Պաշտպանության նախարարության նախագծի շուրջ այս պահին ազգային ժողովում բուռն քննարկումներ են ընթանում: Յուրաքանչյուրի աշխատավարձից 1000 դրամ գանձելու եւ զինվորների, նրանց ընտանիքների ու բանակի խնդիրներին ուղղելու նախագիծը ԱԺ պատգամավոր Թեւան Պողոսյանի համար անընդունելի է, քանի որ այն չի անցել լուրջ հանրային քննարկում:
Նա, դիմելով քննարկմանը ներկա ՊՆ նախարար Վիգեն Սարգսյանին ասաց. «Ամիսներ առաջ լրատվությունում տեղեկություն եղավ, որ նախագահականի վերահսկողական ծառայությունը պաշտպանական բանակում ստուգումներ է արել եւ 150 միլիոն դրամի չարաշահում է գտել: Ես, օրինակ` ավելի կողջունեի, եթե օգտագործեիք այն գաղափարը, որ այդ 150 միլիոնի չարաշահումները կծառայեն ինչպես մայր դրամագլխին, կձեւավորեին անձեռնմխելի կուտակային հիմնադրամ, եւ դրա վրա բոլորը կկարողանային կուտակել, կլինի սփյուռքից կամ որեւէ այլ տեղից եւ դրա տոկոսներով մենք ծառայություն կմատուցեինք: Մոտեցում է` մոտեցում է, քննարկման արժանի է` արժանի է»:
Ըստ Թեւան Պողոսյանի. «Մարդիկ կան, որ մանրամասն ընդհանրապես չեն կարողանում հասկանալ, ասում են` 18 տարի, ես ամեն ամիս 1000 դրամ տամ, որ հետո տղայիս մի բան լինի` ես 100 հազար ստանամ: Չկա ընկալումը, որ կա միանվագ վճար, չկա ընկալումը, որ սա ամսական է գնալու: Այս մանրամասները, որ չեն ներկայացվում, մարդկանց մոտ էլ ընդդիմություն է ծնվում: Վերջում սա ընկալվելու է, որպես ուժային գործարք, ոչ թե ցանկություն»:
Կարդացեք նաև
Թեւան Պողոսյանի խոսքերով, ոչ թե 1000 դրամն է այս խնդիրը, այլ արժանապատվությունը, որ իրենք, ինչպես Հայաստանի հանրապետության քաղաքացիներ, հարգվեցին, մասնակցեցին եւ գիտակցաբար ընկալելով` գնացին այդ ճանապարհով:
«Վստահ եմ, որ այդ ժամանակ մենք շատ ավելի մեծ ծրագրեր կանենք»,-ասաց Թեւան Պողոսյանը` համոզված լինելով, որ այն ինչ-որ բացահայտում են, եթե արժանի պատժի արժանանա, անպատժելիության մթնոլորտը կվերանա:

Էդմոն Մարուքյանը նաեւ նկատեց, որ հիմնական դժգոհությունը նրա համար է, որ հավաքագրված հարկերը արդյունավետ չեն օգտագործվում եւ չեն ծախսվում. «Հարց է առաջանում, որ այս պարագայում, մենք այս խնդիրը չշտկած, նոր հարկատեսակ ենք սահմանում: Բնականաբար դա սուրբ գործի համար է, բայց դժգոհություն է առաջանում, բա ինչ եղավ այն»:
Էդմոն Մարուքյանի խոսքերով՝ ճանապարհային երթեւեկության կանոնների խախտման արդյունքում միլիարդավոր դրամներ են հավաքագրվում մեր քաղաքացիներից եւ վերջերս որոշվեց, որ դրանք գնան պետբյուջե. «Հնարավոր չէ՞ որ օրենսդրական կարգավորումով լուծել այս հարցը, ասել` այո հիմնադրամը ստեղծում ենք, բայց գումարները հավաքում ենք մեր բնակչությունից, այլ այդ գումարներն ուղղում ենք այդ հիմնադրամ»:

Ըստ Վիգեն Սարգսյանի, այդ ծրագրի տրամաբանությունն այն է` առանձնացնել եւ հատուկ շեշտել այն մարդկանց, որոնք անմիջապես մասնակցել են պետության անվտանգության եւ պաշտպանության գործին. «Այո իմ խնդիրն է, որ որպես պաշտպանության նախարար, որ յուրաքանչյուր քաղաքացի, իր ամսական աշխատավարձը ստանալիս, մի պահ մտածի այն մարդկանց, այն տղաների մասին, որոնք առաջնագծում են: Ես համարում եմ, որ սա կարեւոր քայլ է, մեր համախմբման ուղղությամբ, կարող է դուք ասեք, որ սա չափից ավելի ռոմանտիկ է, պաթետիկ է, բայց համարում եմ, որ պաշտպանության եւ անվտանգության գործում գաղափարախոսությունն ունի կարեւորագույն դեր եւ, ես համարում եմ, որ սա գաղափարախոսության մի մասն է: Դա իմ քաղաքական ընտրությունն է, որպես պաշտպանության նախարար»:

Էդմոն Մարուքյանն արձագանքեց. «Խնդիրը արդյունավետության մեջ է, մենք բոլորս հարկեր ենք վճարում եւ այդ գումարներից նաեւ գնում են բանակին: Մենք շատ մեծ հարկեր ենք վճարում եւ հիմնականում այդ հարցն է հնչեցվում, թե այդ շատ մեծ վճարած հարկերից ինչո՞ւ այդ խնդիրները չեն լուծվում եւ մենք տեսնում ենք այնպիսի ճոխություններ, որ այս իրավիճակում ուղղակի անընդունելի են»:
Նախարարն ի պատասխան ասաց. «Հավատացեք, որ ոչ միայն ես, այլեւ հանրապետության նախագահը որպես գլխավոր գերագույն հրամանատար, ամեն օր աշխատում ենք այն ուղղությամբ, որ պաշտպանության վրա ծախսվող միջոցներն օգտագործվեն արդյունավետ»:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ


















































