Լրահոս
Օրվա լրահոսը

«Խաղաղ կարգավորումը չի նշանակում միայն բանակցություններ». Կիրո Մանոյան

Ապրիլ 25,2016 13:14

Հայ Յեղափոխական Դաշնակցության Բյուրոյի Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի տնօրեն Կիրո Մանոյանի մեկնաբանմամբ, քառօրյա պատերազմը մեզ հեռացրեց բանակցություններից:

«Ադրբեջանը ձախողեց ռազմական ճակատում եւ ամեն գնով փորձեց բանակցությունները տապալել, ինչ-որ առումով դա նրան հաջողվեց: Ադրբեջանը փորձում է այսօր ասել, որ զինադադարի ռեժիմը այլեւս 1994 թվականի պայմանագրով չի որոշվում, այլ քառօրյա պատերազմից հետո ձեռք բերված վերջին բանավոր պայմանավորվածությամբ: Ադրբեջանը փորձում է այս կռիվներից հետո ԼՂՀ-ն դուրս գցել հավանական բանակցությունների գործընթացից՝ հայտարարելով, երկկողմանի է պայմանավորվածությունը: Ադրբեջանը դժգոհ է բանակցային գործընթացից, որովհետեւ կարեւոր սկզբունք կա՝ ժողովուրդների ինքնորոշման մասին, դա յուրովի է մեկնաբանում՝ ինքնորոշումը պետք է լինի Ադրբեջանի սահմաններում»,- այսօր «Արմենպրես» ակումբում ասաց Կիրո Մանոյանը:

Ըստ նրա, Ադրբեջանի նպատակը բանակցությունների միջավայրն ու ատյանները փոխելն է, քանի որ դժգոհ է Մինսկի խմբի համանախագահների առաջարկներից. «Խաղաղ կարգավորումը չի նշանակում միայն բանակցությունները, կարող է լինել նաեւ ԼՂՀ անկախության միջազգային ճանաչում:Մոտ ապագայում բանակցություններ պետք չէ ակնկալել, Ադրբեջանը պատերազմով փորձեց դիվանագիտություն վարել, թեեւ այն շարունակություն չունի»:

Անդրադառնալով ԼՂՀ հակամարտության կարգավորման հարցում տարածքների փոխզիջման հավանականությանը, պարոն Մանոյանն ասաց. «Զարմանում եմ, երբ զարմանում եք տարածքների փոխզիջումից: 2009-ից ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հինգ անգամ հայտարարել են՝ միջազգային իրավունքի սկզբունքների հիման վրա ինչ են առաջարկում կողմերին, որոնց մեջ կա նաեւ որոշ տարածքների վերադարձը, որը ՀՀ-ն ընդունում է բանակցությունների հիմք… Դրա մասին կարելի է խոսել բանակցությունների բովանդակության մեջ, բայց երբ բանակցությունները չկան, ուրեմն չկա նաեւ նման հարց»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930