«Քաղաքացիական պայմանագիր», «Հանրապետություն», «Լուսավոր Հայաստան» կուսակցությունները ստորագրեցին հուշագիր առաջիկա խորհրդարանական եւ Երեւանի ավագանու ընտրություններին համատեղ դաշինքով մասնակցելու:
Կողմերը դաշինքում ամրագրել են , որ դաշինքի գործունեության, այդ թվում՝ նոր ուժերի ներգրավման վերաբերյալ որոշումները ընդունվելու են կոնսենսուսով՝ փոխհամաձայնեցմամբ: Բանակցություններ են սկսելու նաեւ միասնական կուսակցություն ստեղծելու վերաբերյալ: Հուշագրում ամրագրված է նաեւ, որ հետամուտ են ՀՀ-ում եվրոպական մոդելին՝ իրավական, ժողովրդավարական, սոցիալական պետության կառուցմանը:
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Սասուն Միքայելյանն իր ելույթում ասաց, որ որպեսզի կարողանան ժողովրդին դուրս բերել իշխանության ջլատող քաղաքականությունից՝ այդ քայլին դիմեցին: Նա կոչ արեց ազատամարտիկներին սատարել իրենց:
Հանրապետություն կուսակցության քաղխորհրդի նախագահ Արամ Սարգսյանի խոսքերով՝ «Սա մեր կուսակցության 15–ամյա գործունեության 3-րդ դաշինքն է: Առաջինը «Արդարությունն» էր, որ Հոկտեմբերի 27-ից հետո հանրային պահանջով ձեւավորված՝ դատապարտված էր կրկնօրինակել Կարեն Դեմիրճյանի եւ Վազգեն Սարգսյանի Միասնություն դաշինքին: «Արդարությունը» որոշակի արդյունքներ գրանցեց, բայց կարճ ժամանակում պարզ դարձավ, որ կրկնօրինակը չի կարող կրկնություն դառնալ: Երկրորդը ՀԱԿ-ն էր, որում մենք ունեինք աշխարհաքաղաքական եւ ներքաղաքական գործունեության եւ մարտավարական հարցերին վերաբերող տարաձայնություններ: ՀԱԿ-ում գիտեին, որ ընտրություններից հետո «Հանրապետությունը» դուրս է գալու դաշինքից՝ հրաժարվելով իր բոլոր հնարավորություններից»: Նա ասաց, որ պարտավոր էին լինել ՀԱԿ-ում, որովհետեւ բարոյական պարտք ունեին Մարտի 1-ում զոհված իրենց ընկերների առաջ:
Կարդացեք նաև
Արամ Սարգսյանը հայտարարեց. «Այսօրվա դաշինքը տարբերվում է նախորդներից: Առաջին հերթին եռյակը ձեւավորվել է գաղափարական հենքի վրա՝ ի սկզբանե քննարկելով թե աշխարհաքաղաքական, մարտավարական եւ ռազմավարական, ապագային միտված բոլոր հարցերը»:
Արամ Սարգսյանն ասաց, որ իրենց մղումները անկեղծ են, նպատակները՝ բարի եւ անշահախնդիր:
«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանն էլ ասաց, որ իր համար չափազանց պատասխանատու օր է այսօր: Նա ասաց, որ երբեւէ չեն եղել ատելության քարոզիչ. «Որպես անքննելի եւ անբասիր ընդդիմադիրներ՝ բժշկի հոգատարությամբ պետք է պայքարենք իշխող ուժից բխող վարակի պես տարածվող կեղծիքի եւ ստի դեմ՝ մեր ընտրողներին ցույց տալով, թե որտեղ է խնդիրների լուծման ուղին»:
Նա ասաց, որ «Հանրապետությունը» եւ «Քաղացիական պայմանագիրը», ի դեմս «Լուսավոր Հայաստանի», ձեռք են բերել անքննելի, անառարկելի եւ անսակարկելի գործընկերոջ:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ


















































