Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Ընդդիմադիր պատգամավորը կասկածի տակ չի դնում Կարեն Կարապետյանի հայտարարությունը

Հոկտեմբեր 24,2016 16:05

«Մենաշնորհը ցանկալի երեւույթ է պետության համար, դա բոլոր պետություններում է այդպես: Բայց մենաշնորհը պետք է իրական լինի, ոչ թե այստեղ-այնտեղ մի բան անելով՝ դարձնում են մենաշնորհներ: Իհարկե, պետության մեջ ապրանքներ կան, որոնք մենաշնորհով պետք է գնան: Խնդիրը ոչ թե մենաշնորհների դեմ պայքարն է, այլ այն, որ մենաշնորհները ճիշտ առաջանան»,- խորհրդարանում լրագրողների հետ կարճ զրույցում ասաց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն`անդրադառնալով հեռուստաընկերություններին տված հարցազրույցում վարչապետ Կարեն Կարապետյանի հայտարարությանը, թե ներկրումների համար այլեւս խոչընդոտներ չեն լինելու. նման դեպքերում կարող են իրեն զանգահարել եւ տեղյակ պահել:

Անդրադառնալով նոր կառավարության ծրագրին էլ՝ ԱԺ նախագահն ասաց, որ ինքն այն մարդկանցից է, ովքեր «հուր-հավիտյան հույս ունեն»: Նա նկատի ուներ, որ լավատես է: Իր համոզմամբ, ցանկացած կառավարություն՝ լինի Հայաստանում, թե այլ երկրում, առաջին գործերից մեկը կոռուպցիայի դեմ պայքարն է. «Մեզ համար նորություն է, որովհետեւ ժողովուրդն անընդհատ խոսում է դրա մասին ու լավ կլինի, որ եթե ինչ-որ գործեր բացվեն, եթե դրանք, իրոք, կան»:

ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը, եւս այս պահին կասկածի տակ չի դնում Կարեն Կարապետյանի հայտարարությունը`ներկրումների դաշտն ազատականացնելու, մենաշնորհները վերացնելու մասին:

Խաչատուր Քոքոբելյանը, հիշեցնենք, «դեմ» է քվեարկել կառավարության ծրագրին:

Ամեն դեպքում, ընդդիմադիր պատգամավորը հույս ունի, որ վարչապետի հայտարարությանը կոնկրետ եւ գործնական քայլեր կհետեւեն. «Այստեղ կա հստակ իրողություն.եթե ցանկություն կա վերացնել մենաշնորհը եւ ներկրումն ազատականացնել, ապա մեկ շաբաթում կարող ենք դրան ականատես լինել»:

Պատգամավորը նկատում է, որ ներկրման խոչընդոտները, այսինքն, հարկային պարտավորությունների կատարումը կամ չկատարումը սկսում է սահմանից: Նա տեղեկացրեց, որ ԱԺ տնտեսական հարցերով մշտական հանձնաժողովն ուրբաթ օրը կայացած նիստում առաջարկել է հանրային լսումներ կազմակերպել ստեղծված մոնոպոլ վիճակի հարցով. «Տնտեսական մրցակցության պետական պաշտպանության հանձնաժողովը պարտավոր է մրցակցային եւ գերիշխող դիրք ունեցող կազմակերպություններով զբաղվել: Հիմա այն ավելի շատ նմանվում է գների հիմնավորման եւ այդ ստատիկ ոչ բարենպաստ վիճակի պահպանման հանձնաժողովի, ոչ թե հակամենաշնորհային մրցակցության հանձնաժողով»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31