Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ-ԻԻՀ համագործակցությունը Իրանի միջուկային համաձայնագրից մեկ տարի անց

Հուլիս 15,2016 17:39

Ուղիղ մեկ տարի առաջ՝ 2015 թ. հուլիսի 14-ին Իրանը կնքեց միջուկային ծրագրի շուրջ համաձայնագիրը՝ հիմք դնելով տարածաշրջանային ոգևորության ու արևմուտքի հետ հարաբերությունների բարելավմանը: ՀՀ քաղաքագետներից շատերը ոգևորությամբ ակնկալում էին Իրան-Հայաստան հարաբերությունների կտրուկ աճ: Մեկ տարի անց կարիք կա հասկանալու, թե արդյոք արևմտյան պատժամիջոցների վերացումը զգալիորեն զարգացրել է ԻԻՀ-ՀՀ համագործակցությունը:

Հայաստան-Իրան տնտեսական հարաբերություններ. 2015 թ.-ին Հայաստան-Իրան առևտուրը մոտ 4% նվազել է: ՀՀ-Իրան առևտրի 2016-ի առաջին եռամսյակի ցուցանիշները նախորդ տարվա համեմատ 10 միլիոն դոլարով պակաս են: Փաստացի նվազող ՀՀ-Իրան տնտեսական հարաբերությունները զարգացնելու նպատակով Երևանը նախաձեռնեց Իրանի և Եվրասիական տնտեսական միության միջև ազատ առևտրի գոտու ստեղծման մասին բանակցությունները: Իրանի հետ ազատ գոտին պետք է երկու հիմնական օգուտ բերի Հայաստանին՝ նվազեցնի ներմուծվող իրանական ապրանքների գները և Հայաստանը դարձնի տրանզիտային երկիր: Ազատ գոտին, որը նախատեսվում է ստեղծել հաջորդ տարվանից, այդուհանդերձ, Հայաստանը չի դարձնի տարանցիկ երկիր, այլ միայն կնպաստի Իրանական ապրանքների գնի իջեցմանը ՀՀ-ում:

Հայաստանը որպես կապող օղակ. Անցած մեկ տարվա ընթացքում բազմիցս հնչել են ՀՀ-ն Իրանից դեպի ԵՏՄ և ԵՄ տանող տարանցիկ երկիր դարձնելու անհրաժեշտությունը: Այդուհանդերձ մեկ տարի անց Հայաստանն այս հարցում որևէ առաջընթացի չի հանգել, քանի որ Ռուսաստանի և Ղազախստանի հետ Իրանն ունի ծովային սահման, մինչդեռ Հայաստանը ԵՏՄ երկրներին կապող Վերին Լարսի ճանապարհը շատ ավելի դժվարանցանելի է: Մյուս կողմից՝ Ադրբեջանը և Իրանը արդեն ունեն համաձայնագիր, ըստ որի ադրբեջանական երկաթուղին պիտի կապի Իրանը Վրաստանի և այնուհետև ԵՄ-ի հետ (երկաթուղու այդ հատվածը կառուցվում է ռուսական ներդրումներով):

Ավելին՝ ի տարբերություն Հայաստանի, Ադրբեջանը անցած ամիսներին պարբերաբար եռակողմ հանդիպումներ է ձեռնարկում Կրեմլի և Թեհրանի հետ: Հաջորդ ամիս նախատեսվում է եռակողմ հանդիպում Բաքվում երեք երկրների նախագահների միջև, որը, ըստ ամենայնի, կավարտվի համաձայնության ձեռքբերմամբ՝ Ադրբեջանը դարձնելով Հյուսիս-Հարավ էներգետիկ և առևտրային հիմնական տարանցիկ ճանապարհը:

Լեռնային Ղարաբաղն ու Իրանը. Վերջին երկու տասնամյակների ընթացքում հայկական կողմը, հաշվի առնելով Իրան-Ադրբեջան հակասությունները և Բաքվի տարածքային նկրտումները իրանական Ազարբայջան նահանգի հանդեպ, համարել է, որ Թեհրանն ունի պրո-հայկական դիրքորոշում Ղարաբաղյան հակամարտության հարցում: Այդուհանդերձ անցած տարվա ընթացքում Բաքուն ակտիվորեն փորձում է փոխել այս մոդելը՝ ձեռնարկելով Կրեմլի և Թեհրանի հետ բանակցություններ հակամարտության վերաբերյալ: Այսպես, օրինակ, ապրիլին արտգործնախարարների մակարդակով Թեհրանում կայացած հանդիպման ընթացքում քննարկվել էր Ղարաբաղյան հակամարտությունը:

Ավելին՝ 2016 թ. փետրվարին Իրանի և Ադրբեջանի միջև կնքված «Խուդաֆերին» և «Գըզ Գալասի» ջրային հանգույցների համատեղ շահագործման վերաբերյալ համաձայնագիրը ընդգծվում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը վերականգնելու անհրաժեշտությունը: Ուշագրավ է, որ Արաքսի վրա ջրային հանգույցներ կառուցելու Հայաստան-Իրան համաձայնագիրը դադարեցվել էր 2009 թ., իսկ այժմ նույն ծրագիրն իրականացվում է, բայց այս անգամ արդեն Ադրբեջանի հետ՝ հիմնվելով ադրբեջանական տարածքային ամբողջականության հիման վրա:

Դրական փոփոխություննե՞ր. Հայաստան-Իրան հարաբերություններում անցած տարվա ընթացքում կան նաև որոշակի դրական ձեռքբերումներ: Այսպես, օրինակ, տնտեսական հարաբերությունները զարգացնելու համար կողմերը պայմանավորվել են վերացնել մուտքի արտոնագրերը: Սա որոշակի դրական քայլ է ՀՀ զբոսաշրջությունը զարգացնելու ուղղությամբ:

Այդուհանդերձ, փաստացի Հայաստան-Իրան առևտուրը նվազում է, Հայաստանը դուրս է մնում տարածաշրջանային տրանսպորտային պայմանագրերից, Իրան-Ադրբեջան հարաբերությունները զարգանում են, ինչը բնականաբար ՀՀ օգտին չէ: Ավելին՝ ձևավորվում է ՌԴ-Իրան-Ադրբեջան համագործակցության նոր մոդել, որը էլ ավելի վնասակար է ՀՀ տնտեսական և ռազմական անվտանգության համար:

Աննա Փամբուխյան,

«Իրազեկ քաղաքացիների միավորում»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031