Լրահոս
Օրվա լրահոսը

Պատվարը փլուզված ՀԷԿ-ի սեփականատերը ԱԺ ընդդիմադիր պատգամավորի որդին է (ֆոտոշարք)

Հունիս 10,2016 19:22

Հունիսի 10-ի կեսգիշերին Իջեւանի տարածաշրջանի «Բենտոնիտ» գործարանի մոտ փլուզվել է «Քարավարտ» ՍՊԸ-ի ՀԷԿ-ի պատնեշը, որի հետեւանքով զոհվել է այդ ընկերության աշխատող, Իջեւանի տարածաշրջանի Դիտավան գյուղի բնակիչ, 1973թ. ծնված Վարուժան Գաբրիելյանը:

«Քարավարտ»_1 «Քարավարտ»_3

Նրա դին Աղստեւ գետում հայտնաբերվել է առավոտյան ժամը 9-ի սահմաններում, ՀԷԿ-ից բավական հեռու: Դիտավան համայնքի ղեկավար Հակոբ Սարիբեկյանն ասաց, որ ինքը՝ համագյուղացիների հետ, փրկարարների պահանջով գիշերը դադարեցրել է Վ. Գաբրիելյանի որոնումները: Նա խոսքերով՝ վարարած Աղստեւ գետով հսկայական քանակի ջուր էր հոսում: Գյուղապետը Վարուժան Գաբրիելյանի մարմինը գետից հանելու գործում շեշտեց Հայաստանի փրկարար ծառայության Դիլիջանի հրշեջ-փրկարարական ջոկատի հրամանատար, փոխգնդապետ Կորյուն Փիրումյանի դերը, ով համարձակ գործողություններ է կատարել:

Հակոբ Սարիբեկյանը նշեց, որ դիտավանցու դին հայտնաբերել են Այգեհովիտ գյուղի տարածքում, Ադրբեջանի սահմանից մոտ 500 մ հեռավորությամբ: Նա ասաց, որ Վարուժան Գաբրիելյանը մի տղա եւ մի աղջիկ ունի, տղան հիմա գտնվում է Ռուսաստանում, շուտով կվերադառնա Դիտավան: Ընտանիքի սոցիալական վիճակի մասին հարցին ի պատասխան գյուղապետն ասաց, որ սոցիալապես ապահով ընտանիքի անդամը  ՀԷԿ-ում աշխատելու չէր գնա:

Նա ասաց, որ «Քարավարտ» ՍՊԸ-ն  ՀԷԿ-ի աշխատանքի հետ կապված Դիտավանի գյուղապետարանի հետ 3 տարի առաջ պայմանագիր է կնքել, սակայն 10 օր առաջ է սկսել ՀԷԿ-ը գործարկել:

Իջեւան քաղաքում, մի քանի աղբյուրներից տեղեկացանք, որ հիշյալ  ՀԷԿ-ը փաստացի պատկանում է  ընդդիմադիր «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ, ԱԺ պատգամավոր Խաչիկ Քոքոբելյանին, ով ծնունդով Աչաջուր գյուղից է: Դիտավանի գյուղապետն ասաց, որ «Քարավարտ» ընկերության տնօրենի անունը Արթուր է, իր տվյալներով՝ ընկերությունը գրանցված է Արթիկում: Հ. Սարիբեկյանի խոսքերով՝ ասում են, որ ՀԷԿ-ի տերը Խաչիկ Քոքոբելյանն է, սակայն ինքը չգիտի՝ նա սեփականատե՞ր է, թե՝ ոչ:

Ըստ պետական ռեգիստրի, ՀԷԿ-ը պատկանում է ԱԺ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանի որդուն՝ Սեւադա Քոքոբելյանին։

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930