Լրահոս
Օրվա լրահոսը

Հայերը մուայթայ նորընտիր օլիմպիական մարզաձեւում իրենց լավ են զգում

Հունվար 18,2017 17:09

Անցած տարվա վերջին ՄՕԿ-ը արեւելյան IFMA MUAYHAY մարտարվեստն ընդգրկեց օլիմպիական ընտանիք:

Այս առիթով հրավիրված մամուլի ասուլիսում Հայաստանի մուայթայ ֆեդերացիայի հիմնադիր եւ նախագահ Արտակ Բրուտյանը խոսեց 2017 թվականի անելիքների եւ ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության հետ համագործակցության ծրագրերի մասին:

Նրա ներկայացմամբ, IFMA մուայթայը Հայաստանում գործունեությունը սկսել է 2010 թվականին որպես ակումբ, իսկ մեկ տարի անց գրանցվել է որպես ֆեդերացիա եւ միջազգային ֆեդերացիայի կողմից ճանաչված միակ ֆեդերացիան է Հայաստանում: Պարոն Բրուտյանը տեղեկացրեց նաեւ, որ իր ղեկավարած ֆեդերացիան մասնաճյուղեր ունի Արմավիրում, Արարատում եւ Գեղարքունիքում, ինչպես նաեւ 10 գործող ակումբներ մարզերում: Անդրադառնալով այս տարիներին իրենց սաների մարզական նվաճումներին, ֆեդերացիայի նախագահը նշեց, որ մեր մարզիկները մեդալներ եւ մրցանակային տեղեր են զբաղեցրել մեծահասակների աշխարհի ու Եվրոպայի առաջնություններում, հաղթող ու մրցանակակիր դարձել միջազգային, այդ թվում նաեւ՝ պրոֆեսիոնալ ամենահեղինակավոր մրցաշարերում:

Մրցաշրջան 2017-ը կմեկնարկի մարտ ամսին, երբ մեծահասակների հավաքականի երեք անդամներ՝ 57 կգ քաշային Գոռ Նազարյանը, ՌԴ թիմի կազմում 63,5 կգ քաշային կարգում աշխարհի ու Եվրոպայի չեմպիոնի տիտղոսները նվաճած Ալբերտ Ամիրջանյանը, որը այս տարվանից հանդես է գալու Հայաստանի դրոշի ներքո եւ 71 կգ քաշային Արմեն Գրիգորյանը ուսումնամարզական հավաքի կմեկնեն Թաիլանդ, որից հետո՝ արդեն մայիս ամսի սկզբին, Մինսկում հանդես կգան մեծահասակների աշխարհի առաջնությունում:

Aravot.am-ի հարցին, թե մուայթայն արդեն 2020 թվականի օլիմպիական խաղերի ծրագիր մտցվե՞լ է, Արտակ Բրուտյանը պատասխանեց. «Մարզաձևն ընտրվել է Օլիմպիական խաղերի ընտանիք: Այս պահին չեմ կարող ձեր հարցին ճշգրիտ պատասխանել, քանի որ երկու տարբերակ կա օրակարգում. Կամ որպես սկիզբ Տոկիոյում մույթայի ցուցադրական մրցելույթներ կազմակերպել, կամ նորամուտն առայժմ իրականացնել երեք քաշային կարգերում մրցումով: Այդ ամենի վերջնական պատասխանը, կարծում եմ, կլինի երեք տարվա ընթացքում»:

Մինչեւ հիմա ֆեդերացիան գործել է իր հայթայթած միջոցներով եւ հովանավորների աջակցությամբ: Սակայն մարզաձեւն օլիմպիական ընտանիք ընդգրկվելուց հետո Արտակ Բրուտյանը հանդիպել է սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանի հետ: Նրանք քննարկել են առարկայական համագործակցության՝ սկսած պետական ֆինանսավորման, վերջացրած մարզական հստակ ծրագրերի մշակման հետ կապված հարցեր:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031