Լրահոս
Օրվա լրահոսը

«Շիկահողի տարածքում խաղաղություն չի նշմարվում». Շիկահողն ու Ներքին Հանդը՝ գերմանացի լրագրողի հայացքով. «Ազգ»

Նոյեմբեր 13,2026 09:00 Share
Աջակցեք aravot.am-ին

Գերմանացի լրագրող Միշայել Շտելցլը (Michael Stelzl) շաբաթներ առաջ Հայաստան ժամանելով, linkedin -ում Ծիծեռնակաբերդից լուսանկար էր հրապարակել՝ կից գրառմամբ, թե Երեւան ժամանելուն պես առաջինը բարձրացել է ուխտատեղի՝ Հայոց ցեղասպանության հուշահամալիր: Նա նշել էր, որ ՀՀ կառավարությունը նախորդների  նման չի հետեւում հիշողության մշակույթին, քանի որ ուզում է բարելավել հարաբերությունները հարեւանների հետ, իսկ Թուրքիան ցայսօր չի ճանաչում օսմանյան կայսրության ժամանակ իրագործված ցեղասպանությունը: Շտելցլն արդեն վերադարձել է Գերմանիա եւ նոյեմբերի 8-ին գերմանական երկու լրատվամիջոցում՝ n-tv-ում եւ «Աուգսբուրգեր ալգեմայնե»-ում այցի մասին հոդվածներ է հրապարակել:

…Նրա «Եվրոպայի մոռացված պատերազմը. Ուկրաինայից հեռու դեռեւս մոլեգնում է երկրորդ լուրջ հակամարտությունը» վերնագրով հոդվածը լույս է տեսել  նոյեմբերի 8-ին «Աուգսբուրգեր ալգեմայնե»-ում: «Տարիներ ի վեր է, ինչ ադրբեջանական զորքերը գրավել են Հայաստանի որոշ տարածքներ: Այցելություն մի վայր, որի բնակիչները ցանկացած պահի կարող են երեք կողմից գնդակոծվել», գրում է Շտելցլը Շիկահողի, Ներքին Հանդի մասին իր հրապարակման նախաբանում:

«Վատ բուժված վերքերի նման են նոր ճանապարհները հատում Շիկահողի արգելոցի խիտ անտառապատ բլուրները: Հարյուր հազարավոր տարիներ այն Սյունիքի մարզի բնական ու կուսական զարդն է եղել, ընձառյուծերի, արջերի եւ իժերի բնակատեղի, Հայաստանի մեծությամբ երկրորդ անտառ արգելոցը: Հնամենի անտառի մեջ ադրբեջանցի զինվորականները ճանապարհներ են շինել՝ ծառեր հատելով», նկարագրում է  Միշայել Շտելցլը:

«ԼՂ երկրորդ պատերազմի ժամանակ հարեւան պետության զորքն առաջին անգամ այս տարածք ներխուժեց 2021-ին: 2022-ի սեպտեմբերից ի վեր նրանք բռնագրավել են տարածաշրջանի մեծ մասը՝ հայոց հողի վրա ճանապարհ ու դիրքեր են կառուցում, ամրաշինական աշխատանք կատարում՝ վախեցնելով տեղաբնակներին: Ներքին Հանդի մանկապարտեզը վաղուց է փակվել, 1 աշակերտ ունեցող դպրոցն էլ հավանաբար շուտով կփակվի: Արգելոցի եզրին գտնվող Ներքին Հանդը փոքրիկ դրախտավայր կլիներ, եթե բնակիչները երեք ուղղություններով անընդհատ  ադրբեջանցի զինվորների կրակոցների թիրախում չլինեին: Հայ զինվորները վերահսկում են մուտքի միայն մեկ ճանապարհ, սպառնալիքը միշտ առկա է», Ներքին Հանդի բնակիչ 35-ամյա Հարութ Աղաթելյանի (լուսանկարում) խոսքն է մեջբերում գերմանացի հոդվածագիրը եւ շարունակում. Գործազուրկ է Ներքին Հանդում բնակվողների մեծ մասը: Ով կարողանում, հեռանում է, բայց արգելոցի պահակ Աղաթելյանը գյուղը լքելու մտադրություն չունի: Քանի որ արգելոցը մասամբ օկուպացված է, Աղաթելյանն անտառով ազատ չի կարողանում տեղաշարժվել:

Ստիպված է ականջալուր լինել հայ զինվորականների՝ անվտանգ ճանապարհների մասին հրահանգներին: Տարածքի մեծ մասն ականապատ է, գրում է  Շտելցլը: «Ամեն գիշեր պայթյուն է լսվում, վայրի կենդանիներն ականների վրա են ոտք դնում, մի արջ տեսա, ոտքը կորցրել էր: Գյուղաբնակներն անասուն էլ չեն պահում, արոտավայրի ճանապարհին էլ ականներ կան», անտառապահ Աղաթելյանի պատմածն է ներկայացնում գերմանացի հոդվածագիրը: Հղում անելով «Սիվիլնեթին» արձանագրում է, որ Ադրբեջանի բանակը վերահսկում է ՀՀ տարածքի մոտ 240 քառակուսի կիլոմետրը, որի մոտ 20 քառակուսի կիլոմետրը, ըստ Կապանի փոխքաղաքապետ Մարատ Հարությունյանի, Շիկահողի տարածքում է: Ադրբեջանական ԶՈՒ-ի ձեռքում է եւս 5 քառկմ, որ շրջակա գյուղերի տարածքում է, ինչպիսին Ներքին Հանդն է, նշում է «Աուգսբուրգեր ցայթունգի» հոդվածագիրը, որ մեջբերում է Հարությունյանի ասածը, թե «ներկայացված թվերը ողջ պատմությունը չեն շարադրում»:

Թերթի հրապարակումը տեղեկացնում է, թե Թրամփի միջնորդությամբ խաղաղության հուշագիր է կնքվել, եւ առնվազն մեկ տարի է կրակոցներ չկան, բայց նախկինում ցորեն եւ եգիպտացորեն աճեցնող տարածքի բնակիչներն իրենց դաշտերի ավելի քան 90 տոկոսն այլեւս չեն կարող օգտագործել: «Սակայն Շիկահողի տարածքում խաղաղություն չի նշմարվում: Ընդհակառակը՝ ադրբեջանական բանակը ռազմական նպատակներով հատում է հնամենի կուսական անտառը՝ ամռանը մոտ 60 հեկտար, գրում է Շտելցլը՝ հղում տալով «Հետքին»: Բազմաթիվ բլուրների վրա դիրքեր են հաստատել, որոշ դեպքերում ադրբեջանական դրոշն այնպես է տեղադրվել, որ հակառակ կողմի համար տեսանելի լինի», գրում է  «Աուգսբուրգեր ցայթունգի» հոդվածագիրը, ներկայացնում Հարությունյանի ասածը՝ «Այս պահին լուռ է, բայց ամեն օր կարող է պատերազմ սկսվել: Տեսնում ենք, որ ադրբեջանական կողմը զինվում է»:

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ
 
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» շաբաթաթերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Նոյեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30