Լրահոս
Օրվա լրահոսը

Գառնիկ Իսագուլյանը Գագիկ Ծառուկյանին համեմատում է Փրկչի հետ

Հոկտեմբեր 11,2016 13:42

«Իրենք ցույց տվեցին, որ մեղավորը բացառապես իրենք են»,-«Բլից ինֆո» մամուլի ակումբում այսօր խոսելով երեկ Վանաձորում կայացած քաղաքապետի ընտրությունների մասին, ընդդիմությանն իր խոսքն ուղղեց «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը: Նա անիմաստ է համարում մեղադրել որեւէ մեկին`հասարակությանը, իշխանությանը, այն ամենից հետո, երբ ընդդիմադիրները եկան ընդհանուր հայտարարի: «Կամ նրանց էլ չեն վստահում, կամ բոլոր այդ խնդիրների լուծումը թաքնված է մի տեղ, որի տեղն այդ կուսակցությունների ղեկավարները չգիտեին»,- ասաց բանախոսը՝ հավելելով, որ այս ամենից հետո եզրակացությունը մեկն է. «ՀՀ ներքաղաքական կյանքը, իր ցանկացած զարգացման դեպքում անկանխատեսելի է եւ անքննելի: Ի՞նչ կլինի վաղը`այսօր դժվար կլինի ասել: Ու ոչ մի ճնշում չի եղել ընտրություններին, բացարձակ: Եթե մարդը վախկոտ է, էդ մարդուն մարդ համարել պետք չէ. պատկերացնո՞ւմ եք՝ նա գնա սահման պահելու՝ ազերիների ձեռքն ընկնի, հայրենիքում ինչ կա, կծախի: Թող ընտրեն մարդկանց, ովքեր վախկոտ չեն, ծախվող չեն: Ցուցակ կազմելիս ոչ թե իրենց ընկերներին թող ասեն` մի քանի մարդ տվեք`գրենք, այլ թող վստահ եւ հավատացած լինեն, որեւէ մարդու առումով»:

Ըստ Գառնիկ Իսագուլյանի, կա մի պարզ ճշմարտություն`մեր քաղաքական կյանքում կա «դիսբալանս», այն ինչ-որ կերպ պետք է լուծում ստանա: Ինքը`Գառնիկ Իսագուլյանն այդ անհավասարակշռությունը վերականգնելու ճանապարհ է տեսնում ԲՀԿ նախկին նախագահ Գագիկ Ծառուկյանի վերադարձը քաղաքականություն: Կվերադառնա՞ Ծառուկյանը, թե՞ ոչ՝ Գառնիկ Իսագուլյանի համոզմամբ՝ որեւէ մեկն այսօր կդժվարանա ասել: Նա նաեւ չի կարծում, թե ինչ-որ տեղ այդ մասին որոշում կա, որի մասին հանրությունը չգիտի. «Ես կարծում եմ՝ առայժմ որեւէ տեղ նման որոշում չկա: Բայց, որպեսզի կարողանանք այս մեծ խզումը դիմադիր եւ ընդդիմադիր դաշտում հանգուցալուծելու, պետք են մարդիկ, ովքեր մինչեւ դա էլ ունեցել են կամուրջի դերակատարություն եւ հիմա այդ նույն դերակատարությունն անհրաժեշտ է, որպեսզի կարողանան բալանսի մեջ պահել իշխանություն-ընդդիմություն հակադրությունը, որը երբեմն հասնում է նաեւ ծայրահեղության: ԲՀԿ-ն, երբ ղեկավարում էր Գագիկ Ծառուկյանը, նման դերակատարում իսկապես ունեցել է»:

