Լրահոս
Օրվա լրահոսը

Սպենդիարյանը «կճամփորդի» ՌԴ-ում, Վրաստանում եւ Իրանում

Հունիս 22,2021 17:11

2019 թ. նոյեմբերի 25-ին Փարիզում ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր կոնֆերանսի 40-րդ նստաշրջանին որոշում ընդունվեց կոմպոզիտոր Ալեքսանդր Սպենդիարյանի ծննդյան 150 եւ կինոռեժիսոր Անրի Վերնոյի ծննդյան 100-ամյա հոբելյանները ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների 2020-2021 թթ․ օրացույցում ներառելու մասին։

Հայաստանի Հանրապետության կողմից հայտերը ներկայացվել էին գործընկեր երկրների աջակցությամբ։ Մասնավորապես, Իրանի, Ռուսաստանի և Վրաստանի աջակցությամբ ներկայացվել էր Ալեքսանդր Սպենդիարյանի, իսկ Ֆրանսիայի ու Իտալիայի աջակցությամբ՝ Անրի Վերնոյի հոբելյանի հայտը:

Մարինե Օթարյանի լուսանկարը՝ ֆեյսբուքյան էջից

Aravot.am-ի հետ զրույցում խոսելով Ալեքսանդր Սպենդիարյանի հոբելյանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի օրացույցում բարեկամ երկրների աջակցությամբ ընդգրկվելու մասին` կոմպոզիտորի տուն-թանգարանի տնօրեն Մարինե Օթարյանը հետեւյալը նշեց. «Դա նշանակում է, որ այս հոբելյանն ունենալու է համաշխարհային նշանակություն, իսկ նրան նվիրված միջոցառումները` համաշխարհային մասշտաբ»: Նրա խոսքով, սպենդիարյանական միջոցառումներ կիրականացվեն ոչ միայն Հայաստանում, այլ մեր երկրի սահմաններից դուրս:

«Օրինակ, Սպենդիարյանի տուն-թանգարանի, Հայաստանում Թումանյանի թանգարանի, Վիրահայոց թեմի, Վրաստանում ՀՀ դեսպանատան ու Թումանյանի տան նախաձեռնությամբ կիրականացվի եռօրյա միջոցառումների շարք` դասախոսություններ` Սպենդիարյան, Թումանյան եւ առհասարակ Թիֆլիսը Սպենդիարյանի կյանքում թեմայով, ցուցահանդես, համերգ…

Ունենք նախանշված միջոցառումներ Ղրիմում: Սպենդիարյանը ծնվել է Ղրիմում եւ այնտեղ է անցկացրել իր ողջ կյանքը, նրա ստեղծագործական հարուստ շրջան անցել է Յալթայում: Մենք սերտ համագործակցության մեջ ենք նաեւ Ղրիմի հայ համայնքի հետ եւ տեղի ղեկավարության հետ:

Ինչ վերաբերվում է Իրանին, վերջերս հանդիպել ենք մեր թանգարանում հյուրընկալված Հայաստանում Իրանի դեսպանատան մշակութային կցորդ Սեյեդ Հոսեյն Թաբաթաբայի հետ: Քանի որ նաեւ Հայաստան-Իրան բարեկամության 30-ամյա հոբելյանն է, որը համընկնում է Սպենդիարյանի 150-ամյակի հետ, որոշեցինք այս համատեքստում կազմակերպել դասական համերգ Իրանում: Սա ծրագրերից ընդամենը մեկն է: Սպենդիարյանը կամրջում է հայկական եւ իրանական արվեստը, ինչի արտահայտությունն է «Ալմաստ» օպերան:

Նախնական պայմանավորվածություն ունենք ՌԴ-ում Հայաստանի դեսպանատան հետ` այնտեղ անցկացնել հանդիպումներ: Դեսպանատունը տեղակայված է Լազարյան ճեմարանում, որը ժամանակին եղել է հայկական մտավորականության եւ արվեստագետների հավաքատեղին: Եվ հենց այնտեղ է կայացել Սպենդիարյան-Արամ Խաչատրյան հանդիպումը, որտեղ Սպենդիարյանը կանխորոշել երիտասարդ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանին լավ ապագա: Այդ ծրագրում մենք ներկայացնելու ենք Արամ Խաչատրյան, Սպենդիարյան դասախոսություն, կլինի ցուցադրություն եւ Արամ Խաչատրյան դաշնամուրային տրիոյի մասնակցությամբ կհնչեն Սպենդիարյանի ու Խաչատրյանի ստեղծագործությունները»,- ասաց տիկին Օթարյանը:

Ի թիվս այլնի, հայտնեց, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի աջակցությամբ Սպենդիարյանի տուն-թանգարանը պատրաստվում է նաեւ հրատարակել պատկերագիրք` ձայնասկավառակով, վերջինիս ձայնագրման աշխատանքները կիրականացնի Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը` Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Ա. Սպենդիարյանի լուսանկարը` կոմպոզիտորի թանգարանի էջից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930