների շրջանակում:

-Ինչպե՞ս է իրականացվում հուշարձանի պահպանությունը: Հաճախ կարծիքներ են հնչում, թե տեսախցիկներ պետք է տեղադրել հուշարձանների տարածքներում կամ ամեն մի արձանի մոտ մի պահակ կանգնեցնել:

– Նախ պետք է ասեմ, որ մեր աշխատակիցները հուշարձանների պահապաններ են, եւ ոչ թե պահակներ: Գործնականում հնարավոր չէ հուշարձանների տարածքում տեսախցիկ տեղադրել: Փոխարենը՝ անհրաժեշտ է պատասխանատվություն ու հոգատարություն ցուցաբերել սեփական մշակույթի նկատմամբ: Բարոյական պարտքի ու պատասխանատվության զգացումով պետք է պահենք ու պահպանենք մեր մշակութային ժառանգությունը: Մեր ՊՈԱԿ-ը մարզային 11 ծառայությունների, 8 արգելոց-թանգարանների եւ արգելոցների միջոցով է իրականացնում պետական սեփականություն համարվող եւ չօգտագործվող շուրջ 19. 000 հուշարձանի պահպանությունը, ուսումնասիրումը, հանրահռչակումն ու օգտագործումը: Հուշարձանի յուրաքանչյուր պահապանը շուրջ 150 հուշարձանի պահպանություն է իրականացնում: Հուշարձանների տարածքներում նրանք լինում են սահմանված գրաֆիկի համաձայն` 5-6 օրը մեկ` արձանագրում փաստացի վիճակը: Ցանկացած իրավախախտման դեպքում մենք ահազանգում ենք իրավապահներին, նաեւ հետամուտ լինում քննության ընթացքին, ավարտին: Վերջին երկու տարում ՊՈԱԿ-ի Պատմական միջավայրի պահպանության (ՊՄՊ) մարզային ծառայությունների կողմից արձանագրվել է իրավախախտման 18 դեպք, դրանցից 10-ը` քննության փուլում է:

– Պարոն Պողոսյան, ավարտված գործեր կա՞ն եւ պատժվո՞ւմ են, արդյոք, իրավախախտում կատարած անձինք:

– Անշուշտ, ավարտված քրեական գործեր, նաեւ` դատավճիռներ կան: Օրինակ, Գառնի տաճարի հարավային պատին գրառում կատարած ՌԴ քաղաքացի Մաքսիմ Նիկիտենկոյի նկատմամբ կայացված դատավճիռը, Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից կայացված վճիռը, ըստ որի, կվերականգնվի պետական սեփականություն հանդիսացող 5-6-րդ դդ. «Եկեղեցի Արտավազդիկ» հանրապետական նշանակության հուշարձանի պահպանական գոտու տարածքի նախկին տեսքը: Հուշարձանի պահպանական գոտու տարածքում մետաղական կառուցվածքի տաղավար էին կառուցել, եկեղեցու տարածքում գտնվող սրբատաշ եւ անկանոն քարերից կառուցված ցանկապատ, մետաղական դուռ էին տեղադրել, ջրագիծ անցկացնելու համար խրամուղի փորել, էլեկտրամատակարարման սյուն կանգնեցրել:

Իրավախախտում ունենք նաեւ Կոտայքի մարզում` ձեւափոխվել ու սալիկապատվել է Սուրբ Կարապետ եկեղեցու մկրտարանը: Սյունիքի մարզի Պոլիգոն հուշարձանի տարածքում էլ արդեն տեւական ժամանակ է՝ քարի մշակման արտադրամաս է գործում: Ոչ պակաս հնչեղ մեկ այլ դեպք. Արագածոտնի մարզի Ղազարավան համայնքի Քաղաքատեղի «Լազարավան» հանրապետական նշանակության հուշարձանի տարածքում մատուռ կառուցելու պատրվակով ծանր տեխնիկայի միջոցով տարածքում քանդման աշխատանքներ են իրականացվել (900 քմ մակերեսով ու 25 քմ խորությամբ փոս էր փորվել), որի հետեւանքով մշակութային շերտին վնաս էր պատճառվել: Դատավճռով քաղաքացի Հ. Գրիգորյանը մեղավոր էր ճանաչվել եւ դատապարտվել տուգանքի նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի՝ 500 հազար դրամի չափով: Սակայն, համաներման կիրառմամբ, ազատվել էր պատժի կրումից: Առանց քննության էր թողնվել ՊՈԱԿ-ի ներկայացրած քաղհայցը, սակայն քաղաքացիական դատավարության կարգով հայց հարուցելու իրավունք էր վերապահվել տուժող կողմին: Դատավճռի դեմ բերված վերաքննիչ եւ վճռաբեկ բողոքները մերժվել են: Նաեւ գանձագողության դեպքեր ունենք: Փետրվարի 24-ին Արմավիրի մարզի «Քաղաքատեղի Արգիշտիխինիլի» հուշարձանի տարածքից գանձագողերը տարել էին միջնադարյան ժամանակաշրջանի դրամներ, ձիասարքի համալիր, սանձի լկամ, ճարմանդներ, զանգակներ եւ այլն: ՊՄՊ Սյունիքի մարզի Եղվարդ գյուղում գտնվող հանրապետական նշանակության «Գյուղատեղի Շինատեղ» հուշարձանի տարածքից կատարած գանձագողության արդյունքում էլ մի քաղաքացի 191 անուն արտեֆակտ (հնագիտական արժեք ունեցող ձեռագործ աշխատանքներ) է հայտնաբերել:

– Պարոն Պողոսյան, ՊՈԱԿ-ը նաեւ հրատարակություններ է ունեցել:

– 2014 թ. երրորդ կիսամյակում եւ 2015 թ. ՊՈԱԿ-ը 24 անուն գրականություն է հրատարակել: Մեր գործառույթներն այդքանով չեն սահմանափակվում: Սերտորեն համագործակցում ենք միջազգային գիտական կառույցների` Մոսկվայի Դ. Լիխաչովի անվան «Ժառանգության ինստիտուտի», Բելառուսի Հանրապետության Գրոդնո քաղաքի Յանկա Կուպալայի անվան, Լեհաստանի Հանրապետության համալսարանի եւ Վարշավայի համալսարանի հնագիտության կենտրոնի հետ: Պարբերաբար գիտաժողովներ (նաեւ միջազգային), ժամանակավոր եւ մշտական ցուցադրություններ ենք կազմակերպում: Օգոստոսի 16-ին հայտնի քաղաքական գործիչ, հնագետ, երջանկահիշատակ Վահան Հովհաննիսյանի ծննդյան օրն է: Նախատեսում ենք «Մեծամոր» պատմահնագիտական արգելոց-թանգարանում այդ օրը ցուցահանդես բացել, որտեղ կներկայացվեն գիտնականի կողմից պեղված եւ ՊՈԱԿ-ի ֆոնդերի հնագիտության բաժնում պահվող նյութերը, հնագիտական պեղումների ընթացքը պատկերող լուսանկարները:

 

Զրուցեց
ԱՆԻ ԱՆԱՆՅԱՆԸ

«Առավոտ»

16.04.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930