Լրահոս
Օրվա լրահոսը

Հարցականներ՝ ըստ Արա Խզմալյանի

Մայիս 06,2016 15:00

Կամ՝ ուր պետք է նայի մեր թատրոնը՝ հետաքրքիր լինելու համար

Մայիսի 7-ին Էջմիածնի «Մաչանենց» մշակութային կենտրոնում կկայանա թատերագետ Արա Խզմալյանի «Հարցականի ներքո» գրքի շնորհանդեսը: «Առավոտի» հետ զրույցում հեղինակը հայտնեց, որ բեմական արվեստի խնդիրներ արծարծող այս գիրքը բաղկացած է երեք գլխից;

«Առաջինը հենց հիմնական խորագիրն է՝ «Հարցականի ներքո», երկրորդը՝ «Պատմության հարցականներ», որտեղ ընդգրկված են պատմության անդրադարձերը՝ Հակոբ Պարոնյանի թատերական կողմնորոշումները, Շիրվանզադեի բեմական չափանիշները, Վահրամ Փափազյան, Հենրիկ Հովհաննիսյանը՝ որպես թատրոնի պատմաբան: Երրորդ գլխում, որ կրում է «Հարցականի իրավունքով» խորագիրը, մեր ժամանակի բեմական դրսեւորումներն են եւ բեմական արվեստին առնչվող խնդիրները: Առաջին գլխում արծարծված են բեմարվեստի հիմնական փոխակերպումները՝ 19-րդ դարասկզբից սկսած մինչեւ մեր օրերը, ցույց են տրվում, որ շատ ամուր կապեր կան նախկինի եւ ներկայիս բեմական փոխակերպումների միջեւ եւ դա հիմնականում պայմանավորված է երկու սկզբունքներով՝ արվեստի ապամարդկայնացման ընդհանուր միտումներով, ինչը միջազգային երեւույթ է, նկատելի՝ նաեւ մեր իրականությունում, նաեւ բեմական արվեստում տեղի ունեցող կարեւոր ընթացքով, որ պայմանական կոչում ենք մարմնի վերադարձ: Այսինքն՝ ժամանակակից բեմական արվեստում խոսքի տեղատվության, բեմում խոսքային տեղի նեղացման եւ ավելի շատ մարմնի լեզվի գերակշռության մասին է խոսքը: Սա ունի պատմական հիմքեր: Առաջին գլուխը ես ամփոփում եմ պրոբլեմատիկ հոդվածով, որը վերաբերում է այն դիտարկումներին, որոնք արել եմ Երեւանի կինոյի եւ թատրոնի պետական ինստիտուտում որակավորման հանձնաժողովը նախագահելիս, ի՞նչ խնդիրներ եմ տեսել, ինչ եմ առաջարկում»,- ասում է պարոն Խզմալյանը: Նրա համոզմամբ, այսօրվա դերասանը պետք է փայլուն տիրապետի իր զինանոցին, ձայնին, մարմնին, բոլոր ունակություններին, ինչը նշանակում է, որ շեշտը եւ կենտրոնը կրթական մեխանիզմների ու համակարգի, պետք է փոխել ու վերանայել: Մասնագետի դիտարկումներով. «Տեղի է ունենում հոգեբանական թատրոնի անկում, ճգնաժամ, մեջտեղ է գալիս գեղանկարչական թատրոնի գաղափարը… Այսօր էլ առաջնակարգ ներկայացումներում բեմանկարչությունն ունի շատ մեծ տեղ, ու պատահական չէ, որ ավանգարդի խոշորագույն դեմքերը մեծ մասամբ նկարչական կրթություն ունեն, նկարիչներ են: Սա արվեստի ապամարդկայնացման դրսեւորումն է, որ դերասանն ունի հավասարազոր ու համարժեք նշանակություն. ինչպես ցանկացած ատրիբուտ, ցանկացած դետալ բեմական կտավի վրա իր ուրույն տեղն է զբաղեցնում»:

Tatron

Հետաքրքրվեցինք, թե ինչու է գիրքը վերնագրված «Հարցականի ներքո»:
«Ինչու «Հարցականի ներքո», որովհետեւ ես տեսա, որ հարցականի նշանը գերակշռող է, մենք չենք կարողանում լիարժեք գնահատել այն ամենը, ինչ տեղի է ունենում այսօր, եւ ավելի շատ հարցեր ունենք, քան պատասխաններ: Գրքի ամբողջ տրամադրությունը հարցական է: Հայ թատրոնը խայտաբղետ է, բազմազան եւ անկատար իր ամբողջության մեջ, մենք կտեսնենք եւ հոգեբանական ռեալիզմի, եւ աբսուրդի, նույնիսկ սոցռեալիզմի նշաններ: Այս խառնափնթոր իրականության մեջ մենք պետք է կարողանանք նկատել նաեւ այն դրսեւորումները, որոնք եզակի են, բայց կան: Այն ներկայացումները, որոնք փորձել եմ ամրագրել ու հատուկ անդրադառնալ, հենց նրանց թվին են պատկանում, որոնցում, ըստ էության, հայ թատրոնը հաղթահարում է իր գավառական նկարագիրը, որովհետեւ ինչ էլ ասելու լինենք, թատրոնը մնում է մայրաքաղաքային երեւույթ: Դրանք այն ներկայացումներն են, որ բերում են ճաշակ, չափանիշ, ոչ այնքան պրոդուկտ գեղարվեստական, որքան պրոցես, եւ այդ պրոցեսը մեզ շատ բան է հուշում, թե ապագայում ինչպիսի թատրոն պետք է ունենանք, եւ ուր ենք նայելու, որպեսզի մեր թատրոնը լինի հետաքրքիր»,- պատասխանեց Արա Խզմալյանը: Խոսելով ճաշակավոր ու բացառիկ ներկայացումների մասին, թատերագետն անդրադարձավ նաեւ կատակերգություններին, կատակերգակ դերասաններին ու մասնավորապես Վարդան Պետրոսյանի, Նարեկ Դուրյանի, Միքայել Պողոսյանի արվեստին: Արա Խզմալյանի ձեւակերպմամբ, մի տեսակ նախապաշարված վերաբերմունք է ձեւավորվել նրանց հանդեպ, սակայն այն, ինչ անում են այս արտիստները, լրացնում է հումորի եւ զվարճության պակասը, որ կա մեր թատրոնում եւ իրականությունում:

«Կատակերգական ներկայացումները թերապեւտիկ նշանակություն ունեն, ու ես էլ, որպես մասնագետ, չեմ կարող անտարբեր անցնել այս դրսեւորումների կողքով: Պիտի կարողանամ նաեւ դրանք ֆիքսել ու որոշակի բացատրություն տալ: Ինչքանո՞վ է ինձ հաջողվել գրքում լուծել իմ առաջ դրված խնդիրները, երեւի ընթերցողը կդատի»,- ասում է մասնագետը:

 

ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
05.05.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031