Գառնիկ Իսագուլյանն առաջիկայում էլ տեսնում է ԲՀԿ-ի կայունացնող դերակատարումը`Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ: Այդ դեպքում իր ղեկավարած կուսակցությունն էլի պատրաստ է համագործակցել ԲՀԿ-ի հետ, քանի որ վստահ է, որ Գագիկ Ծառուկյանի վերադարձով մենք կունենանք շատ ավելի մեղմ փոփոխություններ`բոլոր բնագավառներում եւ հայաստանյան ներքաղաքական կյանքը ծայրահեղությունների պատճառով չի վերածվի քաոսի, ինչին մոտ էր հուլիսյան դեպքերի ժամանակ:

Հարցին` ի դեմս Գագիկ Ծառուկյանի՝ նա տեսնո՞ւմ է քաղաքական դաշտի փրկչի, Գառնիկ Իսագուլյանը պատասխանեց`մենք ունենք մեկ փրկիչ. Գագիկ Ծառուկյանը փրկիչ չէ, եւ որեւէ մեկը փրկիչ չէ, ուղղակի նրան տեսնում եմ բալանսավորողի դերում:

Մեկ այլ հարցի`ունի՞ Գագիկ Ծառուկյանը քաղաքագիտական այդքան ունակություններ, ՀՀԿ հայտնի նիստից հետո, երբ նրան վարկաբեկելով հեռացրին քաղաքականությունից, նա պատրաստ կլինի՞ կրկին վերադառնալ, Գառնիկ Իսագուլյանը հակընդդեմ հարցով պատասխանեց՝ նկատելով, որ չէր ցանկանա անտեղի ու անհարկի շահարկումների թեմա տալ իր ասածով. «Ավետարան կարդացե՞լ եք, հիշո՞ւմ եք այն հատվածը, երբ Հիսուսին գամեցին սյանը, փշե ծաղկեպսակ հագցրին: Դա նշանակում է, որ մարդը կարողանում է կուլ տալ ինչ-որ բաներ, ու այդ ամենը հետագայում ներել: Ես դա բացասական երեւույթ չեմ ուզում համարել: Քաղաքական հռետորաբանությունը էական չէ, նրա գործունեությունն է կարեւոր. երբ Ծառուկյանը վերադառնա, կտեսնեք ինչի կհանգեցնի նրա վերադարձը»:

Գառնիկ Իսագուլյանը վստահ է`որեւէ մեկը որեւէ մեկից չի նեղացել ու ներելու խնդիր չունի. «Քաղաքականության մեջ բաժանվել, նորից միանալ, նեղանալ, ներել չկա»:

Գառնիկ Իսագուլյանը նաեւ անդրադարձավ կիրակի օրը ԼՂՀ-ում տեղի ունեցած բերքի տոնին. «Հինգ տարի առաջ մի քանի մեքենա էր, մի քանի տաղավար, մի քանի միլիոնի առեւտուր, հիմա մի քանի հազար տաղավար, բազմաթիվ ապրանքատեսակներ եւ ավելի քան մեկ միլիարդ դրամի առեւտուր»: Գառնիկ Իսագուլյանը ԼՂՀ նախագահի եւ վարչապետի հետ շրջել է բոլոր տաղավարներով ու հիացած է. «Վարչապետն ու նախագահը անգիր գիտեին ամեն մի տաղավարի քաղաքացուն, նրա հոգսերը»: Այդ ցուցադրությունը նա համարում է լավագույն պատասխանը քառօրյա պատերազմին եւ այն հարցերի, որոնք մենք փնտրում ենք հյուսիսում, հարավում, համանախագահների կամ այլոց մոտ:

Նա խորհրդանշական է համարում, որ այդ տոնի հաջորդ օրն էլ ԼՂՀ վարչապետը իր հերթական զավակն է ունեցել: «Արդեն տասներորդ տարին է՝ միջին տնտեսական աճը տասը տոկոս է, Հայաստանին մի քանի հարյուր տոննա սերմացու ցորեն են նվիրել, պատրաստ են մինչեւ հազար էլ նվիրել, շուտով ինքնաբավության աստիճանի կհասնի»,- ասաց նա:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31