Լրահոս
Օրվա լրահոսը

Գաղափարախոսական, քաղաքական առումներով էլ չկան այնպիսի ընդհանրություններ, որ գրավիչ լինեն ԵԱՏՄ մասնակից կողմերի համար. Արմեն Զաքարյան. «Հրապարակ»

Հուլիս 12,2016 10:29

Հարցազրույց Եվրոպայի խորհրդի Քաղաքական դասընթացների երեւանյան դպրոցի տնօրեն Արմեն Զաքարյանի հետ

– Հայաստանում քաղաքական-հասարակական շրջանակներում կան կուսակցություններ, անհատներ, որոնք բողոքում են ԵՏՄ-ի դեմ, պահանջում, որ ՀՀ-ն դուրս գա ԵՏՄ-ից, սակայն ԱԺ-ում մեծ մասը կողմ քվեարկեց ՀՕՊ-ի ընդունմանը։ ՀՀ-ն կարո՞ղ Է թույլ տալ իրեն ԵՏՄ-ից դուրս գալու շքեղությունը։

– Նախ, եթե թույլ տաք, ես կօգտագործեմ ոչ թե ԵՏՄ, այլ ԵԱՏՄ հապավումը, որովհետեւ նրա բովանդակության մեջ Ասիան անհամեմատ ծանրակշիռ ներկայություն է, եւ, բացի աշխարհագրությունից, այնտեղ որեւէ այլ եվրոպական հատկանիշ չկա։ Այս միության անդամ են ասիական ստեպների հնաբնակներ ղրղզներն ու ղազախները, որոնց նկատմամբ մարդկային ամենախորն ակնածանքով հանդերձ, պետք է նկատենք, որ նրանց հետ քաղաքական իղձերի ու պատմամշակութային արմատներից ձեւավորված կերպի առումով շատ սահմանափակ ընդհանրությունների կրողն ենք։ Արձանագրենք նաեւ, որ այս հանգամանքն ընդգծողն իր գործունեությամբ առաջին հերթին Նուրսուլթան Նազարբաեւն է։

Այնտեղ է Եվրոպայի տարածքի ամենաիզգոյական ռեժիմի պարագլուխ Լուկաշենկոն, ու հուսամ՝ սրա կողքին գտնվելը Հայաստանի քաղաքացիների բնական ընտրության արդյունք չէ։

Մնում է Ռուսաստանը, որին Հայաստանն ապավինում է ամբողջությամբ՝ իր տնտեսության զարգացման, քաղաքական կենսունակության, իրական անվտանգության ու պաշտպանվածության, ապահով ապագայի հույսերով։ Սակայն ԵԱՏՄ-ի կազմում Ռուսաստանի հետ Հայաստանի փոխհարաբերություններն անիմաստորեն ծանրաբեռնվում են Ադրբեջանի օգտին Նազարբաեւի լոբբինգներով, Լուկաշենկոյի՝ Հայաստանի հաշվին Թուրքիայից ու Ադրբեջանից փայ փախցնելու հաջողակ ձեռնարկումներով։

ԵԱՏՄ-ն Ռուսաստանի նորահայտ ամբիցիան է, որը Կրեմլը դիտարկում է իբրեւ ստրատեգիական բովանդակություն ունեցող։ Այն կենսունակ ու գործուն կառույց դարձնելը բավականին բարդ է լինելու, որովհետեւ Ռուսաստանի տնտեսությունը կարծես չի ուրվագծում «հաջողության պատմության» հեռանկար։ Իսկ տնտեսության ընթացիկ վիճակի եւ նավթի գների երկարաժամկետ անփոփոխությունը ռուսաստանյան տնտեսության համար նոր մարտահրավերներ է խոստանում՝ մանավանդ Արեւմուտքի հետ շարունակվող դիմակայության պայմաններում։

Գաղափարախոսական, քաղաքական առումներով էլ չկան այնպիսի ընդհանրություններ, որ գրավիչ լինեն ԵԱՏՄ մասնակից կողմերի համար, գոնե ապրիլյան պատերազմը դրա ցցուն վկայությունը դարձավ, երբ անդամ երկրները, իրենց ֆորմալ դաշնակից Հայաստանին աջակցելու փոխարեն, ավելի նպատակահարմար համարեցին նրան բոյկոտելը։

Հետեւաբար, Հայաստանի ձգտումները, մանավանդ տակտիկական դրսեւորումների մեջ, հստակորեն պետք է նպատակաուղղված լինեն Հայաստան-Ռուսաստան փոխհարաբերություններն անիմաստություններով չծանրաբեռնելուն, որովհետեւ հայտնի չէ, թե այն, ինչ համարվում է ԵԱՏՄ, ինչ ապագա կունենա։ Իսկ եթե Հայաստանն իր կամքից անկախ հայտնվում է գեոստրատեգիկ զարգացումների տիրույթում, ապա անպայման պետք

է փորձի դրանից առավելագույնը ստանալ։

Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031