Էրդողանը հարթեց թուրք–ադրբեջանական եղբայրության ճաքերը
Լարվածության նախապատմությունը․ երբ «մեկ ազգ, երկու պետություն» սկզբունքը փորձության առաջ էր
Թուրքիայի եւ Ադրբեջանի միջեւ ռազմավարական դաշնակցության, եղբայրության ու անխզելի կապերի մասին հայտարարությունները վաղուց դարձել են երկու երկրների քաղաքական բառապաշարի անբաժանելի մասը։ Սակայն վերջին շաբաթների զարգացումները ցույց տվեցին, որ նույնիսկ «մեկ ազգ, երկու պետություն» կարգախոսով բնութագրվող հարաբերություններում կարող են առաջանալ լուրջ տարաձայնություններ, որոնք բարդ է թաքցնել անգամ դիվանագիտական արարողակարգի հետեւում։
Հոկտեմբերի 30-ին Անկարայում անցկացվեց Թյուրքական պետությունների կազմակերպության 13-րդ գագաթնաժողովը, որին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը չմասնակցեց՝ չնայած Թուրքիայի նախագահ Էրդողանի հրավերին։ Բաքուն ներկայացված էր արտգործնախարարի մակարդակով։ Դիվանագիտական այս քայլը դժվար էր դիտարկել որպես սովորական հանգամանք՝ հաշվի առնելով երկու երկրների հարաբերությունների ցուցադրական ջերմությունը։
Կարդացեք նաև
Ալիեւի բացակայությունը գագաթնաժողովին տեղի ունեցավ այն ժամանակ, երբ երկու երկրների միջեւ տարաձայնությունները բուռն քննարկվում էին։ Դրանցից մեկը Ադրբեջանում դպրոցական համազգեստի նոր կանոններն էին եւ հիջաբ կրող աշակերտուհիների՝ դասերին մասնակցելու սահմանափակումների վերաբերյալ տեղեկությունները։ Թուրքիայում այդ որոշումը քննադատության արժանացավ քաղաքական եւ հասարակական գործիչների կողմից, որոնք Բաքվին մեղադրում էին իսլամական արժեքները խախտելու մեջ։ Քննադատողների թվում էր նաեւ Էրդողանի գլխավոր խորհրդական Օքթայ Սարալը, որը հայտարարել էր, թե կրթության իրավունքը չի կարող զոհաբերվել որեւէ գաղափարախոսական ճնշման։
Բաքվի արձագանքը կոշտ էր։ Ադրբեջանի գլխավոր դատախազությունը քրեական գործեր հարուցեց մի քանի թուրք լրագրողների եւ հասարակական գործիչների նկատմամբ՝ կրոնական ատելություն հրահրելու կասկածանքով։ Այսպիսով, ներքին կրթական եւ կրոնական քաղաքականության հարցը վերածվեց երկու երկրների միջեւ հրապարակային անհամաձայնության։
Մյուս տարաձայնությունը վերաբերում էր Ադրբեջանի եւ Իսրայելի սերտ հարաբերություններին։ Այս հարցը եւս զգայուն էր Անկարայի համար՝ հաշվի առնելով թուրքական քաղաքական ու հասարակական շրջանակներում առկա մոտեցումները։
Լարվածության խորացման մասին խոսուն ազդակ էր նաեւ նոյեմբերի 3-ին թուրքական իշխանամետ «Yeni Şafak»-ի խմբագրի հրապարակումը։ Անդրադառնալով գագաթնաժողովին Ադրբեջանի՝ արտգործնախարարի մակարդակով մասնակցությանը՝ նա դա գնահատել էր որպես Բաքվի հավասարակշռող քաղաքականության դրսեւորում։ Հրապարակման մեջ հիշատակվում էր նաեւ, որ ադրբեջանցի բանաստեղծ Բախտիյար Վահաբզադեի՝ 1991-ին գրված «Ադրբեջան-Թուրքիա» բանաստեղծության հայտնի՝ «Մեկ ազգ ենք, երկու պետություն» տողերը, ըստ հրապարակման, Ադրբեջանում պետական մակարդակով հանվել էին շրջանառությունից։ Սա մեկնաբանվում էր որպես Թուրքիայի՝ «ավագ եղբոր» դերակատարման նկատմամբ Բաքվի դժգոհության արտահայտություն։ Հեղինակի գնահատմամբ՝ պետությունների հարաբերություններում գերակշռում են շահերն ու հաշվարկները, մինչդեռ ժողովուրդների կապերը հիմնված են նաեւ մարդկային համերաշխության եւ զգացմունքների վրա։
Անկարայի հաշտեցման ուղերձները, շնորհավորանքների շարքն ու Էրդողանի այցը
Գագաթնաժողովին՝ Ալիեւի բացակայությունից հետո, Անկարան, կարծես, ձեռնամուխ եղավ հարաբերություններում առաջացած լարվածությունը մեղմելուն։ Դրա ամենատեսանելի դրսեւորումը դարձան Էրդողանի շարունակական հայտարարություններն ու շնորհավորական ուղերձները՝ Ադրբեջանի նախագահին եւ ադրբեջանական ժողովրդին։
Հոկտեմբերի 30-ին Թյուրքական պետությունների կազմակերպության գագաթնաժողովում Էրդողանը, խոսելով Հարավային Կովկասի մասին, հայտարարել էր, որ աջակցում է Հայաստանի հետ Ադրբեջանի շփումներին եւ պատրաստ է առավելագույն ներդրումն ունենալ երկու երկրների միջեւ կայուն խաղաղության հաստատման գործում։ Նրա խոսքով՝ տարածաշրջանային հակամարտությունները կողմերից ոչ մեկին օգուտ չեն բերում եւ բացասական հետեւանքներ են ունենում համաշխարհային տնտեսության, առեւտրի ու էներգետիկ շուկաների համար։
Նոյեմբերի 2-ին Էրդողանը, Հարավային Կորեա մեկնելու ճանապարհին, Ադրբեջանի օդային տարածքով թռչելիս շնորհավորական ուղերձ հղեց Ալիեւին եւ ադրբեջանական ժողովրդին՝ Լեռնային Ղարաբաղի «ազատագրման» թեմայով, ապա վստահություն հայտնեց, որ երկու երկրների եղբայրական հարաբերություններն ու համագործակցությունը շարունակելու են ամրապնդվել։
Նոյեմբերի 5-ին, Հարավային Կորեայից Թուրքիա վերադառնալիս, լրագրողները Էրդողանին հարց էին ուղղել՝ արդյոք Ադրբեջանի հետ հարաբերություններում ճգնաժամ կա՞։ Թուրքիայի նախագահը պատասխանել էր, որ արդեն հեռախոսազրույցներ է ունեցել Ալիեւի հետ, եւ շարունակվում են նախագահների ու նույնիսկ նրանց տիկնանց մակարդակով շփումները։ Նա հաստատել էր, որ նոյեմբերի 8-ին նախատեսում է մեկնել Ադրբեջան։
Էրդողանը հատուկ շեշտել էր, որ Թուրքիայի եւ Ադրբեջանի հարաբերությունները շատ ավելին են, քան ավանդական դիվանագիտական շփումները, իսկ երկու երկրների կապը հիմնված է ընդհանուր պատմության, մշակույթի, ճակատագրի եւ ապագայի վրա։ «Թուրքիայի եւ Ադրբեջանի եղբայրության առջեւ չկա որեւէ խոչընդոտ, որը մենք ի վիճակի չլինենք հաղթահարելու»,- վստահեցրել էր նա։
Նոյեմբերի 7-ին Էրդողանը կրկին շնորհավորեց Ալիեւին՝ «հաղթանակի վեցերորդ տարեդարձի» առթիվ։ Նա 2020-ի պատերազմի արդյունքներն անվանեց «ադրբեջանական պատմական հողերի ազատագրում»՝ հայտարարելով, որ «Ադրբեջանի հաղթանակը հպարտության աղբյուր է ողջ թյուրքական աշխարհի համար»։ Թուրքիայի նախագահը վերահաստատեց նաեւ Շուշիի հռչակագրով ամրագրված դաշնակցային հարաբերությունների նշանակությունը։
