Լրահոս
Օրվա լրահոսը

Էդուարդ Շարմազանովը`Վիգեն Սարգսյանի ՀՀԿ-ական դառնալու մասին

Նոյեմբեր 17,2016 21:44

Նոյեմբերի 17-ին կայացավ ՀՀԿ Գործադիր մարմնի նիստը, որի ավարտից հետո իշխող կուսակցության խոսնակ, Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը պատասխանեց լրագրողների հարցերին: Անդրադառնալով Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի ՀՀԿ-ական դառնալու թեմային, Էդուարդ Շարմազանովը հայտնեց, որ այդ մասին Վիգեն Սարգսյանն արդեն հայտարարել է, ըստ որի նախարարի պաշտոնը քաղաքական է ենթադրում է քաղաքական պատասխանատվություն, ու հենց դրանով է պայմանավորված ՀՀԿ-ին անդամակցելու իր որոշումը:

«Սահմանադրական բարեփոխումներից հետս անհնար է դառնում լինել քաղաքական գործիչ, բայց չլինել կուսակցական: «Իմ կուսակցությունը իմ ժողովուրդն է», 20-րդ դարի լոզունգ է: Եթե դու ուզում ես զբաղվել քաղաքականությամբ, ուրեմն պետք է որեւէ կուսակցության անդամակցես»,-ասաց ՀՀԿ մամուլի խոսնակը:

Վիգեն Սարգսյանի մասին էլ հավելեց, որ նա երկար տարիներ զուգահեռ քայլել է ՀՀԿ-ի հետ եւ եղել է համախոհ: «Գործնականում Հայաստանի Հանրապետությունում անկուսակցական քաղաքական գործիչները, չեմ ուզում ասել, թե ապագա չունեն, բայց եթե ուզում են զբաղվել քաղաքականությամբ, պետք է լինեն կուսակցական» ,- շեշտեց ԱԺ փոխխոսնակը:

Ինչ վերաբերում է նոյեմբերի 26-ին կայանալիք  ՀՀԿ համագումարին, Էդուարդ Շարմազանովի խոսքով, կուսակցության նախագահ է ընտրվելու Սերժ Սարգսյանը, եւ դա բոլոր Հանրապետականների ցանկությունն է: Նրա ձեւակերպմամբ, «Հանրապետականը մեկ լիդերի կուսակցություն է եւ մնալու է այդպիսին»:

Նա նաեւ տեղեկացրեց, որ համագումարին կմասնակցեն տարբեր կուսակցություններ. մասնավորապես «Եդինայա Ռոսիյա» կուսակցությունը կունենա երեք հոգանոց պատվիրակություն, մյուսների մասին ավելին չեմ կարող ասել»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930