Լրահոս
Օրվա լրահոսը

Արամ Սարգսյանը՝ Լեւոն Տեր-Պետրոսյանի նախընտրական պայքարի եւ իր նոր կատարյալ թիմի մասին

Դեկտեմբեր 12,2016 14:47

«ՀՀ Սահմանադրությունը չի արգելում ո՛չ Լեւոն Տեր-Պետրոսյանին, ո՛չ Գագիկ Ծառուկյանին ընդդիմադիր դաշտում գործել: Իրենք այդ հայտը ներկայացրել են: Լեւոն Տեր-Պետրոսյանի մասով չեմ կասկածում, որ կծավալի ընդդիմադիր գործունեություն, Գագիկ Ծառուկյանի մասով ժամանակը ցույց կտա»,-այսօր հրավիրած ասուլիսում «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանն այսպես պատասխանեց լրագրողների հարցին, թե առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը, Գագիկ Ծառուկյանը որքանո՞վ կարող են խանգարել ընդդիմությանը՝ քաղաքական դաշտում:

Նա ասաց, որ իրենց գործունեությունը չեն պայմանավորում այդ ուժերի հրապարակ մտնելով կամ չմտնելով:

Հիշեցնենք, որ այսօր «Քաղաքացիական պայմանագիր», «Հանրապետություն», «Լուսավոր Հայաստան» կուսակցությունները ստորագրեցին հուշագիր առաջիկա խորհրդարանական եւ Երեւանի ավագանու ընտրություններին համատեղ դաշինքով մասնակցելու վերաբերյալ:

Արամ Սարգսյանը հայտարարեց, որ իրենց պայքարը ներկա իշխանության դեմ է, վարչախմբի դեմ. «Այն աշխատում է մեկ սկզբունքով՝ փող ծախսել իշխանության գալու համար, իշխանություն գալուց հետո փող աշխատել՝ այդ իշխանությունը պահելով: Արդյունքում՝ մենք մնում ենք աղքատ, իրենք՝ անընդհատ իշխանություն ու փող են աշխատում: Մեր խնդիրն է այս իշխանությունը փոխել: Եթե այդ գործընթացում Լեւոն Տեր-Պետրոսյանը եւ Գագիկ Ծառուկյանն իրենց ներդրումը կունենան, միայն ողջունելի կլինի»:

Հարցին՝ հայտարարվեց, որ դաշինքը կուսակցություն կարող է ստեղծել, ո՞վ է լինելու կուսակցության նախագահը, արդյոք ամբիցիաներ չկա՞ն՝ Արամ Սարգսյանը պատասխանեց. «Մենք միավորվել ենք հաղթելու համար, մենք կաշկանդած չենք մեր խոսքի մեջ: Մեր անցած ուղին մաքուր է, մեզ բանտերով չեն վախեցնի, չկան կոմպրոմատներ մեզ վրա»: Նա ասաց, որ միավորումը հանրային պահանջ է, իրենք էլ միավորվել են՝ պայքարել եւ պայքարում են իշխանությունների դեմ: Արամ Սարգսյանն ասաց, որ իրենց թիմը կատարյալ թիմ է, հանրությունը դեռ իրենցից շատ բան է ունենալու լսելու. «Ինչ վերաբերում է մեկ կուսակցություն դառնալուն, իսկ ի՞նչն է ինքնանպատակ, մենք «Հանրապետություն» կուսակցությունը սրանից 15 տարի առաջ չենք ձեւավորել, որ ասենք, դառնանք 110 տարեկան, խնդիրը դրանում չի, մենք ձեւավորել ենք, որ լավ Հայաստան ունենանք ու ձգտելու ենք դրան»:

Էդմոն Մարուքյանն էլ վստահեցրեց, որ որեւէ մեկը ամբիցիաների խնդիր չունի իրենց թիմում:

Սասուն Միքայելյանի խոսքերով էլ՝ «Այստեղ կանգնածներից ոչ մեկի ուշքը չի գնում, որ նախագահ դառնա: Նախագահ կարող է դառնալ ոչ թե այս երեքիցս մեկը, այլ մի անհատ, որ կկարողանա առաջնորդի այս երեք կուսակցությունները համատեղ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031