Նույն օրը մեկ այլ ուղերձում Էրդողանը հայտարարեց, որ Հարավային Կովկասն այլեւս չի ընկալվում որպես հակամարտությունների եւ անկայունության տարածաշրջան, այլ աստիճանաբար վերածվում է համագործակցության եւ զարգացման տարածքի։
Շնորհավորանքների ու ուղերձների այս շարքը փաստում է, որ Անկարան կարեւորում է հարաբերությունների արագ վերականգնումը։
Շռայլ խոսքեր՝ չխաթարվող ռազմավարական կապերի մասին
Նոյեմբերի 8-ին Էրդողանը ժամանեց Ադրբեջան, որտեղ մասնակցեց 44-օրյա պատերազմի ավարտի վեցերորդ տարեդարձին նվիրված միջոցառումներին։ Թուրքիայի նախագահը ժամանել էր տիկնոջ՝ Էմինե Էրդողանի հետ։ Ֆիզուլիի օդանավակայանում նրան անձամբ դիմավորեց Իլհամ Ալիեւը։
Թուրքական պատվիրակությունը բավական ներկայացուցչական էր։ Էրդողանի հետ Ադրբեջան էին ժամանել արտգործնախարար Հաքան Ֆիդանը, հետախուզական ծառայության ղեկավար Իբրահիմ Քալընը, գյուղատնտեսության եւ անտառային տնտեսության նախարար Իբրահիմ Յումաքլըն, ինչպես նաեւ այլ բարձրաստիճան պաշտոնյաներ ու իշխող կուսակցության ներկայացուցիչներ։
Այցի գլխավոր իրադարձությունը դարձավ Շուշիում երկու նախագահների առանձնազրույցը։ Էրդողանի պատվին կազմակերպվեց պաշտոնական արարողություն՝ պատվո պահակախմբով եւ երկու երկրների դրոշներով։ Շուշին այցի խորհրդանշական վայրն էր․ հենց այստեղ 2021-ի հունիսի 15-ին ստորագրվել էր Շուշիի հռչակագիրը, որով ամրագրվեցին երկու երկրների դաշնակցային հարաբերությունները։
Համատեղ մամուլի ասուլիսում էրդողանն ու Ալիեւը ձգտում էին ցույց տալ, որ նախորդ շաբաթների տարաձայնությունները չեն խաթարել երկու երկրների ռազմավարական կապերը։ Էրդողանը հայտարարեց, որ Թուրքիայի եւ Ադրբեջանի հարաբերություններն անցել են բազմաթիվ պատմական փորձությունների միջով եւ հասել ներկայիս բարձր մակարդակին։ Թուրքիայի նախագահը նաեւ ընդգծեց, որ նրանք, ովքեր փորձում են թուլացնել երկու երկրների եղբայրական կապերը, չեն կարողանա հասնել իրենց նպատակներին ո՛չ այսօր, ո՛չ էլ ապագայում։ Նրա գնահատմամբ՝ Ադրբեջանի կողմից Արցախի «ազատագրումը» նոր դարաշրջան է բացել Հարավային Կովկասում։
Իր հերթին Ալիեւը հատուկ ընդգծեց Թուրքիայի աջակցությունը 44-օրյա պատերազմի ընթացքում։ «44 օր շարունակ դուք եւ եղբայրական թուրք ժողովուրդը մեր կողքին էիք։ Դա երբեք չի մոռացվի»,- դիմելով Էրդողանին՝ հայտարարեց Ադրբեջանի նախագահը։ Նա հավելեց, որ Թուրքիայի եւ Ադրբեջանի միասնությունը հավերժ է եւ անսասան, իսկ երկու երկրների միջեւ կանգնելու՝ երրորդ ուժերի փորձերը դատապարտված են ձախողման։
