Լրահոս
Օրվա լրահոսը

«Ե՞րբ ենք լավ ապրելու». Ավանում հարցրեցին Կարեն Կարապետյանին

Մարտ 13,2017 22:57

«Այդ դեպքին ծանոթ չեմ, սակայն յուրաքանչյուր նման միջադեպի վերաբերվում եմ շատ վատ: Մեր կուսակից ընկերների հետ հանդիպմանը բազմիցս խոսել ենք դրա մասին և հորդորել, որ այս ընտրությունների ժամանակ պետք է ներդնենք ավելի հանդուրժողական մշակույթ, մրցակցությունը լինի գաղափարական, պիտակ չկպցնենք, չսևացնենք: Ես չգիտեմ՝ ինչ է կատարվել այնտեղ, բայց շատ վատ եմ վերաբերվում: Կփորձեմ հասկանալ»,- այսօր Երեւանի Ավան վարչական շրջանում ընտրողների հետ հանդիպման ժամանակ ասել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն`անդրադառնալով նախօրեին, ՕՐՕ դաշինքի շուրջ տեղի ունեցածին:

Հիշեցնենք, Ջրառատ գյուղում, քարոզարշավից հետո, Լեւոն Երանոսյանի բարեկամ գյուղապետը սպառնալիք էր հնչեցրել դաշինքի համակիրի հասցեին: Տեղի է ունեցել վիճաբանություն, հնչել են կրակոցներ, կան մարմնական վնասվածք ստացածներ:

Մինչ քաղաքացիների հարցերին պատասխանելը, վարչապետ Կարեն Կարապետյանը ներկայացրեց ՀՀԿ-ի ծրագիրը: Կարեն Կարապետյանն այն որակում է «համալիր ծրագիր», որը պատասխանում է հիմնական հարցերին` որտե՞ղ ենք, ի՞նչ խնդիրներ ունենք, ո՞ւր ենք ուզում հասնել, ի՞նչ պետք է անենք դրա համար և ո՞վ պետք է անի: «Իրականում ծրագիրը բավականին ամբիցիոզ է, հավակնոտ և միաժամանակ իրատեսական»,- ասաց վարչապետը:

Հիշեցնենք, թեեւ վարչապետ Կարեն Կարապետյանը ՀՀԿ-ի նախընտրական ցուցակում ընդգրկված չէ, սակայն, քարոզարշավի հիմնական բեռը նրա ուսերին է դրված:

Քաղաքացիները վարչապետից հետաքրքրվեցին աշխատավարձերի, կենսաթոշակների բարձրացման հնարավորություններով: «Պետությունը, միանշանակ, պետք է կանգնի սոցիալապես անապահովի կողքին: Մենք բավականին մեծ բարեփոխումներ ենք ծրագրել սոցիալական, առողջապահության ոլորտներում, որի հիմնական նպատակը հետևյալն է. մենք չենք լուծում բոլոր սոցիալական խնդիրները, որոնք կան սոցիալապես անապահովների մոտ, բայց նույնիսկ այս պարագայում, սուղ պայմաններում մենք ունենք պրոբլեմներ, որ էֆեկտիվ չենք այդ գումարները ծախսում և մեկ-մեկ հասցեն սխալ ենք ընտրում»,-ասաց վարչապետը` հավելելով, որ նշյալ ոլորտներում կարիք կա համակարգային այնպիսի մեծ  բարեփոխումներ իրականացնելու, որոնք հնարավորություն են  տալու նույն բյուջեի պարագայում ավելի որակյալ ծառայություն մատուցել և դաշտը 20-30 անգամ մեծացնել:

Քաղաքացիներից մեկի հարցին`իրենց ծրագրերի իրականացման արդյունքում որքա՞ն աշխատատեղ կբացվի, վարչապետը պատասխանեց. «Ես մի քանի անգամ ասել եմ, որ խոստում տալուց բավականին ժլատ եմ, քանի որ, երբ խոստում եմ տալիս, ցանկանում եմ անպայման դրա տակից դուրս գալ: Իրականում վստահ եմ, որ ինչ գործողություններ, ծրագրեր ունենք, բերելու է տնտեսության աճի, որը կախված է ոչ միայն կառավարությունից, այլ նրանից, թե բիզնես միջավայրը, բնակչությունը ոնց կաշխատի»,-ասաց նա`հավելելով, որ առաջնային խնդիրը համարում է  հետադարձ կապը հասարակության, բնակչության, գործարարի հետ:

«Ես հավատում եմ, որ երկու-երեք տարվա մեջ, եթե այդ կապը ապահովենք, եթե զգալի, չափելի արդյունքներ կունենանք, թվեր եկեք չասեմ»,-հավելեց նա:

Մեկ այլ քաղաքացի էլ վարչապետի ոճով՝ իրեն հարց տվեց`ե՞րբ ենք լավ ապրելու: Ի պատասխան Կարեն Կարապետյանն ասաց. «Դե եթե իմ ոճով, ապա շարունակեք, երբ ես հարցը տալիս եմ, պատասխանն էլ եմ տալիս: Ասեմ հետևյալը՝ չի լինելու մի պահ, որ մենք մեր առաջ նոր հորիզոն չդնենք և բավարարված լինենք ամեն ինչով: Մենք մեր հիմնական խնդիրը դրել ենք այն, որ հաշվետվություն տալու ժամանակ յուրաքանչյուր քաղաքացի զգա, որ ճիշտ ուղղությամբ ենք գնում և մեր գործառույթը կայանում է նրանում, որ բացի դրանից մենք կարողանանք բացատրել, որ այդ փոփոխությունները մաքսիմալին մոտ են այն հնարավորությունների և սահմանափակումների մեջ, որոնք մենք ունենք»:

Ավանի բնակիչների հետ հանդիպմանը մասնակցում էին նաև ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031