Լրահոս
Օրվա լրահոսը

«Միհրան Պողոսյանն իր ցանկությամբ եւ կամոք չի հրաժարական տվել». Զարուհի Փոստանջյան

Ապրիլ 18,2016 15:26

«Եթե կան հիմքեր Միհրան Պողոսյանին կանչելու պատասխանատվության, այդ հիմքերը պետք է քննության առարկա դառնան: Եթե նա չի ցանկանում, որ ինքն ու Ալիեւը ասոցացվեն իրար հետ՝ որպես քրեական տարր, դա, իհարկե, ողջունելի է»,-Aravot.am-ի հետ զրույցում ԴԱՀԿ ծառայության պետի՝ Միհրան Պողոսյանի (Քեթրինի Միհրան) հրաժարականն այսպես մեկնաբանեց «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանը:

Մեր հարցին՝ հնարավո՞ր է, որ իր հրաժարականով Միհրան Պողոսյանն ուզում է փակել պանամական օֆշորների սկանդալային թեման, թե՞ իր հրաժարականը չի նշանակում, որ նա կարող է խուսափել պատասխանատվությունից՝ Զարուհի Փոստանջյանը պատասխանեց. «Արդեն այն, որ ինքը հրաժարական է ներկայացրել, խոսում է այն մասին, որ հիմքեր կան, խնդիրներ կան: Եթե ինքը Ալիեւին է հղում կատարում, մենք գիտենք Ալիեւն ով է: Նա մարդկության դեմ հանցագործություն կատարեց իր ագրեսիայով, նաեւ այլ հանցագործությունների մեջ էլ է ներգրավված, որի մասին պանամական դոսյեն է: Եթե պանամական դոսյեի պահանջները այլ երկրներում էլ են այսօր օրակարգային դարձել, օֆշորային այդ սկանդալի մեջ նույնիսկ արեւմտյան երկրներ են ներգրավված, հետեւաբար հրաժարականի հիմքերն ուղղվում են դեպի ապօրինություններ»:

MP Zaruhi Postanjyan spoke about the problems faced by women in Tesaket press club

Ըստ տիկին Փոստանջյանի, հիմա միտում է նկատվում, որ ապօրինի յուրացված գումարները գնում են բացահայտման. «Ամբողջ աշխարհում է դա նկատվում: Մենք էլ, լինելով աշխարհի մի մաս, այն մարդին, որոնք մեր հանրությունից են յուրացրել գումարներ, իրենք էլ հայտնվում են էպիկենտրոնում, որովհետեւ իրենց գումարները դուրս են գնում Հայաստանից: Հենց այնպես չէ, որ մի զեկույցի մեջ նշվում է, որ ՀՀ-ից ապօրինաբար դուրս է եկել շուրջ 10 մլրդ դոլար: Սա գործընթաց է, մեկը մյուսի հետեւից դուրս են գալիս: Այն մարդիկ, որոնք ապօրինություններ են թույլ տվել, եղել են ուշադրության կենտրոնում: Գումարների ապօրինի շրջանառությունը չի կարող լինել անտեսանելի եւ անհետեւանք»:

Մեր հարցին՝ ինչո՞ւ օֆշորի մեկ այլ հերոս՝ Տիգրան Սարգսյանը ավելի բարձր պաշտոնի գնաց, իսկ այս դեպքում Միհրան Պողոսյանը շտապեց հրաժարական տալ՝ Զարուհի Փոստանջյանը պատասխանեց. «Պահը երեւի այս մեկի համար նպաստավոր չէր: Բայց դա դեռ չի նշանակում, որ այն երկրորդը, որը գնացել է մեկ այլ պաշտոնի, նրա նկատմամբ հետապնդումներ եւ այսպիսի գործընթացներ չեն լինելու: Ուշ թե շուտ, նրանք, ովքեր մեր հանրային գումարները յուրացրել են, բոլորը գալու են պատասխանատվության: Արդարություն է լինելու, իրավունքների վերականգնում: Անցումային արդարադատությունն անխուսափելի է: Եթե դու չես անցնում արդարադատության, նորից այդ քաղցկեղային բջիջը կարող է զարգացում ապրել»:

Զարուհի Փոստանջյանը վստահեցրեց, որ հրաժարականը Միհրան Պողոսյանի ցանկությամբ ու կամոք չէ. «Թող չթվա, թե Միհրան Պողոսյանը հրաժարական է տվել, որովհետեւ թիրախավորված է եղել: Սա վերաբերվում է բոլորին: Թող հասկանան, որ այդ միտումը շարունակական է լինելու: Այն ավտորիտար ռեժիմները, որոնք առկա են նախկին ԽՍՀՄ երկրներում, այդ ռեժիմներն անկման շրջափուլի մեջ են մտել: Ցուցիչը լինելու է ոչ միայն Միհրան Պողոսյանը, այլ պաշտոնյաներ եւս ընկնելու են դրա տակ: Հերթով լինելու է»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930