Լրահոս
Օրվա լրահոսը

Ամիրխանյանն իր երգերը վստահել էր անփորձ երգիչների

Դեկտեմբեր 26,2016 13:30

«Ամանորին ընդառաջ» խորագրով երեկոյի երիտասարդ
մասնակիցները առաջին անգամ էին մեծ բեմ դուրս գալիս

Օրերս կոմպոզիտոր, ՀՀ ժողովրդական արտիստ Ռոբերտ Ամիրխանյանը «Արամ Խաչատրյան» համերգասրահում «Ամանորին ընդառաջ» խորագրով հրավիրել էր հեղինակային երեկոյի` մասնակցությամբ Երեւանի էստրադային-ջազային քոլեջի սաների:
Հայաստանյան երաժշտական կյանքում դեռեւս չենք հանդիպել գոնե մի արվեստագետի, որն իր ողջ ստեղծագործական «հաշվետվությունը» վստահեր անփորձ երիտասարդների: Մինչ համերգը այս կարծիքին էին նաեւ Ամիրխանյանի կոլեգաները: Քոլեջի 12 սաները (լուսանկարում) ներկայացրին կոմպոզիտորի՝ տասնամյակներ շարունակ հիթ դարձած, ինչպես նաեւ վերջերս գրված երգերի պրեմիերաներ: Հեղինակի տեքստով ու երաժշտությամբ «Հավատում եմ քեզ» երգի կատարումով էլ հանդես եկավ օպերային երգիչ, քոլեջի տնօրեն Տիգրան Դավթյանը:

Հիշեցնենք, որ սիրված կոմպոզիտորը, բացի իր ավելի քան 300 երգերից, այդ թվում՝ «Քեզ հետ իմ սեր», «Աշնանային մեղեդի», «Ուր եք տղաներ», «Իմ ժամանակ», «Բալենի», «Հայի աչեր», «Ժպտա», «Դինգ-դոնգ» եւ այլն, երաժշտություն է գրել 45 ֆիլմի համար, այդ թվում՝ խաղարկային եւ անիմացիոն:

amirxanyan

«Ամանորին ընդառաջ» խորագրով համերգին մասնակից քոլեջի սաների առջեւ բարդ խնդիր էր դրված, «դժվար» էր մոտենալ երգերի, որոնք ավագ եւ միջին սրենդի հանդիսատեսի հիշողության մեջ դրոշմված են Ռաիսա Մկրտչյանի, Զառա Տոնիկյանի, Էլվինա Մակարյանի, Տաթեւիկ Հովհաննիսյանի, Ռուբեն Մաթեւոսյանի եւ մեր մյուս իրական աստղերի մեկնաբանմամբ:

Երիտասարդների կատարմամբ ամիրխանյանական երգերից միանգամից զգացվում էր կոմպոզիտորի «մասնակցությունը». տասնամյակներ առաջ հետեւյալ ստեղծագործական աշխատաոճն էր գործում՝ կոմպոզիտորը երգը «ծնելուց» առաջ արդեն նկատի ուներ կատարողին, նրա ձայնի դիապազոնը, մաներան եւ այլն: Ակնհայտ էր, որ հեղինակը յուրաքանչյուր սանի հետ հիմնավոր էր աշխատել: Ամենակարեւորը՝ Ամիրխանյանի դասական դարձած երգերը հնչեցին դասական շեշտադրմամբ:

Երեկոյի ավարտին հանդիսատեսը կոմպոզիտորին ու երիտասարդ երգիչներին չէր թողնում հեռանալ, ավելին՝ նրանք «ներխուժեցին» բեմահարթակ եւ իրենց ցանկությունները հայտնեցին ոչ միայն Ամիրխանյանին, այլեւ երիտասարդներին:
Իմիջիայլոց, ոմանք նեղսրտում էին, թե ինչու հայաստանյան ոչ մի TV չի նկարահանում համերգը, որը կարելի էր ամանորի տոներին հեռարձակել, մանավանդ այդ օրերին անընդհատ կրկնվում են տոնական նույն ծրագրերը: Ոմանք էլ կարծիք էին հայտնում, թե կարելի էր օրինակ վերցնել ռուսաստանյան TV-ներից, որոնք տոնական օրերին հրամցնում են տարվա ընթացքում կայացած անվանի արվեստագետների երեկոները, ասենք՝ Ալեքսանդրա Պախմուտովայի, Իգոր Կրուտոյի, Ռայմոնդ Պաուլսի, Իգոր Նիկոլաեւի եւ այլոց:

Հանդիսատեսի մի մասն էլ, հիացած երիտասարդ երգիչների կատարումներով, մտահոգված էր, թե վաղը-մյուս օրը կավարտեն քոլեջը, Ամիրխանյանի եւ մյուս պրոֆեսիոնալների «ձեռքի տակից դուրս կգան» եւ կսկսեն այսօրվա շոու-բիզնեսի մեծաթիվ ներկայացուցիչների օրինակով գումար վաստակել՝ ցածրորակ երգեր հրամցնելով: Հանդիսականներից մեկը նույնիսկ հավաստիացրեց, թե, օրինակ, հարսնաշորի մասին համապատասխան արարողությունների ժամանակ երգ կատարելով 1000-ներ է աշխատում: Կամ՝ որոշներն էլ տառապելով ճանաչված լինելու մարմաջով, երգում են ամեն ինչ, արդարանալով, թե լսարանը դա է պահանջում, այդ արտահայտությամբ վիրավորելով մի ազգի, որը ունի Կոմիտաս, Խաչատրյան…

Անդրադառնալով Ռ. Ամիրխանյանի արվեստին, նրա մեկ-երկու կոլեգաներն էլ «տեղեկացնում» էին հանդիսատեսին, թե կոմպոզիտորը բացի սիրված երգերից, իր շուրջ կեսդարյա ստեղծագործական գործունեության սկզբում գրել է հիանալի կոնցերտներ, օրինակ՝ դաշնամուրի եւ լարային քառյակի համար, «Քաղքենին՝ ազնվական» օպերետը, «Ատամնաբույժն արեւելյան», «Դինգ-դոնգ», «Շախ եւ մատ» մյուզիքլները եւ այլն:

 
ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ»

24.12.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031