Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեր Սպենդիարյանը»

Հոկտեմբեր 31,2016 12:30

Հոբելյանի առիթով կոմպոզիտորի տուն-թանգարանը
եւ օպերային թատրոնը կներկայանան նոր ձեւաչափով

Նոյեմբերի 1-ը Ալեքսանդր Սպենդիարյանի ծննդյան օրն է: Այս տարի լրանում է կոմպոզիտորի 145-ամյակը: Նա հիմք դրեց հայ սիմֆոնիկ երաժշտությանը, հարստացրեց կամերային երաժշտությունն ու ստեղծեց հայկական առաջին դասական «Ալմաստ» օպերան: Հարուստ է Սպենդիարյանի ստեղծագործական ժառանգությունը, բայց ստեղծագործողի ինքնատիպ երաժշտական ոճը դրսեւորվեց արեւելյան թեմաներով գրված երկերում: Այդ մասին կոմպոզիտորը գրում է. «Հետադարձ հայացք նետելով այն ամենին, ինչ ես գրել եմ մինչ օրս, կարելի է այն եզրակացության գալ, որ իմ ստեղծագործություններից առավել անհատական են արեւելյան ոճի երկերը»:

Սպենդիարյանական մեղեդիները մշտապես հայաստանյան երաժշտական կոլեկտիվների նվագացանկում են, բայց կա մի ոլորտ, դա կոմպոզիտորի շփումն է տարբեր երաժշտա-հասարակական կազմակերպությունների հետ, ինչի մասին քիչ է խոսվում: Իսկապես լայն էր արվեստագետի շփումները մշակույթի տարբեր ոլորտները ներկայացնող ինչպես ռուս, այնպես էլ հայազգի արվեստագետների հետ, այդ թվում՝ Մաքսիմ Գորկի, Չեխով, Տոլստոյ, Գլազունով, Սերգեյ Մերկուրով, Վարդգես Սուրենյանց, Նիկողայոս Տիգրանյան, Հովհաննես Թումանյան, Մարտիրոս Սարյան, Ռոմանոս Մելիքյան եւ այլն: Քիչ է խոսվում Սպենդիարյանի ստեղծագործական կյանքի բեկումնային մի շրջանի մասին. հայտնի է, որ 1916թ. նա այցելել է Թիֆլիս, ծանոթացել Թումանյանի հետ ու, ոգեշնչված «Թմկաբերդի առումը» պոեմով, գրել իր «Ալմաստը»: Բայց չի խոսվում այն մասին, որ նույն թվականին հենց Թիֆլիսում նա կազմակերպել է հեղինակային համերգների շարք, որից ստացված հասույթը տրամադրել է 1915թ. եղեռնից փրկվածներին: Մենք չենք հիշում որեւէ կոմպոզիտորի, որը հատուկ ստեղծագործած լինի, ավելին՝ իր գործերից մեկը նվիրի Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ուսանողական նվագախմբին. դա 1925 թվականն էր, կոմպոզիտորը գրեց իր վերջին ստեղծագործություններից մեկը՝ «Երեւանյան էտյուդները»՝ նվիրելով ուսանող երաժիշտներին:

6-1-2
Ալեքսանդր Սպենդիարյանի 53-ամյա տուն-թանգարանը տարբեր տարիների տարբեր ձեւաչափերով անդրադարձել է կոմպոզիտորի հոբելյաններին: Նշենք, որ տուն-թանգարանի մշտական ցուցադրության մեջ տեղ են գտել այնպիսի յուրօրինակ առարկաներ, ինչպիսիք են կոմպոզիտորի մտահղացմամբ պատրաստված սպենդիարոֆոն երաժշտական գործիքը, «Ալմաստ» օպերայի երեւանյան առաջին բեմադրության (1933թ.) հայտագիրը, անձնական իրեր, ձեռագիր ու տպագիր նոտաներ, նամակներ, լուսանկարներ, փաստաթղթեր, մամուլ ու գրքեր եւ այլն:

6-1-3

Սպենդիարոֆոն երաժշտական գործիքը:

Շուրջ 20 տարի Սպենդիարյանի տուն-թանգարանի աշխատանքները ղեկավարում է կոմպոզիտոր Մարինե Օթարյանը: Տնօրենից հետաքրքրվեցինք՝ այս տարի ի՞նչ են ներկայացնելու հոբելյանի առիթով:

«Նոյեմբերի 1-ին կոմպոզիտորի անվան Ազգային օպերային թատրոնի ճեմասրահում կբացվի «Մեր Սպենդիարյանը» խորագրով ցուցահանդեսը, որը կգործի մինչեւ նոյեմբերի 20-ը: Համագործակցել ենք Ազգային օպերային թատրոնի հետ, ինչի արդյունքում հենց բացման օրը թատրոնի կոլեկտիվների ու մեներգիչների մասնակցությամբ կհնչի սպենդիարյանական երաժշտություն: Մի կարեւոր հանգամանք եմ ուզում նշել. այս տարի ցուցադրության ողջ դիզայնն իրականացրել է DEEM Communication կազմակերպությունը: Իհարկե, մեր գլխավոր աջակիցն է մշակույթի նախարարությունը»,- ներկայացրեց Մարինե Օթարյանը:

Մեր զրուցակիցը հավելեց նաեւ, թե կայանալիք սպենդիարյանական ցուցադրությունը ծրագրված է ներկայացնել նաեւ հայաստանյան մարզերում:
ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ»

29.10.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31