Լրահոս
Օրվա լրահոսը

Եվրախորհրդարանում նշվել է Հայաստանի անկախության 35-ամյակը

Նոյեմբեր 12,2026 23:50 Share
Աջակցեք aravot.am-ին

Նոյեմբերի 10-ին Եվրախորհրդարանում՝ ԵՄ-ում ՀՀ ներկայացուցչության և Արտաքին հարցերով հանձնաժողովում Հայաստանի հարցերով մշտական զեկուցող Միրիամ Լեքսմանի գրասենյակի համատեղ նախաձեռնությամբ, առաջին անգամ անցկացվեց Հայաստանի Հանրապետության անկախության 35-ամյակին նվիրված ընդունելությունը։

Միջոցառմանը բացման խոսքով հանդես եկավ ԵԽ պատգամավոր Մ․ Լեքսմանը՝ իր ելույթում առանձնահատուկ ընդգծելով ՀՀ-ԵՄ հետզհետե խորացող գործընկերության նշանակությունը և Եվրախորհրդարանի աճող հետաքրքրությունը Հայաստանին առնչվող հարցերի նկատմամբ։ Նա շեշտեց, որ վերջին տարիներին Հայաստանին աջակցությունը դարձել է Եվրախորհրդարանի օրակարգի առաջնահերթություններից։

ՀՀ դեսպան Տ․ Բալայանը երախտագիտություն հայտնեց պատգամավորներին՝ Հայաստանին ցուցաբերվող մշտական աջակցության, կնճռոտ խնդիրները հասցեագրելու և ցուցաբերած հետևողականության համար։ Դեսպանը շեշտադրեց երկկողմ հարաբերությունների հագեցած օրակարգի, բարձրաստիճան փոխայցերի և ժողովրդավարական արժեքների պաշտպանության առանցքային դերը։

Անդրադառնալով համատեղ ձեռքբերումներին՝ Տ․ Բալայանը բարձր գնահատեց ԵԽ պատգամավորների գրասենյակների արդյունավետ աշխատանքը, որի շնորհիվ կայացվում են Հայաստանի համար շոշափելի փոփոխություններ ապահովող որոշումներ։ Որպես վառ օրինակ՝ Տ․ Բալայանը մատնանշեց ԵԽ-ի կողմից պարզեցված ընթացակարգով վերջերս ընդունված՝ ՀՀ-ին ինքնավար առևտրային արտոնություններ տրամադրելու որոշումը։

Այնուհետև դեսպան Բալայանը համապարփակ ներկայացրեց ՀՀ արտաքին քաղաքական գերակայությունները՝ այդ համատեքստում առանձնացնելով ԵՄ-ի դերակատարումն ու հանձնառությունները, որոնք շարժիչ ուժ են հանդիսանում ոլորտային համագործակցության խորացման, ինստիտուցիոնալ բարեփոխումների իրականացման և տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման գործընթացում։

Երեկոն առանձնահատուկ էր նրանով, որ մեկ հարկի տակ էր համախմբել Եվրախորհրդարանի բոլոր խմբակցությունների հեղինակավոր պատգամավորներին՝ միջոցառմանը հաղորդելով առավել ջերմ ու անմիջական մթնոլորտ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Նոյեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30