Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե Պուտինի կողմից ըմբռնում կա՝ ուրիշ բան, եթե ոչ, Սարգսյանը պիտի վերադառնա ու դիմի ժողովրդին». Արա Պապյան

Օգոստոս 10,2016 12:54

«Ես Սարգսյան-Պուտին հանդիպումից ակնկալիք չունեմ: Եթե մեզ հաջողվի խուսափել կազանյան փաստաթղթի պարտադրումից, իսկ այդ պարտադրումը վերջնականապես կպայթեցնի ներքին իրավիճակը, ես վստահաբար կարող եմ ասել, որ եթե այդ փաստաթուղթը նորից շրջանառության մեջ մտնի, այն ցույցերն ու ելույթները, ինչ մենք տեսանք, պարզապես խաղ կթվան այն ցույցերի հետ, ինչ սպասվում է Հայաստանին»,- այսօր «Հայելի» ակումբում ասաց «Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանը:

Նա ասաց, որ Արցախի հարցում համազգային միասնական դիրքրոշում կա, մենք հասկանում ենք, որ դա միայն Արցախի հարցը չի, հայ ժողովրդի գոյատեւման հարցն է: Նման տարածքների զիջումը հանգեցնելու է ամբողջ Արցախի կորստին, հետո էլ՝ Զանգեզուր եւ այլն:

Արա Պապյանը վստահ է, որ չնայած պաշտոնական հաղորդագրության մեջ չկար նման բան, բայց ակնհայտ է, որ Էրդողանի հետ քննարկվել է նաեւ Ղարաբաղի հարցը. «Մենք գիտենք նաեւ ընդհանուր մտայնությունը՝ տարածքներ՝ ինչ-որ բանի դիմաց: Մեր ամբողջ քաղաքականությունը խարսխված էր այն մտայնության վրա, թե Ադրբեջանը երբեք չի համաձայնի դրան ու համաձայն ենք տարածքներ տալ: Բայց երբ դու ասում ես՝ ես համաձայն եմ տալու, դա  ընկալվում է, որ արդեն այս մեկը կա, դու արդեն զիջել ես, մնում է դա իրականացնել: Իսկ Ադրբեջանը սկզբունքային իր դիրքը պահել է: Այն բոլոր հայտարարությունները, որ մենք պատրաստ ենք տարածքներ տալու, եղել է գավառական խորամանկություն՝ իբր թե, որ մենք մի բան կասենք, մի ուրիշ բան կանենք՝ առանց հասկանալու, որ  միջպետական հարաբերություններում եւ դիվանագիտության մեջ ամեն մի հայտարարություն ունենալու է հետեւանքներ»:

Ըստ Պապյանի՝ Պուտինի հետ հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը պետք է կարողանա նրան հասկացնել, որ մեր այսօրվա ներքաղաքական վիճակը տարածքներ հանձնելու պատրաստ չէ. «Վստահ չեմ, որ կգա մի ժամանակ, որ որեւէ նախագահ  կկարողանա հանդես գալ հողեր հանձնողի կարգավիճակով: Եթե Պուտինի կողմից ըմբռնում կա՝ ուրիշ բան, եթե ոչ, Սարգսյանը պիտի վերադառնա ու դիմի ժողովրդին եւ ասի՝ հայրենիքը վտանգի մեջ է, եկեք միասին որոշենք՝ ինչ ենք անում: Եթե պետք է ՝ պիտի հրաժարական տա: Այսօր երկրի ճակատագրի հարցն է լուծվում»:

Արա Պապյանը նշեց, որ Սերժ Սարգսյանն այս քաղաքականության հիմնադիրը չի, ժառանգել է սա. «Նրանք, որոնք այն վարում էին, մի փոքր ազնիվ չէին, գիտեին, որ ժամանակի ռեսուրս ունեն, եւ իրենց օրոք դա չի լինի: Հիմա եկել հասել է Սարգսյանին, նա սպառել է բոլոր ժամանակի ռեսուրսները»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031