«Արդարությունը տեղի է ունենում դատարանում, ոչ թե պատերազմական գոտիներում»,- Երևանում անցկացվող «Ձայներ՝ ընդդեմ մոռացության․ զանգվածային ոճրագործությունների զոհերն անպատժելիության դարաշրջանում» խորագրով համաժողովի ընթացքում հայտարարեց «Ճշմարտության և արդարադատության կենտրոն»-ի ղեկավար, Կալիֆոռնիայի բարձրագույն դատարանի դատավոր Կասյա Աբգարյանը։
«Ճշմարտության և արդարադատության կենտրոն»-ի նախաձեռնությամբ անցկացվող 5-րդ ամենամյա համաժողովին մասնակցում են աշխարհի 17 երկրներից մասնագետներ՝ իրավաբաններ, հոգեբաններ, գիտնականներ․ քաղաքականություն մշակողներ, ցեղասպանությունը վերապրածների, զոհերի ներկայացուցիչներ։
Ըստ Կասյա Աբգարյանի՝ արդարությունը լսված, տեսնված լինելու իրավունքն է։ Ցավով փաստելով, որ այժմ աշխարհում գերիշխում է անպատժելիությունը և հաճախ շատ երկրներ մտածում են, որ եթե զենք ունես, կարող ես հաղթել, կարևորեց լսված լինելու իրավունքը․ «Եթե ձայն չբարձրացնենք, ուղղակի բոլորս կանհետանանք։ Մենք պայքարելու ենք այդ անպատժելիության դեմ՝ ձայն բարձրացնելով և պահանջելով արդարություն։ Բազմաթիվ են պատերազմական հանցագործություններից տուժած անձինք աշխարհում, ցավոք նրանց թիվն աճում է»։
Կարդացեք նաև
Համաժողովին զուգահեռ գործում է նաև «Փաստագրելով ճշմարտությունը, պահպանելով հիշողությունը» թվային ցուցադրությունը։ Վեց էկրաններին ցուցադրվում են զոհերի, վերապրածների, զանգվածային ոճրագործությունների փաստագրված վկայություններ, վավերագրական տեսանյութեր և տեսողական նյութեր, որոնք հավաքել են Ճշմարտության և արդարադատության կենտրոնի մասնագետները։ «Ոչ ոք չի լսում․ Սինջարի մոռացված ձայները խորագրով նորարարական վիրտուալ իրականության ցուցադրությունն այցելուներին տեղափոխում է Հյուսիսային Իրաք։ Այն ներկայացնում է Սինջարի շրջանի Քոչո գյուղում ծավալվող պատմությունը, երիտասարդ եզդի կնոջ վկայությունը, որին առևանգել և սեռական ստրկության են ենթարկել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալները, կոտորածից փրկված նրա եղբոր պատմությունը, ինչպես նաև գյուղի վրա հարձակված ԻՊ զինյալի պատմությունը։
Հայաստանից, Նիգերիայից, ԱՄՆ-ից Նիգերիայից, Գերմանիայից, Իրաքի Քուրդիստանի տարածաշրջանից և այլ երկրներից մասնակիցները համաժողովի երկու օրերի ընթացքում կքննարկեն երկու հիմնական թեմաներ՝ առերեսվելով բռնությանը, ապրելով դրա հետևանքների հետ և արդարադատությունը, սահմանափակումներն ու ժամանակակից իրողությունները։
Միջազգային քրեական իրավունքի ավագ մասնագետ, Նյուրնբերգյան սկզբունքների միջազգային ակադեմիայի փորձագետ Գուրգեն Պետրոսյանն ընդգծեց՝ միջազգային իրավունքի կարևորության հետ կապված պետք է բարձրացնել հանրության իրազեկվածության մակարդակը․ «Միջազգային իրավունքը պոպուլյար չէ, բայց մեզ համար կարևոր է բարձրացնել հանրության իրազեկվածությունը, թե ինչպես է աշխատում միջազգային իրավունքը, քանի որ միշտ էլ գործիքներ կան։ Երբ ցեղասպանություն տեղի էր ունենում, չկային միջազգային իրավունքի պաշտպանության կառույցներ, հիմա այդ կառույցները կան, բայց մեծ քաղաքական ճնշում կա միջազգային քրեական դատարանի նկատմամբ։ Մեր առաքելությունն է այդ ինստիտուտների ամրապնդումը, որ համայնքները, որ վկան են դառնում միջազգային հանցագործությունների, նաև ուժ ունենան գործադրելու դրանց դեմ»։
«Ձայներ՝ ընդդեմ մոռացության․ զանգվածային ոճրագործությունների զոհերն անպատժելիության դարաշրջանում» խորագրով համաժողովն ամբողջությամբ՝ տեսանյութում
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ




















































