Լրահոս
Օրվա լրահոսը

Ֆեյսբուքից Հեղինե Բիշարյանի սիրտը խառնում է. ԱԺ-ում՝ վարչապետի «մանկության ընկերության» կառավարության մասին

Սեպտեմբեր 27,2016 14:36

ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանն այսօր ԱԺ արտահերթ նիստում Ֆինանսական համահարթեցման մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ, խոսելով համայնքներում վախի մթնոլորտի, ճնշվածության մասին, քննադատեց նոր կառավարության շուրջ բարձրացված աղմուկը, թե պիտի փոփոխություններ կատարեն երկրում:

Խոսելով նախ օրենքի նախագծից՝ նա ասաց. «Հիմա էլ մեկ դռան քաղաքականությունն է իրականացվում: Ավելի ենք խորացնելու այն կախվածությունը Երեւանից, որը մինչ այսօր տեսնում ենք: Մինչեւ այսօր երկու Հայաստանի քաղաքականություն է վարվել՝ մարզեր եւ Երեւան»:

Անդրադառնալով նոր կառավարության ստեղծմանը, Հեղինե Բիշարյանը հայտարարեց. «Շատ քիչ եմ մտնում ֆեյսբուք, իմ ֆեյսբուքյան ընկերները կտեսնեն: Որովհետեւ սիրտս խառնում է այն PR-ից, որ կատարվում է՝ խայտառակ, անմակարդակ: Ամեն ինչ տարափ է՝ կառավարությունը… ձերբակալություններ են լինելու: Ինձ թվում էր՝ էսօր մենք զոհեր կունենայինք, բայց ձեն-ձուն չկա: Այդ կառավարությունը, որ պետք է ստեղծվի, որը պետք է այնպես անի, որ կարճ ժամանակում մենք վերափոխվենք, դառնանք Սինգապուր, ապա ինչո՞ւ եք շտապել այս փաստաթուղթը բերել այստեղ: Գուցե այս կառավարությունը, որը մանկության ընկերություն է, ուսանողական ընկերություն է, չգիտեմ, նոր տեսակի, ինչ-որ նոր որակի կառավարություն է, գուցե իրենք իրենց ձեռագիրը դնեին այս նախագծի մեջ: Գուցե ինչ-որ բան այլ ճանապարհով գնար: Մենք հասկանայինք՝ այս դոտացիաները տալիս ենք համայնքներին, գյուղերին ու ոչ մի հնարավորություն չենք տալիս զարգացման, աղքատ բնակիչներին չենք տալիս հնարավորություն մանկապարտեզներից անվճար օգտվելու: Ես մասնակցում եմ ընտրություններին, տեսնում եմ՝ Գյումրիի բյուջեն 3.2 մլրդ, որից 2 մլրդ-ը դոտացիա է, Վանաձորի բյուջեն, այդ տարածքներում արդեն փողոց չմնաց, մեր թեկնածուների հետ շրջել ու նայել ենք: Ասում եմ՝ այդ դոտացիաներով որեւէ բան չի փոխվում, էլ չասեմ այն գյուղերի մասին, որտեղ ուղղակի խայտառակություն է»

Տարածքային կառավարման եւ զարգացման փոխնախարար Վաչե Տերտերյանն ասել էր, որ համայնքի դոտացիաների վերահսկողությունը պետք է իրականացնի համայնքի ավագանին: Հեղինե Բիշարյանի խոսքերով՝ «Ասում եք՝ ավագանին փրկի, այսօր եթե կառավարությանը բարձր աշխատավարձ ենք տվել՝ սաղ երկիրը թալանել  է, 10 օր հետո բոլորի անունը որպես հանցագործ գրվում է, ո՞նց կարող է անվճար ավագանին փրկի: Մի հատ հարցրեք՝ էդ ավագանին հացի փող ունի՞, որ 10 անգամ գնա, գա մարզկենտրոն, իջնի, բարձրանա, կոշիկը մե՞նք ենք առել»:

Հեղինե Բիշարյանը հիշեցրեց իրենց նախընտրական ծրագիրը, որ համայնքների բոլոր խնդիրները պետք է անձնագրավորվեն:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930