Վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Համաշխարհային հայկական գագաթնաժողով 2026»-ի ժամանակ հանդես է եկել բանախոսությամբ՝ ներկայացնելով «իրական Հայաստանի» գաղափարախոսության հիմնադրույթները։
Վրթանես քահանա Բաղալյանը, «Հրապարակի» հետ զրույցում խոսելով Նիկոլ Փաշինյանի այս հայտարարությունների մասին, ասում է. «Կարծում եմ, որ Նիկոլ Փաշինյանը բացարձակ անտեղյակ է: Այ, եթե «Հայոց եկեղեցու պատմություն» առարկան դպրոցական ծրագրից հանելու փոխարեն ուսումնասիրեին, գուցե իմանային, որ քրիստոնեությունը՝ որպես պետական կրոն, առաջինն ընդունել է Հայաստանը: Գուցե նաեւ իմանային, որ Գրիգոր Լուսավորիչը Սահակ Արիստակեսին ձեռնադրել է Հայաստանում, գուցե իմանային, որ մինչեւ Ներսես Մեծը` Հայաստանում այլոք էլ են ձեռնադրվել: Եթե, օրինակ, հայոց պատմություն իմանային, կարիք չէր լինի նրանց բացատրելու, որ Պապ թագավորը բարոյական չափանիշներ չապահովող կերպար է եղել: Բայց Փաշինյանը որոշ ժամանակ առաջ իրեն նույնացրեց Պապ թագավորի հետ: Եթե նա պատմություն գիտի եւ իրեն նույնացնում է Պապ թագավորի հետ, դա ավելի վատ է: Նա ցածր բարոյական արժեքներ կրող թագավոր է եղել: Նիկոլ Փաշինյանը Եկեղեցուց ակնհայտ վախեր ունի եւ իրեն փորձում է նույնացնել պետության հետ, բայց նա ոչ միայն Եկեղեցու գաղափարը կրող չէ, այլեւ պետականության գաղափարը չի ընկալել մինչ օրս: Նրան կարելի է բնութագրել որպես իշխանատենչ մարդ, որին միայն հետաքրքրում են իր աթոռը, իր կուսակցությունը, նեղ շահերը: Պետականությունը, ազգային արժեքները կարեւորող մարդն իր անձը չի կարող նույնացնել պետության հետ: Անգամ ՏԻՄ ընտրություններին այս մարդը խիստ ագրեսիվ պահվածք է ցուցաբերում։ Վերջերս Եղեգնաձորում տեղի ունեցավ ընտրություն, եւ մենք տեսանք, թե հանուն աթոռի ինչ մրցավազքի մեջ էին մտել անգամ իշխանական «Հանրապետություն» կուսակցության հետ: Գիտե՞ք, թե այդ ամենն ինչի մասին է՝ պետական մտածողությունից զուրկ լինելու: Ո՛չ կրթություն ունեն, ո՛չ պետական մտածողություն, բայց հանդգնում են Եկեղեցու մասին դատողություններ անել: Այս մարդը ոչ միայն հայոց եկեղեցու պատմությունից է անտեղյակ, այլեւ` մեր ժամանակակից պատմությունից: Այնքան անտեղյակ է, որ վերջերս ԱԺ ամբիոնից հայտարարում էր, որ Վեհափառի բանակի ընկերները եպիսկոպոսներ են դարձել, բայց Վեհափառը բանակում չի ծառայել։ Այսինքն` նա այնպիսի ստեր է ասում, որ պարզապես դրանց հավատալն անհնար է: Կամ ասում է` Վեհափառի եղբայրներն արքեպիսկոպոսներ են: Կաթողիկոսի միայն մեկ եղբայրն է արքեպիսկոպոս, ասում է` քրոջ տղաներն արքեպիսկոպոսներ են` միայն մեկ քրոջ տղան է արքեպիսկոպոս: Այս մարդն ասում է բաներ, որոնք իրականությունից խիստ հեռու են: Նույնկերպ կեղծ դատողություններ է անում մեր պատմության մասին: 301 թվականին մենք ենք որպես պետական կրոն առաջինն ընդունել, սակայն քրիստոնեությունը նախքան այդ էլ մեծ տարածում ուներ մեզանում»:
«Հրապարակ»
Հայկ Գևորգյան



















































