Նոյեմբերի 15-ին Պրահայում տեղի ունեցավ Չեխիայի վերջին տարիների ամենախոշոր հանրահավաքներից մեկը։
Լետնա զբոսայգում, որտեղ 1989-ին հարյուր հազարավոր չեխեր պայքարում էին կոմունիստական իշխանության դեմ, այս անգամ, մոտ 350,000 մարդ էր հավաքվել՝ պաշտպանելու հանրային հեռուստատեսության և ռադիոյի անկախությունը։
Բողոքի պատճառը վարչապետ Անդրեյ Բաբիշի կառավարության ծրագիրն է՝ վերացնել հանրային հեռարձակողների բաժանորդավճարներն ու դրանք ֆինանսավորել պետական բյուջեից։
Իշխանությունը վստահեցնում է, որ խմբագրական անկախությունը չի տուժի, մինչդեռ լրագրողներն ու քաղաքացիական կազմակերպությունները զգուշացնում են քաղաքական վերահսկողության վտանգի մասին։
Կարդացեք նաև
Ֆինանսավորո՞ւմ, թե՞ վերահսկողություն
Չեխիայում հանրային հեռուստատեսությունն ու ռադիոն հիմնականում ֆինանսավորվում են քաղաքացիների և որոշ կազմակերպությունների պարտադիր բաժանորդավճարներից։ Հեռուստատեսության համար ամսական վճարը 150 չեխական կրոն է (մոտ 6,14 եվրո), ռադիոյի համար՝ 55 կրոն (մոտ 2,25 եվրո)։
Այս համակարգը թույլ է տալիս հեռարձակողներին ֆինանսապես համեմատաբար անկախ լինել կառավարության ամենամյա որոշումներից։
Բաբիշի կառավարության առաջարկած փոփոխությունները կարող են հանգեցնել հանրային հեռարձակողների ֆինանսավորման շուրջ 15% կրճատման։ Իշխող կոալիցիան, որի կազմում են նաև ծայրահեղ աջ SPD կուսակցությունն ու «Ավտոմոբիլիստները», պնդում է, որ նպատակն արդյունավետության բարձրացումն ու ծախսերի կրճատումն է։
«Ոչ ոք չի ցանկանում վերահսկել հանրային մեդիան, առավել ևս՝ պետականացնել այն»,- հայտարարել է Բաբիշը։
Քննադատներին, սակայն, մտահոգում է, թե ով և ինչպես է որոշելու հանրային հեռարձակողներին հատկացվող գումարի չափը։ Եթե նրանց բյուջեն ամեն տարի կախված լինի քաղաքական իշխանության որոշումներից, ապա կառավարությունն ազդեցության լրացուցիչ լծակ կստանա։
Պետական բյուջեից ֆինանսավորումն ինքնին քաղաքական ենթակայություն չի նշանակում։ Այդ մոդելը գործում է նաև եվրոպական այլ երկրներում։ Կարևորն այն է, որ ֆինանսավորումը լինի կայուն, իսկ դրա վերաբերյալ որոշումները կախված չլինեն իշխանության քաղաքական շահերից։
Չեխիայի կառավարության ծրագիրն արդեն քննադատել են Եվրոպական հեռարձակողների միությունը, Լրագրողների եվրոպական ֆեդերացիան, «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը և Մամուլի միջազգային ինստիտուտը։
Նոյեմբերի 2-ին հրապարակված համատեղ հայտարարության մեջ եվրոպական լրագրողական կազմակերպությունները շեշտել են, որ հանրային մեդիան պատկանում է քաղաքացիներին, ոչ թե կառավարությանը։
Նրանք զգուշացրել են, որ ֆինանսական կախվածությունը կարող է քաղաքական ճնշման միջոց դառնալ նույնիսկ առանց բացահայտ գրաքննության։
Եվրամիության «Մեդիայի ազատության մասին եվրոպական ակտը» նույնպես անդամ պետություններից պահանջում է ապահովել հանրային հեռարձակողների բավարար ու կանխատեսելի ֆինանսավորումը և խմբագրական անկախությունը։
Ինչպես մեդիան միավորեց քաղաքացիներին
Չեխիայում բողոքի շարժումը սկսվել էր նոյեմբերի 15-ից շաբաթներ առաջ։ Հոկտեմբերին տարբեր քաղաքներում հազարավոր մարդիկ մասնակցել էին ցույցերի։
Հոկտեմբերի 24-ին՝ առավոտյան ժամը 4։36-ին, խորհրդարանի կառավարող մեծամասնությունն առաջին ընթերցմամբ առաջ էր տարել օրինագիծը՝ սահմանափակելով ընդդիմության ելույթների հնարավորությունը։
Այդ ժամը հետագայում դարձել էր բողոքի շարժման խորհրդանիշներից մեկը։
Նոյեմբերի 3-ին հանրային հեռուստատեսության և ռադիոյի աշխատակիցները մեկօրյա գործադուլ էին կազմակերպել։ Իսկ նոյեմբերի 15-ին «Միլիոն ակնթարթ ժողովրդավարության համար» (Milion chvilek pro demokracii) քաղաքացիական նախաձեռնությունը «Այլևս երբեք 4։36» կարգախոսով բազմամարդ ցույց էր կազմակերպել, որին մասնակցել էին համալսարանականներ, արվեստագետներ և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ։
Ցույցը միայն մեդիայի անկախության մասին չէր։ Մասնակիցները դժգոհ էին նաև կառավարության մշակութային, բնապահպանական և այլ քաղաքականություններից, սակայն հանրային հեռարձակողների ապագան դարձել էր բողոքի շարժման առանցքային հարցերից մեկը։
Այսպիսի լայն աջակցությունը որոշ չափով բացատրվում է նաև հանրային հեռարձակողների նկատմամբ վստահությամբ։ Reuters Institute-ի 2026 թվականի զեկույցի համաձայն՝ Չեխիայում լրատվության նկատմամբ ընդհանուր վստահությունը շուրջ մեկ երրորդ է, մինչդեռ հանրային հեռուստատեսությունն ու ռադիոն երկրի ամենավստահելի լրատվամիջոցներից են։
Սա չի նշանակում, թե չեխերը միակարծիք են այդ կառույցների աշխատանքի վերաբերյալ։ Բայց հանրային հեռարձակողները կարողացել են պահպանել այնպիսի հեղինակություն, որ դրանց անկախության հնարավոր սահմանափակումը հասարակության զգալի մասն ընկալում է որպես իր իրավունքներին առնչվող խնդիր։
Հենց սա է Պրահայի ցույցերի առանձնահատկությունը. հանրային մեդիայի անկախությունը պաշտպանում են ոչ միայն լրագրողները, այլև քաղաքացիները։
Տաթև Հովհաննիսյան
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:



















