Սակայն այցի ընթացքում հնչած հայտարարությունների կողքին ուշագրավ էր նաեւ մեկ այլ դրվագ։ Ալիեւը ներկայացնելով Լեռնային Ղարաբաղի դեմ պատերազմներին մասնակցած զինվորականներին՝ հատուկ շեշտել էր, որ հենց նրանք են «ազատագրել Ղարաբաղը»։ Այս ձեւակերպմամբ Ադրբեջանի նախագահը, ըստ էության, ընդգծում էր իր երկրի ռազմական ինքնուրույնությունը՝ թուրքական աջակցության մասին բազմիցս հնչած հայտարարությունների ֆոնին։
Ովքե՞ր էին «պառակտում» դաշինքը
Նոյեմբերի 9-ին՝ Ադրբեջանից վերադառնալիս, Էրդողանը ինքնաթիռում լրագրողների հետ զրույցում կրկին անդրադարձավ երկու երկրների հարաբերություններին։ Նրա խոսքով՝ Թուրքիայի եւ Ադրբեջանի միջեւ պառակտում սերմանելու փորձերը դատապարտված են ձախողման։ Նա նաեւ ընդգծեց, որ երկու պետությունների միասնությունն անհանգստություն է առաջացնում որոշակի շրջանակներում։
«Մենք տարբեր պետություններ ենք՝ տարբեր ինստիտուցիոնալ կառուցվածքներով։ Սակայն մեզ ամուր կապում են եղբայրական կապերը»,- նշել էր Թուրքիայի նախագահը՝ հավելելով, որ երկու երկրները շարունակելու են միասին առաջ շարժվել տարածաշրջանում խաղաղության, կայունության եւ բարգավաճման ապահովման ճանապարհով։
Սակայն Էրդողանի այս հայտարարությունը մի շարք հարցեր է առաջացնում։ Ո՞վ էր փորձում պառակտում սերմանել թուրք-ադրբեջանական հարաբերություններում, եւ ինչո՞ւ նման վտանգի մասին խոսելու անհրաժեշտություն առաջացավ հենց այն բանից հետո, երբ երկու երկրների միջեւ լարվածության նշաններն արդեն ակնհայտ էին։
Հարաբերությունների սառեցման մասին խոսակցությունների հիմքում ոչ թե արտաքին ուժերի գործողություններն էին, այլ հենց Անկարայի եւ Բաքվի միջեւ առկա տարաձայնությունները՝ հիջաբի հարցից մինչեւ Իսրայելի հետ Ադրբեջանի հարաբերությունները։ Ալիեւի՝ գագաթնաժողովին չմասնակցելն էլ Բաքվի ինքնուրույն քաղաքական որոշումն էր, որն այդ պահին անգամ բոյկոտի տպավորություն թողեց։ Հետեւաբար, «երրորդ ուժերի» մասին Էրդողանի ակնարկները կարելի է դիտարկել որպես ներքին տարաձայնությունները արտաքին գործոններով բացատրելու եւ դաշինքի անխոցելիության տպավորությունը վերականգնելու փորձ։
Այդուհանդերձ, այցը միանշանակ դրական չընդունվեց հենց Թուրքիայում։ Նոյեմբերի 9-ին թուրքական ընդդիմադիր մամուլում եւ սոցիալական ցանցերում Էրդողանի՝ Բաքու այցը ենթարկվեց կոշտ քննադատության։ Այն բնութագրվեց որպես «աղերսանքի այց», իսկ որոշ շրջանակներ այն համարեցին դիվանագիտական ստորացում։
Քննադատության հիմնական փաստարկն այն էր, որ Էրդողանը չի պահպանել դիվանագիտական փոխադարձության սկզբունքը։ Ալիեւը մերժել էր Թուրքիայի նախագահի անձնական հրավերը եւ չէր մեկնել Անկարա, մինչդեռ Էրդողանը, չնայած այդ հանգամանքին, մեկնեց Ադրբեջան՝ շռայլ գնահատականներ հնչեցնելով Ադրբեջանի հասցեին։
Թուրքական ընդդիմադիր շրջանակների գնահատմամբ՝ Անկարան ամեն գնով փորձում էր հաշտվել Ալիեւի հետ՝ նույնիսկ սեփական քաղաքական թիմի ներկայացուցիչների դիրքերը զոհաբերելու գնով։ Այդ համատեքստում հիշատակվում էր նաեւ Էրդողանի խորհրդական Օքթայ Սարալի հեռացումը, որը քննադատել էր Ադրբեջանի՝ հիջաբի հարցում որդեգրած քաղաքականությունը։
