Լրահոս
Օրվա լրահոսը

Լրագրողի բաց նամակը Սերժ Սարգսյանին

Հունիս 01,2016 21:30

Տավուշի մարզի Բաղանիս գյուղում ծնված լրագրող Աննա Սահակյանը մեր կայքի միջոցով բաց նամակով դիմել է երկրի նախագահին, ուր ասվում է. «Ոչ միայն հունիսի 1-ը,այլ ամբողջ տարին պիտի տոն լինի մանուկների համար: Բայց շատ մանուկների վիճակված է մեծանալ մանկատներում, առանց ծնողական խնամքի: Մեր ազգը փոքրաթիվ է. չեմ կարծում,որ կառավարությունը չի կարող յուրաքանչյուր երեխայի հատկացնել իրեն հասանելիք անկյունը: Ես եւ քույրս ՝ Լուսինեն  մեծացանք առանց ծնողական խնամքի,մորս ծնողների՝պապիս ու տատիս խնամակալությամբ՝ սահմանամերձ Բաղանիսում: Ճիշտ է՝ ինձ ու քրոջս չեմ համարել շրջապատի կողմից անտեսված երեխաներ, մեզ միշտ սիրով են շրջապատել,ստացել ենք խնամք,դաստիարակություն,կրթություն: Մենք հաշվառվեցինք պետական ծրագրով բնակարանային հերթագրման ցուցակում: 2007 թ-ից մինչև 2015 թ.-ի դեկտեմբեր,մինչ այն օրը,երբ իմ անունը հանեցին բնակարանային հաշվառումից, ամեն օր հույս էին տալիս ,որ բնակարանի հարցը կլուծվի,երբ հերթը մեզ հասնի:

Մեջբերում կատարեմ օրենք- որոշումներից,որոնց համաձայն մեզ հաշվառել էին: 18 տարին լրացած՝ առանց ծնողական խնամքի մնացած երեխաները,որոնք չունեն սեփականության կամ օգտագործման իրավունքով իրենց պատկանող բնակելի տարածություն եւ վերջին 5 տարիների ընթացքում չեն օտարել սեփականության իրավունքով իրենց պատկանող բնակելի տարածությունը,իրավունք ունեն ստանալու նվազագույն սոցիալական չափորոշիչներին համապատասխան բնակելի տարածություն: 2.Բնակելի տարածություն չունեցող՝առանց ծնողական խնամքի մնացած երեխաներին բնակտարածությունը տրվում է արտահերթ, ՀՀ կառավարության լիազորված պետական կառավարման մարմնի կողմից: 3.Առանց ծնողական խնամքի մնացած երեխաներին բնակարան տրամադրելու կարգը սահմանում է ՀՀ կառավարությունը:(9-րդ հոդված,փոփ. 26.04.04 ՀՕ-69 –Ն,14.12.04 ՀՕ-39-Ն օրենքներ): Հաշվառվել ենք 2005 թ-ին, Տավուշի մարզպետարանի կողմից, այն ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության կողմից հաստատվել է 2007 թ.-ին: Ես ու քույրս անշարժ գույքի սեփականություն չենք ունեցել և չունենք,դա նույնպես հաշվի է առնվել:

Համալսարանում հեռակա սովորելուն զուգահեռ թղթակցություններ եմ ուղարկել տարբեր թերթեր,այդ թվում՝ «Հայ զինվորին» եւ «Հայաստանի Հանրապետությանը» :2010 թ.-ից Հայաստանի ժուռնալիստների միության անդամ եմ: Իմ ստեղծագործական աշխատանքը շարունակվեց Երեւանում,սակայն ես ինձ միշտ համարելու եմ Բաղանիս գյուղի զավակ ,կապ չունի,որ ես ու քույրս բացի հաշվառումը, ոչինչ չունենք գյուղում:Մեզ հիշում են այն ժամանակ,երբ գյուղում ընտրություններ են լինում ,երբ մեր ձայնի կարիքն ունեն,մնացած դեպքում պատճառաբանում են ,որ գրանցում չունենք,պապիս տանը սեփականության իրավունք չունենք ու չենք կարող ոչ մի օգնությունից օգտվել:

