Լրահոս
Օրվա լրահոսը

Հայկ Մարտիրոսյան. «ՆԱՏՕ-ն ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը»

Հուլիս 12,2016 16:49

ՆԱՏՕ-ի ռազմավարությունը շարունակվում է հիմնվել հին մոդելի վրա՝ հակամարտության մեջ մտնել Ռուսաստանի հետ, փոխարենը միավորման եւ Արեւմտյան քաղաքակրթության լրջագույն սպառնալիքի դեմ պայքարելը: Սրանք քաղաքագիտության դոկտոր Հայկ Մարտիրոսյանի դիտարկումներն են, որոնք այսօր նա բարձրաձայնեց Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտում կազմակերպված՝ «ՆԱՏՕ-ի վարշավյան գագաթնաժողովի հետքերով. ի՞նչ սպասել հետո» թեմայով քննարկման ժամանակ:

Փորձագետը ՆԱՏՕ- ՌԴ հակասության մեջ 100 տոկոսով բացառելի է համարում այնպիսի սցենար, երբ ՌԴ-ն կհարձակվի ՆԱՏՕ-ի անդամ որեւէ երկրի վրա եւ հակառակը. «Սրանք ֆանտաստիկ սցենարներ են, չգիտեմ ինչու` դրվում են այնուամենայնիվ մեծ քաղաքականության հիմքում եւ շեղում կարևոր խնդիրների բուն թեմայից: Ակնհայտորեն 5-րդ հոդվածը ՆԱՏՕ-ի դաշնագրի ենթադրում է, որ հարձակում ՆԱՏՕ որևէ անդամ երկրի վրա ենթադրում է հարձակում յուրաքանչյուր երկրի վրա: Սա ահռելի ուժ է, որին ՌԴ-ն ունենալով հսկայական ռազմական մեքենա, որևէ պարագայում չի կարող դիմակայել: Մյուս կողմից էլ, ՆԱՏՕ-ն հասկանում է, եթե հարձակվի ՌԴ-ի դեմ, չի բացառվում, որ կլինի լրջագույն պատերազմ, շատ ավելի մեծ, քան այն համաշխարհային պատերազմներն են եղել, որոնք տեսել ենք»:

Նա գտնում է, որ այս պարագայում պետք է պարզապես զսպման մեխանիզմներ լինեն, այն պարագայում, երբ աշխարհում կա ավելի մեծ մարտահրավերներ՝ իսլամիզմի տարածումը. «Սա հիմնական խնդիրն է, որը կանգնած է Արևմուտքի առջև, նաև Միացյալ նահանգների ներսում տեսնում ենք իսլամական հարձակումներ, և սրա դեմ հնարավոր չէ պայքարել երկրի ներսում, առանց արմատներին մոտենալու»:

Այս համատեքստում, քաղաքագետը Վարշավայի գագաթաժողովում կայացրած որոշումը՝ ՆԱՏՕ անդամ երկրների ՀՆԱ-ի 3 տոկոսի տրամադրումը ռազմական ծախսերի ավելացմանը, ավելորդ է. «Այդ ֆինանսական միջոցները կարելի է ուղղել Մերձավոր և Միջին արևելքի կայունացմանը, միգրանտների ներհոսքը կասեցնելուն, որոնք մի օր պայթեցնելու են ներսից թե Եվրոպան, թե լրջագույն վնաս են պատճառելու նաև ԱՄՆ-ին: Փաստորեն գործ ունենք անհասկանալի գործընթացի հետ. թե ՌԴ-ն, թե ՆԱՏՕ-ն գնում են ավելորդ և որևէ մեկին օգուտ չտվող հակամարտության, փոխարեն միջազգային մարտահրավերներին համատեղ դիմակայելու»:

Հայկ Մարտիրոսյանը բավական ուշագրավ դիտարկումներ արեց նաեւ ՆԱՏՕ-ի գագաթաժողովում ընդունված Կոմյունիկեում առկա ԼՂ խնդրին առնչվող դրույթներին: Դրանցում թեև ԼՂ խնդրին բառացի հղում չկա, բայց փորձագետը կարծում է, որ ՆԱՏՕ-ն ճանաչում է նախկին խորհրդային երկրների, մասնավորապես ՀՀ-ի, Ադրբեջանի , Վրաստանի, տարածքային ամբողջականությունը, անկախության իրավունքն ու սուվերենությունը. «Ինչն էլ նշանակում է, որ ՆԱՏՕ-ն ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, որն էլ ցույց է տալիս քաղաքական կողմնորոշում: Լավ կլիներ ՆԱՏՕ-ն ընդհանրապես ձեռնպահ մնար նման լարված խնդրում, քանի որ կասկածներ կան, որ ՌԴ-ն ընտրում է կողմերից մեկին»:

Անդրադառնալով խոսակցություններին, թե ՌԴ-ի իշխանության կուլիսներում որոշակի ծրագրեր կան հայ-ադրբեջանական ռազմական նոր էսկալացիայից հետո շփման նոր գծում տեղակայել ռուսական խաղաղարար ուժեր, քաղաքագետը կարծիք հայտնեց. «Կարելի է հուսալ, որ Միացյալ նահանգների դերը կարող է ավելանալ և պատերազմին ՀՀ-ի համար ոչ ձեռնտու սցենարը կարող է որոշակի շեղումներ ունենալ: Միակ բանը այս հակասությունից դա այն է, որ կարող է ստեղծվել հավասարակշռություն, որի արդյունքները ինչ-որ դրական ազդեցություն կարող են ունենալ հայկական ուժերի, նաեւ ինչ-որ դրական առումով ԼՂՀ խնդրի հետագա զարգացման վրա»:

Իսկ այն, որ Վրաստանի անդամակցությունը ՆԱՏՕ-ին հետաձգվեց, Հայկ Մարտիրոսյանը դրական է համարում, քանի որ այդպիսով տարածաշրջանում լարվածութուն չի առաջանա:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031