Հայ–թուրքական հարաբերությունների հեռանկարն ու Անկարայի անփոփոխ առաջնահերթությունները
Թուրք-ադրբեջանական հարաբերությունների վերջին զարգացումները հատկապես կարեւոր են Հայաստանի համար, քանի որ ուղղակիորեն առնչվում են հայ-թուրքական կարգավորման գործընթացին։
Հոկտեմբերի 15-ին ՀՀ արտաքին գործերի եւ միջազգային առեւտրի նախարար Արարատ Միրզոյանը հայտարարել էր, թե հայ-թուրքական սահմանը կարող է բացվել նույնիսկ ավելի շուտ, քան կհաստատվի կարգավորման հարցով Երեւանի բանագնի թեկնածությունը։ Նա նշել էր, որ Թուրքիայի հետ գրեթե ամենօրյա շփումներ կան, եւ մատնանշել էր գործընթացի հասունացման մի շարք գործնական ազդակներ։ Դրանց թվում էին Թուրքիայից Հայաստան արտահանման արգելքի վերացումը, Անիի կամրջի համատեղ վերանորոգումը, Գյումրի-Կարս երկաթուղու աշխատանքային խմբի գործունեությունը եւ Հայաստանում նախատեսվող հայ-թուրքական գործարար համաժողովը։ Միրզոյանի գնահատմամբ՝ գործընթացն այնքան էր հասունացել, որ սահմանը կարող էր բացվել ցանկացած պահի։ Այդուհանդերձ, նա ընդունել էր, որ վերջնական նպատակին՝ դիվանագիտական հարաբերությունների հաստատմանն ու սահմանի ամբողջական բացմանը, դեռ չեն հասել։
Նոյեմբերի 6-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ «Համաշխարհային հայկական գագաթնաժողով 2026»-ի ժամանակ լավատեսական հայտարարություն արեց՝ համոզմունք հայտնելով, որ Հայաստանն ու Թուրքիան առաջիկայում դիվանագիտական հարաբերություններ կհաստատեն։ Նրա խոսքով՝ դա պետք է հիմնված լինի միմյանց տարածքային ամբողջականության, ինքնիշխանության եւ սահմանների ճանաչման վրա։
Հարկ է հիշեցնել, որ թեեւ Երեւանն ու Անկարան 2021-ից պայմանավորվել են հարաբերությունները կարգավորել առանց նախապայմանների, Թուրքիան հայ-թուրքական հաշտեցումը շարունակաբար կապում է Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների հետ։ Արդյունքում՝ նույնիսկ երրորդ երկրների քաղաքացիների համար սահմանը բացելու վերաբերյալ պայմանավորվածությունը մինչ օրս կյանքի չի կոչվել։
Այս համատեքստում Էրդողանի այցը Ադրբեջան եւ այդ երկրին ցուցաբերած ընդգծված աջակցությունը հարցեր են առաջացնում Երեւանում առկա լավատեսական սպասումների վերաբերյալ։ Թեեւ Անկարայից հայտարարում են Հարավային Կովկասում կայուն խաղաղության հաստատման անհրաժեշտության մասին, աջակցում են Հայաստանի եւ Ադրբեջանի շփումներին, սակայն մյուս կողմից՝ Թուրքիայի նախագահը Ադրբեջանում կրկին վերահաստատեց Բաքվի քաղաքական դիրքորոշումների աջակցությունը։
Հայ–թուրքական կարգավորման բանալին Բաքվի ձեռքում է