Բազմիցս դիմել եմ սոցապ նախարարություն, ընդունելության եմ եղել նախարար Արտեմ Ասատրյանի մոտ, բայց հարցն այլ տարբերակով են փորձել լուծել:Առաջարկվել է կացարան Մարալիկում,մեկ անգամ էլ ՝ Թբիլիսյան խճուղում, հրաժարվել եմ: ՀՀ նախագահի տիկին Ռիտա Սարգսյանի հետ հանդիպում ունեցա, ներկայացրեցի խնդիրը,նա նախարարի հետ զրուցել է, նախարարը խոստացել էր խնդրին լուծում տալ:Ես հաշվառված եմ Մալաթիա -Սեբաստիայի սոցիալական ծառայությունում,որտեղից ստուգող հանձնաժողով էր ուղարկվել այն բնակարանը,որտեղ վարձով բնակվում էի: Փոխնախարար Ջեմմա Բաղդասարյանն ինձ տեղեկացրեց,որ այլ տարբերակ չունեմ,պիտի ընդունեմ Թբիլիսյան խճուղում տրամադրվող մեկ սենյականոց կացարանը,որը տրամադրվելու էր 5 տարի ժամանակով,պայմանագրով,որից հետո պարտավոր էի լքել սենյակը:Նա նաև նշեց,որ հազիվ այդ մի սենյակը կարողացել են հարմարեցնել:Ես միանգամից հրաժարվեցի ու պատճառը գրավոր ներկայացրեցի նախարար Ասատրյանին:

Բազմաթիվ դիմումներ եմ ուղարկել նախագահին,վարչապետին,անգամ՝ Վեհափառ Հայրապետին, բոլոր դիմումները մակագրվել են նախարար Ասատրյանին:Երկրորդ անգամ հրաժարվելուց հետո ինձ հանեցին հաշվառումից, նախագահի օգնական Աբելյանի անունից ինձ փոխանցեցին,որ իրենք ճշտել են Բաղանիսի համայնքապետից,ինչպես նաեւ՝ Տավուշի մարզպետարանից,որ ես ու քույրս գրանցված ենք պապիս տանը: Այդ ո՞նց եղավ՝ երբ հարցը մեր բնակարանային հաշվառմանն է վերաբերվում,մենք իբր Բաղանիսում գրանցված ենք ու չի հասնում,իսկ երբ հարցը գյուղին տրվող օգնություններին է վերաբերվում,այդ թվում՝ ընտանեկան նպաստին՝ մենք գյուղում գրանցված չենք: Սխալ տեղեկությունը չգիտեմ ինչպես էր նախագահական հասել,բայց այն,որ ես ու քույրս ոչ մի սեփականության իրավունք չունենք, գիտեն բոլորը,այլապես մեզ տարիներ առաջ չէին հաշվառի: Համոզված եմ,որ իմ ոչ մի դիմում նախագահին չի հասել, երկրի նախագահը տեղյակ չի եղել, որ ես դիմումներ եմ ներկայացրել: 2015 -ին մամուլի շենքում նախագահը միջոցառման էր մասնակցում,դիմումս փոխանցեցի նրա օգնականին,խնդրելով,որ հնարավորության դեպքում անձամբ փոխանցել,մինչդեռ գործընկերներս հորդորում էին ամոթը մի կողմ դնել ու մոտենալ նախագահին:Ես ինձ թույլ չեմ տվել նման առիթների ժամանակ մոտենալ նախագահին, հաշվի առնելով ,որ լրագրող եմ ,նաեւ հավատացել եմ ,որ հարցին լուծում կտրվի: Դավիթ Հարությունյանն այս հարցով դիմել էր նախարար Ասատրյանին, դարձյալ պատասխանել էին,որ Աննան 2 անգամ  հրաժարվել է եւ դուրս մնացել հաշվառումից: Ես գրել եմ թե ինչու եմ հրաժարվել Մարալիկում առաջարկվող կացարանից:Նախ, իմ աշխատանքը Երևանում է,բացի այդ, չեմ ընդունում ժամանակավոր կացարան ոչ Մարալիկում,ոչ՝ Թբիլիսյան խճուղում: Ի՞նչ է նշանակում 5 տարվա պայմանագիր կնքի,ապրիր ու 5 տարի հետո լքիր կացարանը: 27 տարեկան եմ,բայց իմ իրավունքների համար ամաչում եմ պայքարել:

Մեծարգո նախագահ, պատահական չեմ ընտրել հունիսի 1-ը: Ուզում եմ՝ այս օրվանից վերջ դրվեն երեխաների իրավունքների խախտումներին: Վաղուց մանուկ չեմ,բայց երբ ինձ հաշվառել են, անչափահաս եմ եղել: Այսօր խոսում եմ իմ խնդրի մասին, բայց չէ որ կան ուրիշներ, որոնք նույն բախտին են արժանացել: Դուք այն ղեկավարն եք,ում խոսքը հարգում եմ: Կարծում,որ դուք տեղեկանալով,որ մեր բնակարանի հարցը մնացել է օդում կախված,ավելին՝ հաշվառումից դուրս եմ մնացել, հարցին լուծում կտաք: Նշեմ ,որ քույրս՝ Լուսինեն հաշվառումից դուրս չի մնացել,քանի ցուցակում մեզնից ես եմ առաջինը եղել ու 2 անգամ հրաժարվել կացարանից»:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930