Լրահոս
Օրվա լրահոսը

Խաղալիքները՝ երեխայի հոգեբանության ձևավորման գործիք

Սեպտեմբեր 07,2016 14:32

Խաղալիք զե՞նք, թե՞ պլանշետային խաղեր: Այս հարցը մամլո ասուլիսում քննարկեց հոգեբան Աիդա Առաքելյանը՝ սեպտեմբերի 7-ը խաղալիք զենքերի ոչնչացման օր նշելու առթիվ:

Հոգեբանը առանձին բացատրեց նշված խաղալիքների հնարավոր ազդեցությունները: Ինչ վերաբերում է խաղալիք զենքերին, տրամաբանական է, որ դրանք կարող են մեծապես բացասական ազդել երեխայի հոգեբանության ձևավորման վրա: Ինքը որքան էլ դեմ է դրանց կիրառությանը, չանտեսեց մի քանի ավելի դրական փաստ այդ խաղալիքների մասին:

«Սահմանամերձ գոտում մեծացող երեխային խաղալիք զենքը կարող է ապահովության զգացում ներշնչել: Այն շատ հաճախ ասոցացվում է զինվոր լինելու և սեփական տունն ու ընտանիքը պաշտպանելու հետ: Այդ առումով այս խաղալիքը չի կարող ընդգծված բացասական ազդեցություն ունենալ երեխայի վրա, հատկապես երբ ծնողները կամ ուսուցիչները բացատրում են, որ զենքը նախատեսված է պաշտպանության համար: Իսկ մայրաքաղաքում կամ քաղաքամերձ բնակավայրերում ապրող երեխաների՝ խաղալիք զենքի ընկալման պատկերն այլ է»,- ասաց հոգեբանը:

Ըստ բանախոսի՝ վիրտուալ խաղերն, այնուամենայնիվ, ավելի մեծ վտանգ են ներկայացնում մանուկների համար: «Եթե խաղալիք զենքով հնարավոր է երեխային սովորեցնել պաշտպանվել վտանգից, վիրտուալ խաղերի մեծ մասը պարզապես զոմբիացնում են նրանց ու բթացնում զգայական համակարգը: Դրա լավ օրինակ է հայտնի Pokemon Go պլանշետային խաղը, որում խաղի հերոսներին որսում են ամենուրեք, ընդհուպ մինչև գերեզմանոցներում»:

Ասուլիսի ժամանակ բարձրացվեց այն հարցը, որ տղա երեխաների՝ փափուկ խաղալիքներով խաղալու ընտրությունը նույնպես կարող է որոշակի բացասական ազդեցություն ունենալ: Այստեղ Աիդա Առաքելյանը կարևորում է երեխայի հասակը: «Նորմալ է, որ երեխաները մինչև 4 տարեկան նման մեղմ, փափուկ խաղալիքներ են նախընտրում: Խաղալիքների հարցում նախասիրությունների ձևավորվումը նախադպրոցական տարիքում է կատարվում»:

Հոգեբանն իր խոսքն ամփոփեց այն մտքով, որ որքան էլ մեծ լինի խաղալիքների և միջավայրի ազդեցությունը երեխայի հոգեբանության ձևավորման վրա, ամենամեծ գործոնը պատկանում է ընտանեկան մթնոլորտին: «Եթե երեխան մեծանում է մի միջավայրում, որտեղ տիրում է սեր և փոխադարձ հարգանք, ագրեսիայի նշաններ դժվար թե ի հայտ գան»:

Շուշան ԳԱԼՍՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930