Լրահոս
Օրվա լրահոսը

Զղջում է Արամ Հարությունյանի բերանը ջարդելու մասին ասածի համար. «Հրապարակ»

Ապրիլ 20,2016 11:00

Մի քանի օր առաջ գառնեցիները փակել էին մայրուղին՝ պայքարելով Քաղցրաշենի ինքնահոս ոռոգման համակարգի կառուցման դեմ, որով Ազատ գետի ջուրը հասցվելու է Արարատ։ Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ, բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանը մեկնել էր դեպքի վայր՝ զրուցելու հավաքվածների հետ։ Զայրացած բազմությունը, մեղմ ասած, լավ չէր ընդունել նրան։ Ակցիայի տեսանյութից մարդիկ հատկապես առանձնացրել ու հերոսացրել էին մի տարեց մարդու, որն սպառնում էր կոմիտեի նախագահին «խփել», քանի որ «վատ է պահում իրեն»։

Պարզեցինք, որ Արամ Հարությունյանի «բերանը ջարդող» տղամարդը Գառնի գյուղի բնակիչ Արտաշես Գրիգորյանն է։ Վերջինս, պարզվեց, այլեւս չի ցանկանում «ջարդել պետական պաշտոնյայի բերանը» եւ զղջում է իր ասածների համար։

«Ուրեմն, ես ուղղակի պահի տակ հոսանքի տակ ընկա, ես կապված չէի էդտեղի էդ ամեն ինչի հետ, ուղղակի ոգեւորվեցի պահի տակ, անտեղի վիրավորանք տվեցի, որ իսկապես իմ տարիքի մարդուն հեչ հարիր չէր, ես չէի ցանկանում։ Իմ երեխու տարիքի մարդ էր ինքը, ստացվեց ուղղակի պահի տակ։ Ես հույս ունեմ, որ պարոն Հարությունյանը մեծահոգաբար ներողամիտ կլինի, ես էլ, եթե ժամանակի ընթացքում հանդիպեմ նրան, գլխիկոր չեմ անցնի, կխնդրեմ մի լավ բան կատարի մեր Գառնի գյուղի համար։ Ես հույս ունեմ, որ ինքը մեծահոգի մարդ է»,- ասաց նա։

Իսկ խնդիրը ո՞րն է, ինչի՞ց ծագեց վեճը։

– Ասեմ՝ խնդիրը որն էր։ Որ ճիշտն ասեմ՝ դիակ կար մեքենայի մեջ։ Հորաքույրս՝ մահացած, մեքենայի մեջ էր, ու էդ պահին ճանապարհը փակ էր, ես չէի կարողանում հասցնել մորգ։ Ու էդ փակ վիճակը, էդ խժդժությունը-բանը իմ մեջ տեղիք տվեց, էլ չկարողացա ու համբերությունից դուրս եկա։

Այսինքն՝ Դուք ակցիայի մասնակից չե՞ք եղել։

– Չէ, չէ, ես կոնկրետ էղտեղ մասնակից չեմ եղել, ոչ թե դեմ եմ, կողմ եմ, բան, էդ թեման երրորդական թեմա է էս պահին իմ մոտ։ Իմ թեման էն ա, որ ես պարոն Հարությունյանին, կներեք էս բառի համար, «նիզաշտո» տեղը վիրավորեցի։ Իսկապես, իմ տարիքի մարդուն դա չէր սազում։

Հետո, գիտե՞ք ինչն էր էստեղ խնդիրը, ցավդ տանեմ։ Կյանքն ինչ դժվարացել ա, ելնելով ապրելակերպից, հենց որ մի պաշտոնյա է հանդիպում, քիչ ա մնում փրթիկ-փրթիկ անենք էդ մարդուն։ Ուղղակի չստացվեց, էլի, չկարողացա ինձ տիրապետել։

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930