Լրահոս
Օրվա լրահոսը

«Քայլեր ենք ձեռնարկում՝ հնարավորություն տալու Հայաստանին պաշտպանել իր ինքնիշխանությունը և ազատորեն ընտրել սեփական ապագան». հայտարարություն

Նոյեմբեր 13,2026 12:34 Share
Աջակցեք aravot.am-ին

Եվրոպական մի շարք երկրների ղեկավարներ և ներկայացուցիչներ, ինչպես նաև Եվրամիության ղեկավարները Դուբլինում ընթացող Եվրոպական քաղաքական համայնքի 9-րդ գագաթնաժողովի շրջանակում համատեղ հայտարարություն են ընդունել՝ աջակցություն հայտնելով Հայաստանին։

«Ֆրանսիայի, Լատվիայի, Լիտվայի, Էստոնիայի, Լեհաստանի և Միացյալ Թագավորության ղեկավարներն ու ներկայացուցիչները, ինչպես նաև Եվրոպական խորհրդի նախագահը, Եվրոպական հանձնաժողովի նախագահը և Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչն այսօր Դուբլինում՝ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում, հանդիպել են Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։

Գերմանիայի, Նորվեգիայի, Լեհաստանի, Նիդեռլանդների, Եվրոպական խորհրդի նախագահի և Եվրոպական հանձնաժողովի նախագահի հետ միասին նրանք հանդես են եկել հետևյալ հայտարարությամբ.

Մենք վերահաստատում ենք մեր աջակցությունը Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը, կայունությանը, անկախությանն ու դիմակայունությանը:

Հինգ ամիս առաջ Հայաստանում տեղի ունեցան խորհրդարանական ընտրություններ։ Չնայած Ռուսաստանի բազմաբնույթ միջամտություններին՝ դրանք հնարավորություն տվեցին հայ ժողովրդին հստակ ընտրություն կատարել հօգուտ խաղաղության, ժողովրդավարության և Եվրոպայի հետ սերտ կապերի։

Այդ ժամանակից ի վեր Ռուսաստանի կողմից Հայաստանի նկատմամբ գործադրվող ուղղակի քաղաքական և տնտեսական ճնշումները շարունակաբար ուժեղանում են։ Ռուսաստանը Հայաստանի արտահանման նկատմամբ աննախադեպ սահմանափակումներ է կիրառել և այժմ սպառնում է էներգակիրների մատակարարումները որպես ահաբեկման միջոց օգտագործել։

Ի պատասխան՝ մենք քայլեր ենք ձեռնարկում՝ հնարավորություն տալու Հայաստանին պաշտպանել իր ինքնիշխանությունը և ազատորեն ընտրել սեփական ապագան։ Մենք կշարունակենք աջակցել Հայաստանին տնտեսական գործընկերությունների դիվերսիֆիկացման հարցում, մասնավորապես՝ առևտրի և էներգետիկայի ոլորտներում՝ հիմնվելով Եվրամիության որոշման վրա, որով կասեցվել են դեպի ԵՄ արտահանվող հայկական ապրանքների 80 տոկոսի նկատմամբ մաքսատուրքերը։

Մենք ճանաչում ենք հայ ժողովրդի եվրոպական ձգտումները և շարունակելու ենք աջակցել Հայաստանի ջանքերին՝ կառուցելու կենսունակ ու դիմակայուն ժողովրդավարություն, ինչպես նաև զարգացնելու բարեկեցիկ տնտեսություն, որը լիարժեքորեն ինտեգրված կլինի տարածաշրջանային հաղորդակցային ցանցերին և միջազգային առևտրային հոսքերին։

Մենք նաև աջակցում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին և 2025 թվականի օգոստոսին Վաշինգտոնում կայացած հանդիպումից ի վեր արձանագրված նշանակալի առաջընթացին, ինչպես նաև Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին։

Մենք խրախուսում ենք այդ ուղղությամբ շարունակական ջանքերի գործադրումը՝ ի շահ հայ և ադրբեջանցի ժողովուրդների, ինչպես նաև ամբողջ տարածաշրջանի»,-ասված է հայտարարության մեջ։
Թարգմանությունը՝ 168.am-ի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել