Լրահոս
Օրվա լրահոսը

«Պատասխան՝ Ռուսաստանի ապագա առաջարկներին»

Նոյեմբեր 19,2016 16:00

Ըստ «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանի՝
ՀՀ նախագահի` «ՌԻԱ Նովոստիին» տված հարցազրույցը մի շարք ուղերձներ է պարունակում, մասնավորապես՝ ուղղված ՌԴ նախագահին:

Սերժ Սարգսյանը, հիշեցնելով իր` Թուրքիայի հետ հարաբերությունների բարելավմանն ուղղված քայլերը, ինչի արդյունքը եղավ հայ-թուրքական արձանագրությունների ստորագրումը, փաստեց, որ Թուրքիան չի կատարում իր պարտավորությունները: Սերժ Սարգսյանը «ՌԻԱ Նովոստիին» տված հարցազրույցում այս առիթով ասել է. «Դուք հասկանո՞ւմ եք այն ժամանակ իմ դրությունը, երբ ես գրեթե ողջ աշխարհը շրջեցի՝ հանդիպելով հայկական համայնքի ներկայացուցիչների հետ: Իսկ Փարիզում, Նյու Յորքում, Լոս Անջելեսում, Բեյրութում Հայաստանի նախագահի դեմ դուրս եկան այդ երկրների քաղաքացի հանդիսացող հազարավոր հայեր՝ պահանջելով չստորագրել այդ արձանագրությունները: Ես աշխատում էի, ես համոզում էի, ես խնդրում էի: Արդյունքը՝ ստորագրեցինք, բայց նրանք իրենց պարտականությունները չեն կատարում: Է՞լ ինչ անենք:

Տեղի տանք եւ ասենք՝ այո, եկեք անվտանգության գոտին հանձնենք Ադրբեջանին, իսկ Թուրքիան բացի՞ սահմանները: Իսկ հետո՞: 3 ամիս, մեկ տարի, մեկուկես տարի հետո դարձյալ ինչ-որ կոնֆլիկտ լինի, եւ դարձյալ փակի: Չէ՞ որ դա մեզնից կախված չէ»:
«Առավոտի» հետ զրույցում «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը շեշտեց, որ այս ուղերձն առաջին հերթին վերաբերում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին: Պարոն Կարապետյանը Սերժ Սարգսյանի հարցազրույցից տպավորություն է ստացել, որ հայ-թուրքական հարաբերություններում այժմ որեւէ ռացիոնալ բան չի մնացել. «Հասկանալի դարձավ, որ Թուրքիան Ղարաբաղի հարցը միշտ էլ փոխկապակցված խնդիր է դիտարկելու: Ավելի ու ավելի ակնհայտ է դառնում, որ Թուրքիայի ներքաղաքական վիճակը, արտաքին բախումներն այնպիսին են, որ այժմ հայ-թուրքական հարաբերությունները առաջնային չեն»: Պարոն Կարապետյանը հիշեցնում է, որ ինքը վաղուց էր կանխատեսել, որ փակ սահմաններ չունենալուն ուղղված քայլերը ոչնչի չեն հանգեցնելու: Ըստ պարոն Կարապետյանի` հիմա հայ-թուրքական հարաբերությունների բարելավման հարցը ոչ միայն Թուրքիայի օրակարգում այդքան ակտիվ չէ, այլեւ այն կվերադառնա օրակարգ միայն արտաքին ճնշումների արդյունքում: Այժմ այդ հարցով միակ շահագրգիռ կողմն է մնացել Ռուսաստանը, քանի որ ԱՄՆ-ը լրիվ այլ խնդիրներով է զբաղված:

Անդրադառնալով Վլադիմիր Պուտինին վերաբերող ուղերձին` Արամ Կարապետյանը նշեց. «Լավրովի ու մյուսների առաջարկը խոշոր հաշվով այն էր, որ վատ չի լինի, եթե Թուրքիան դառնա Ղարաբաղյան հակամարտությանն առնչվող հարցերի լուծման մասնակից: Պարզ է, որ դա կապվում էր տնտեսական եւ այլ խնդիրների հետ: Ուստի Սերժ Սարգսյանը պատասխանում է Պուտինին` մեջբերելով բոլոր խութերը: Այսինքն՝ որ ինքը դեմ է գնացել, համոզել, որ ստորագրի այդ արձանագրությունները, ինչը տեղի ունեցավ ՌԴ-ի, ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի ԱԳ նախարարների ներկայությամբ: Փաստորեն, Սերժ Սարգսյանը հասկացնում է, որ դուք երաշխավոր եք կանգնել, ես մտել եմ այդ ամենի մեջ` համոզելով սփյուռքին, ինձ վրա քարեր նետելով, բայց այդ ամենից հետո չեն կարողանում ստիպել Թուրքիային, քանի որ նա այդ հարցը կապում է Ղարաբաղի անվտանգության գոտու հետ»:
Ըստ «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահի` Սերժ Սարգսյանը զգուշացնում է, որ եթե այս ամենը կապվելու է Ղարաբաղի հետ կամ այս դիրքորոշմամբ Թուրքիային հրավիրելու հետ, անիմաստ է: Այսպիսով Սերժ Սարգսյանը պատասխանում է Ռուսաստանի ապագա առաջարկներին:

Մեր այն դիտարկմանը` փաստորեն Սերժ Սարգսյանը մերժում է նաեւ «Լավրովի պլա՞նը», պարոն Կարապետյանը պատասխանեց. «Ինչքան գիտեմ՝ նման պլան այդպես էլ մինչեւ վերջ չհաջողվեց կառուցել, Սերժ Սարգսյանը մերժում է այդ մտադրությունները: Նա հետաքրքիր բան է հավաստում, ինչը ես ասում էի մեկ տարի առաջ, որ համանախագահների` Վիեննայում եւ Սանկտ Պետերբուրգում առաջարկած ոչ մի կետ չի կատարվել, խոսքը մշտադիտարկման մասին է»:

Մեր այն հարցին` միգուցե այս հայտարարությունները նաեւ կապված էին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ընտրությա՞ն հետ, քանի որ հասկանալի է, որ որոշակի աշխարհաքաղաքական փոփոխություններ է նրա պաշտոնավարումը ենթադրում, մեր զրուցակիցը պատասխանեց. «Սերժ Սարգսյանը հասկացնում է, որ եթե ոչինչ չի կատարվում պայմանավորվածություններից, ապա Թրամփի գալուց հետո աշխարհաքաղաքական ուղղվածությունը ԱՄՆ-ի կարող է մի քիչ այլ լինել, այս պարագայում Սերժ Սարգսյանը հարց է բարձրացնում, թե նշված խնդիրների լուծումը ո՞րն է լինելու: Դրա համար Սերժ Սարգսյանը փորձում է բոլորի պատասխանը տալ` ասելով, որ ոչ մի բան չի կատարվում, որ նախապատերազմական շեմին ենք, փաստացի կռիվ է գնում: Սերժ Սարգսյանը նաեւ ասաց, որ եթե պատերազմ լինի, Ադրբեջանը կոնկրետ կորուստներ է ունենալու: Սա նշանակում է, որ Սերժ Սարգսյանի մոտ հույս չի մնացել, թե համանախագահները ինչ-որ խնդիր կկարողանան լուծել»:

Մեր այն հարցին` փաստորեն ՀՀ նախագահն Արեւմուտքից սպասելիքնե՞ր ունի, եւ այս պարագայում նախագահ Թրամփի՞նն է արձագանքելու հերթը, Արամ Կարապետյանը պատասխանեց. «Վերջին սրացումը, որ եղավ Թալիշի ուղղությամբ, ուներ աշխարհաքաղաքական բաղադրիչ: Ալիեւը ուզում է ցույց տալ, որ Թրամփն իրենց ավելի մոտ է, եւ նրա գալով կարող են թույլ տալ բաներ, որ չէին կարող առաջ: Դրան միանգամից եղավ ՌԴ-ի պատասխանը` համատեղ հայ-ռուսական զորամիավորման հրամանագրի տեսքով, քանի որ Պուտինը հասկացավ, որ պատերազմն անխուսափելի է: Ուստի Ադրբեջանին ցույց տվեց, թե՝ «տղա ջան, մենք այնտեղ առկա ենք»:

Արամ Կարապետյանը չի կարծում, թե Դոնալդ Թրամփը որեւէ կերպ կարձագանքի. «Նա ընդհանրապես որեւէ հարցի շուրջ, բացի ներքաղաքական թեմաներից, կոնկրետ դիրքորոշում չի հայտնում: Սա էլ խառնաշփոթ է մտցրել: Առաջին անգամ է, որ ԱՄՆ նախագահն իր ճառում որեւէ կոնկրետ ուղղությունների չի անդրադառնում: Ստեղծվել է վակուում, ոչ ոք չգիտի նրա դիրքորոշումը Թուրքիայի հարցով, սիրիական պատերազմին, Հարավային Կովկասին վերաբերող խնդիրների շուրջ»:

 

ՏԱԹԵՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

«Առավոտ»

18.11.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930