Վերջին զարգացումների ամբողջական պատկերը ցույց է տալիս, որ թուրք-ադրբեջանական հարաբերություններում առաջացած լարվածությունը չի վերածվել ռազմավարական խզման։ Սակայն դա չի նշանակում, որ տարաձայնություններն ամբողջությամբ հաղթահարված են։ Ալիեւի՝ Անկարայի գագաթնաժողովին չմասնակցելը, կրոնական հարցի շուրջ հրապարակային հակասությունները եւ «Մեկ ազգ, երկու պետություն» կարգախոսի շրջանառության վերաբերյալ տեղեկությունները վկայում էին, որ Բաքուն պատրաստ է իր շահերը պաշտպանել նաեւ Թուրքիայի հետ հարաբերություններում։
Էրդողանի վարքագիծն այլ պատկեր էր ներկայացնում։ Անկարայի համար Բաքվի հետ հարաբերությունների պահպանումն ունի այնպիսի ռազմավարական նշանակություն, որ Թուրքիան պատրաստ է երկրորդ պլան մղել անգամ դիվանագիտական փոխադարձության շուրջ ծագած հարցերը։
Հետեւաբար, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հեռանկարը շարունակում է կախված մնալ ոչ միայն Երեւանի եւ Անկարայի քաղաքական կամքից, այլեւ Բաքվի հետ Անկարայի հարաբերությունների տրամաբանությունից։
Հետեւաբար, ՀՀ իշխանությունների սպասումները դեռեւս չեն կարող վերածվել կոնկրետ արդյունքների։ Թուրքիան շարունակում է հայ-թուրքական գործընթացը կապել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների հետ, իսկ սահմանը բացելու նույնիսկ սահմանափակ պայմանավորվածությունը մինչ օրս չի իրականացվել։
Եթե Անկարան իսկապես պատրաստ է Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատել առանց ադրբեջանական նախապայմանների, ապա այդ պատրաստակամությունը պետք է դրսեւորվեր գործնական քայլերով՝ առաջին հերթին սահմանների բացմամբ եւ դիվանագիտական հարաբերությունների հաստատմամբ։
Միաժամանակ Հայաստանի համար կարեւոր է չգերագնահատել թուրք-ադրբեջանական հարաբերություններում առաջացած տարաձայնությունները։ Դրանք կարող են ազդել երկու երկրների քաղաքական շփումների վրա, բայց առայժմ որեւէ հիմք չկա ենթադրելու, որ Անկարան եւ Բաքուն պատրաստվում են վերանայել իրենց ռազմավարական դաշինքը։ Էրդողանի վերջին այցը հակառակը ցույց տվեց՝ երկու կողմերն էլ շահագրգռված են դաշինքի պահպանմամբ՝ անկախ առանձին հարցերի շուրջ ունեցած տարաձայնություններից։
Այսպիսով, Հայաստանի համար գլխավոր հարցը ոչ թե այն է, թե արդյոք Էրդողանն ու Ալիեւը կարողացան կրկին հրապարակայնորեն հաստատել իրենց «անսասան եղբայրությունը», այլ այն, թե արդյոք Անկարան պատրաստ կլինի հայ-թուրքական հարաբերությունների ապագան դիտարկել որպես ինքնուրույն քաղաքական ուղղություն՝ առանց այն Բաքվի շահերից կախված պահելու։
Մինչ այդ հրապարակային հայտարարությունները եւ կարգավորման լավատեսական սպասումները պետք է գնահատել ոչ թե ըստ խոսքերի, այլ՝ գործնական քայլերի։ Իսկ ամենակարեւոր հարցը սա է՝ պատրա՞ստ է արդյոք Թուրքիան Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատել սեփական քաղաքական որոշմամբ, թե՞ հայ-թուրքական կարգավորման բանալին շարունակում է մնալ Բաքվի ձեռքում։
Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
12.11.2026



















































