Խորհրդարանում իրար են ուտում՝ փոխաբերական առումով, իսկ մեր քաղաքների, գյուղերի փողոցներում եւ այլ բաց տարածքներում տարեցտարի տեր ու տիրական դարձած, արդեն իրենցը թելադրող թափառող շները, նրանց ոհմակները շուտով գուցե կսկսեն հենց ուղիղ իմաստով մարդ ուտել: Ներողություն, գեղեցիկ չի հնչում, բայց ինքնիրեն եկավ համեմատությունը: Ուրիշ էլ ինչպե՞ս ասենք, որ պետությունը ներկայացնող բարձրաստիճան պաշտոնյաները արդեն տագնապալի չափերի հասած այս խնդիրն էլ վերջապես լուրջ ընդունեն ու քայլեր ձեռնարկեն: Միայն չասեք՝ դա համայնքային խնդիր է. դրա ներկա չափերը, լուծման պահանջվող ոչ ձեւական, արդյունավետ կազմակերպչական ու ֆինանսական միջոցները դուրս են համայնքների եւ նրանց բյուջեների հնարավորության սահմաններից:
Այսօրվա առանց այն էլ բազում մարտահրավերների ու դրանց հարուցած մտահոգությունների, մարդկանց հոգսերի ու երկրում ամեն օր գեներացվող ներքին թշնամանքի հյուծիչ մթնոլորտն իբր քիչ է, այդ ամենին գումարվում է նաեւ բոլորիս անպաշտպանվածությունը շների հարձակման շարունակաբար աճող վտանգից: Որից հիմա դու քո բնակավայրում, երբեմն քո թաղամասում անգամ օրվա ոչ մի ժամի ապահովագրված չես: Իսկ այդ հարձակման ենթարկվելն ու դրա հետեւանքն էլ միայն քո հոգսն են, տվյալ կենդանին կամ կենդանիներն էլ մնում են այլոց նկատմամբ շարունակելու նույնը, ի դեպ՝ նաեւ տարբեր կենդանապաշտպանների անուղղակի խրախույսով: Առավել եւս, երբ մարդը օրվա մի «անհարմար»՝ վաղ առավոտվա կամ արդեն գիշերային ժամի (երբ կենդանիները, նաեւ, ոհմակով են) գնում է, ասենք, գնացքի, հեռավոր երթի ավտոբուսի հասնելու, հացթուխը, երկաթուղայինը, մյուս-մյուսը գործի է գնում, վերադառնում կամ մեկ այլ անհրաժեշտությամբ դրսում է, նա մեծագույն, անկանխատեսելի ռիսկի է ենթարկվում՝ դրանից բխող նաեւ հոգեբանական, առողջական հետեւանքներով: Վտանգի են ենթակա թեկուզ ցերեկով դպրոց, պարապմունքի գնացող-եկող մանուկը, երեխան, բոլորը՝ մեծ ու փոքր:
Այս ամենը տարբեր մակարդակի, մանավանդ բարձրաստիճան պաշտոնյաների արագընթաց ծառայողական մեքենաներից կամ շքախմբով շարժվելիս, իհարկե, չի երեւում, ու խնդրի չափերի մասին պատկերացում չի ստեղծվում:
Մեր ներկա բոլոր խնդիրների համեմատ սա փոքր թվացող, բայց բոլորիս առողջությանն ու անվտանգությանը վերաբերող խնդիր է: Իսկ քաղաքացիների կյանքի ու առողջության պաշտպանությունը յուրաքանչյուր պետության պարտականությունն է: Նշված խնդիրը, կարծում ենք, հարկ է որ ներառվի դրան ուղղված պետական ջանքերում, մինչեւ լուծում ստանալը եւ իրավիճակի հետագա վերահսկողության ապահովումը:
Կարդացեք նաև
Գեղամ ՄԿՐՏՉՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» շաբաթաթերթում



















































