Լրահոս
Օրվա լրահոսը

ԼՂՀ Սահմանադրության հայեցակարգը Հրայր Թովմասյա՞նն է գրել

Սեպտեմբեր 05,2016 15:30

ԼՂՀ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանի մտահոգությունները`
ԼՂՀ Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի շուրջ

– Հրապարակվել է ԼՂՀ Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը, այն ենթադրում է ուժեղ նախագահական համակարգ: Նախ՝ շատ շահարկվեց այդ բարեփոխումների անհրաժեշտ լինել-չլինելու հարցը: Ի՞նչ դիտարկումներ ունեք:

– 2006թ. ընդունվեց Արցախի Սահմանադրությունը, եւ անցումային դրույթներով սահմանվեց օրենսդրությունը Սահմանադրությանը համապատասխանեցնելու պահանջ: Բայց մի շարք օրենքներ այդպես էլ չընդունվեցին: Խոսքն առաջին հերթին Քաղաքացիության, Հավաքների ազատության, Արտակարգ դրության, Ռազմական դրության, Ստեփանակերտ քաղաքի մասին օրենքներին է վերաբերում: …Կարծում եմ՝ Արցախում սահմանադրական բարեփոխումների խնդիրը օրակարգային դարձավ, երբ Հայաստանում նոր Սահմանադրություն ընդունվեց: Նախապես մոտեցումն այն էր, որ պետական կյանքի կազմակերպման հիմնարար սկզբունքների նույնականությունը պետք է պահպանվի: Ինչո՞ւ ընտրվեց այլ տարբերակ՝ չեմ կարող ասել, իրազեկված չեմ, բայց հիմնավորումներն ինձ համոզիչ չեն թվում:

– Ուշագրավ է, որ ԼՂՀ ԱԺ խորհրդարանում ներկայացված քաղաքական ուժերի ներկայացուցիչները մշտապես կողմ էին արտահայտվել խորհրդարանական կառավարման համակարգին, բայց հիմա, բավական անակնկալ ձեւով, որեւէ փոփոխություն չի առաջարկվել, ու ստացվում է, որ նրանք էլ նախաձեռնել են այս փոփոխությունները: Սա հիմք է տալիս այն ենթադրությունների հաստատման, որ այս բարեփոխումները արհեստածին են եւ միտված են իշխանությունների վերարտադրությունն ապահովելուն:

– Դա մամուլի հատուկենտ արձագանքների վրա հիմնված տպավորություն է: Իմ դիտարկումներով՝ այդ ուժերից մեկը միշտ նախագահական կառավարման ջատագով է, մեկն առհասարակ դեմ է սահմանադրական փոփոխություններին, մեկը միջանկյալ դիրքում է: Խորհրդարանական կառավարման եւ ԱԺ բացարձակ համամասնական ընտրությունների սկզբունքային քարոզիչը ՀՅԴ Արցախի կառույցն է, եւ այդ մասին մի քանի օր առաջ հայտարարել է (տե՛ս yerkir.am-ում):

– ԼՂՀ ԱԺ միակ ընդդիմադիր պատգամավոր Հայկ Խանումյանն էլ, ի դեպ, օրերս հայտարարեց, որ նախագահին կից ստեղծված սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովը ֆորմալ բնույթ է կրել, քանի որ հիմնականում գործը կատարել է ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը: «Սա բացահայտ ծաղր է թե Արցախի ժողովրդի, թե Արցախի պետական կառույցների նկատմամբ, մանավանդ որ Թովմասյանը հանդիպել է բոլոր խմբակցությունների հետ, եւ համենայնդեպս ինձ մոտ իր ներկայացրած փաստարկներն ադեկվատ չեն թվացել»,- ասել է Հայկ Խանումյանը: Մտահոգիչ չէ՞ այս իրողությունը:

– Եթե Խանումյանը նման հայտարարություն է անում, եւ սահմանադրական փոփոխությունների մասնագիտական հանձնաժողովը չի հերքում, կարելի է ենթադրել, որ նրա ասածներում ճշմարտության չափաբաժին կա: Իսկ թե ինչ կարծիքի է ԼՂՀ ԱԺ պատգամավոր Խանումյանը բերված փաստարկների մասին, ճիշտ չէր լինի մեկնաբանել: Ամեն ոք դատում եւ գնահատում է ըստ իր պատկերացումների:

– Բավական վիճելի կետեր կան նաեւ բուն հայեցակարգում, ասենք` նախագահի եւ ԱԺ ընտրություններն իրար հետ կապելը: Ճի՞շտ եք համարում այն, որ եթե նախագահը խորհրդարանին անվստահություն է հայտնում, մեխանիկորեն նաեւ նախագահի ընտրություններ են տեղի ունենում: Սա իշխանություն «զավթելու» ուղիղ ճանապարհ չէ՞:

– Որքանով ես եմ հասկանում, համատեղելով նախագահի եւ խորհրդարանի ընտրությունները՝ հետապնդվում է մի նպատակ՝ ընտրել եւ գործադիր իշխանության ղեկավարին (Արցախի նախագահին), եւ ԱԺ-ում նրան սատարող կայուն մեծամասնություն: Կարծում եմ՝ դա այնքան էլ օպտիմալ լուծում չէ:

– Ի՞նչ նկատի ունեք:

– Փորձեմ հիմնավորել: Նախագահ կարող է ընտրվել բոլոր «կողմ» քվեների կեսից ավելին ստացած թեկնածուն, չէ՞: Ահա, ստացվում է, որ նույնքան ձայն էլ կստանա նրան առաջադրած կուսակցությունը: Սա է Հայեցակարգի տրամաբանությունը: Այսինքն՝ ի սկզբանե մեկ կուսակցություն ունենում է եւ գործադիր իշխանության ղեկավար, եւ խորհրդարանական բացարձակ մեծամասնություն: Եվ դա՝ լավագույն դեպքում:
Ես ելնում եմ Արցախի նախագահական ընտրությունների պրակտիկայից: 1996-ից սկսած՝ հաղթող թեկնածուն ամենաքիչ ձայներ ստացել է 2012թ.-ին, բայց դա բոլոր «կողմ» քվեների երկու երրորդից ավելի էր: Եթե համարենք, որ նախագահական հաջորդ ընտրություններում մոտավորապես նույն պատկերը կարող ենք ունենալ, իսկ գործնականում այլ բան լինել չի կարող, ապա ի՞նչ է սպասվում 2020թ.-ին: Նախագահը կընտրվի շուրջ 70 տոկոս «կողմ» քվեներով, իսկ խորհրդարանում նրան կսատարի նույն կուսակցությունից համամասնորեն ընտրված 22 պատգամավոր:

Մյուսներին կմնա մրցակցել միմյանց հետ՝ բաժանելու 11 մանդատները: Գուցե Սահմանադրության նախագծում նախատեսվելո՞ւ են ինչ-որ տեղեր խորհրդարանական փոքրամասնության համար, ասենք՝ մշտական հանձնաժողովի նախագահի կամ ԱԺ փոխնախագահի պաշտոն, կամ խորհրդարանին վերապահվելու են վերահսկիչ գործառույթներ՝ ներգրավելով նաեւ փոքրամասնությա՞նը: Սպասենք եւ չշտապենք ընդհանրացումներ անել:

– Մտահոգություններ կան նաեւ նախագահի հաջորդ ընտրությունների մասով: Դրանք նախատեսվում է անցկացնել 2020 թվականին, այնինչ գործող նախագահի պաշտոնավարման երկրորդ ժամկետը լրանում է 2017 թվականին: Առաջանում է 2017-ից 2020 թվականների խնդիրը, որը փորձ է արվում լրացնել անցումային նախագահի ինստիտուտով, որը կընտրվի Ազգային ժողովի կողմից երեք տարով։ Պատերազմի մեջ գտնվող Արցախի համար նման մոտեցումը վտանգ չի՞ ներկայացնում:

– Դրանք ենթադրություններ են: Սահմանադրության տեքստը կհրապարակվի՝ կտեսնենք եւ դատողություններ կանենք: Բայց Հայեցակարգում մի շատ մտահոգիչ պահ կա: Գրված է, որ նախագահի պաշտոնը թափուր մնալու դեպքում գործող նախագահի լիազորությունների մնացած ժամկետով այդ պաշտոնն ստանձնում է ԱԺ նախագահը: Սա նշանակում է, որ նախագահի պաշտոնը թափուր մնալու դեպքում արտահերթ նախագահական ընտրություններ չեն անցկացվի: Դժվարանում եմ գնահատել, թե ինչ նկատառումներով է դա նախատեսվել: Բայց եկեք իրավիճակ պատկերացնենք, երբ նախագահը հրաժարական է տալիս: Դա կնշանակի, որ նրա քաղաքականությունը տապալվել է: Հիմա տեսեք, ըստ Հայեցակարգի, նախագահը եւ ԱԺ մեծամասնությունը պետք է լինեն նույն կուսակցությունից: Բայց եթե ձախողված ուժի ներկայացուցիչ նախագահը հրաժարական է տալիս, ինչո՞ւ պիտի այդ պաշտոնն ստանձնի նույն կուսակցության մեկ այլ դեմք: Ո՞րն է տրամաբանությունը: Եվ, մանավանդ, չի էլ ասվում՝ եթե ԱԺ նախագահն ստանձնում է Հանրապետության նախագահի պաշտոնը, ապա ԱԺ նոր նախագա՞հ է ընտրվում, թե՞… Բայց սրանք, հնարավոր է, ընդամենը հռետորական հարցադրումներ մնան: Հարկ է սպասել Սահմանադրության նախագծի հրապարակմանը: Գուցե այս եւ բազմաթիվ այլ հարցեր այնտեղ հստակ պատասխան կունենան:

 
Զրույցը`
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

«Առավոտ»

03.09.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930