Լրահոս
Օրվա լրահոսը

Հարութ Սասունյան. Պետք է պահանջատիրության, իրավական հարցերով զբաղվենք

Ապրիլ 24,2016 15:15

«Մենք երկար տարիներ փորձել ենք ճանաչումը ստանալ, տասնամյակ տարիներ առաջ ճանաչումը կարեւորություն ուներ, որովհետեւ մարդիկ չէին ճանաչում Ցեղասպանությունը, նույնիսկ չէին իմանում, թե հայերն ովքեր են, բայց տասնամյակների ընթացքում պայքարել են եւ բավականին լայն ճանաչում ունի Ցեղասպանությունը»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց Լինսի հիմնադրամի նախկին տնօրեն, «Կալիֆորնիա Կուրիեր» պարբերականի հրատարակիչ Հարութ Սասունյանը:

Նա նկատեց, որ քանի որ հայկական կողմը տարիներով պայքարել է Հայոց ցեղասպանության ճանաչման համար, եւ կարծես թե դա դարձել էր հիմնական նպատակը, նույնիսկ այն պարագայում, երբ դրա կարիքը չկա եւ կարծես ռեսուրսների եւ ժամանակի վատնում է. «Ժամանակը կգա եւ մարդիկ կհասկանան, որ այլեւս պետք չէ ճանաչման գործընթացով զբաղվել, պետք է պահանջատիրության, իրավական հարցերով զբաղվենք, դատարաններ գնանք եւ այլն»:

Նա նկատեց, որ Հայոց ցեղասպանությունը հայ ազգի հետ կատարված ամենամեծ ողբերգությունն է, բայց ըստ նրա, պարզապես ասել, որ ողբերգություն է, կանգնելը ու լացուկոծ անելը ոչ մի բան չի կարող տալ. «Ողբերգություն է, ողբերգությունից պետք է դաս քաղենք, եւ մեկ անգամ ընդմիշտ պետք է որոշենք, որ պետք է ուժեղ լինենք, միանանք՝ սփյուռքը, Հայաստանը եւ Արցախը, զինվենք, որ նույնիսկ որեւէ մեկը չմտածի հարձակվել մեզ վրա: Եվ բոլորն իմանան, եթե հարձակվեն, ապա իրենք ավելի մեծ վնասներով դուր կգան»:

Հարութ Սասունյանը համարում է, որ ե՛ւ Հայաստանը, ե՛ւ սփյուռքը պետք է շարունակեն իրենց պահանջատիրությունը. «Պետք է ամեն առիթով թուրքերին միշտ նեղության մեջ դնենք, որ թուրքերը հասկանան, որ 100 տարի է անցել, մենք չենք մոռացել, մենք չենք էլ թողնում, որ իրենք մոռանան, մենք չենք թողնում, որ աշխարհը մոռանա: Բայց միայն մոռացումը չէ, մենք պետք է նաեւ գործնական քայլեր կատարենք, իրավական քայլեր անենք, որպեսզի դատարանները որոշումներ, վճիռներ կայացնեն, եւ կարողանանք ստանալ ինչ-որ կարող ենք դատարանի միջոցով: Իսկ այն, ինչ որ չենք կարող դատարանի միջոցով ստանալ, մի օր, եթե ուժեղ պետություն լինենք ապագայում եւ աշխարհաքաղաքական այլ իրավիճակ ստեղծվի, կարողանանք զենքի ուժով ստանալ»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930