Նոյեմբերի 12-ին Մատենադարանի թանգարանում կայացավ «Գրքեր մեղրի մեջ» բացառիկ նախագծի շնորհանդեսը։ Միջոցառման շրջանակում «ՍԼՈՎՈ/SLOVO» հրատարակչությունը Մատենադարանին նվիրաբերեց «Աշխարհի մեծագույն թանգարաններ» մատենաշարի «Մատենադարան» գրքի մեկ օրինակ, որը նախագծի մտահղացման համաձայն՝ մոմապատվելուց հետո կպահպանվի մեղրի մեջ՝ մինչև 4052 թվականը։
«ՍԼՈՎՈ/SLOVO» հրատարակչության հիմնադիր Գրիգոր Երիցյանը «Առավոտի» հետ զրույցում նշեց, որ սա երբևէ հրատարակված ամենաամբողջական գիրքն է Մատենադարանի մասին։ Հրատարակչությունն իր առջև նպատակ է դրել ներկայացնել ողջ Մատենադարանը՝ իր ամենակարևոր ձեռագրերով, որոնք ընդգրկում են ձեռագրային ժառանգության մեջ գոյություն ունեցող բոլոր լեզուները։
«Մենք 5 տարի աշխատել ենք այս գրքի վրա Մատենադարանի հետ համատեղ, և Մատենադարանի ու նրա աշխատակիցների շնորհիվ կարողացանք այն իրականացնել երկու լեզվով՝ հայերենով և ռուսերենով։ Այս գիրքը հրատարակչության «Աշխարհի մեծագույն թանգարաններ» հսկայական նախագծի մասն է՝ թվով 43-րդ հատորը։ Մեր մոտեցումն այն է, որ այս բոլոր գրքերը պարտադիր պետք է գրեն թանգարանային գործի մասնագետները, պահապանները, տնօրենները կամ խոշոր գիտնականները։ Իրականում Մատենադարանն ավելին է, քան պարզապես մեծ թանգարան. այն մարդկության մշակութային հիշողության պահապանն է։ Մենք՝ Հայաստանը, մարդկության մշակութային հիշողության պահապաններից մեկն ենք, և մեզ վրա մեծ պատասխանատվություն է դրված»։
Կարդացեք նաև
Խոսելով գիրքը մեղրի մեջ պահպանելու գաղափարի մասին՝ նա ընդգծեց, որ մենք այժմ գտնվում ենք գիտելիքի նյութական կրիչներից թվայինին անցնելու փուլում. «Իմ հայեցակարգն այն է, որ ինչ-որ կերպ պահպանել մարդկության հիմնական գրքերը ապագա սերունդների, ապագա քաղաքակրթությունների համար։
Այդ պատճառով էլ ես գիրքը տեղադրեցի հատուկ մեղրի մեջ, որպեսզի այն հասցնենք գալիք սերունդներին՝ առնվազն մինչև 4052 թվականը, քանի որ մեղրը լավագույն կոնսերվանտն է։ Բայց այն արված է այնպես, որ մեղրը ներս չթափանցի. գիրքը պատվում է նաև մոմով։ Այս կերպ մենք ցանկանում ենք պահպանել գրքերը ապագա սերունդների համար և դրանով շարունակել Մատենադարանի՝ մարդկության մշակութային հիշողության պահապանը լինելու ավանդույթը։ Թվայնացումը, բնականաբար, մեծ ու անհրաժեշտ գործ է, բայց թվային կրիչները երկար ժամանակով տեղեկատվության պահպանման հուսալի աղբյուր չեն»։
Միջոցառման ընթացքում «ՍԼՈՎՈ/SLOVO» հրատարակչության գլխավոր խմբագիր Նատալյա Ավետիսյանն էլ նշեց, որ 37 տարի առաջ ստեղծված իրենց հրատարակչությունն ամբողջ կյանքում ձգտել է գրքին վերաբերվել որպես մշակութային օբյեկտի, որը փոխանցվում է սերնդեսերունդ։
«Մենք մշտապես աշխատում ենք այն ուղղությամբ, որ գիրքը լինի ոչ միայն ընթերցանության առարկա, այլև ազգային մշակույթի, կուտակային մշակութային գիտելիքի կենտրոն, որը մենք փոխանցում ենք մեր երեխաներին ու ապագա սերունդներին։
«Աշխարհի մեծագույն թանգարաններ» բացառիկ մատենաշարը մենք սկսել ենք 1998 թվականին՝ Վատիկանի գեղանկարչության հավաքածուին նվիրված հսկայական հատորով։ Սկզբում այն մեծ միջազգային նախագիծ էր Իտալիայի, Իսպանիայի, Անգլիայի, Ֆրանսիայի մեր գործընկերների հետ, սակայն ժամանակի ընթացքում արևմտյան գործընկերները հոգնեցին դրանով զբաղվելուց, իսկ մենք շարունակում ենք, և սա արդեն 43-րդ հատորն է։ Հուսով ենք, որ Մատենադարանին նվիրված մեր հրատարակությունը կծառայի նաև այս հանճարեղ թանգարանի մասին գիտելիքների տարածմանը ողջ աշխարհում»,- ասաց Նատալյա Ավետիսյանը՝ հատուկ շնորհակալություն հայտնելով գրքի ստեղծմանը մասնակցած 21 հեղինակներին և գործընկերներին։
Այս գիրքն առաջին համապարփակ հրատարակությունն է Մատենադարանի հավաքածուների մասին։ Այն բաղկացած է 6 բաժնից և ներառում է պատմությունն ու պահպանությունը, ձեռագրերի ֆոնդերի ձևավորումը մինչև 2021 թվականը, շենքի ճարտարապետությունը, հայկական ձեռագրերի ստեղծման պատմությունը, մանրանկարչությունը, այլալեզու՝ հունարեն, լատիներեն, արաբերեն, պարսկերեն և այլ ձեռագրեր՝ լուսանկարներով ու նկարագրություններով, և վերջապես՝ հնատիպ գրքերը, արխիվներն ու արվեստի գործերը։
Արգինա Փահլևանյան


























































