Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԷՑ-ի АСКУЭ էլեկտրական հաշվիչը ոռոգման համակարգում կորուստները կնվազեցնի, խնայողություններ կանի (Տեսանյութ)

Մարտ 22,2017 21:24

Հայաստանի ոռոգման համակարգի արդյունավետությունը բարձրացնելու նպատակով, այսօր Արմավիրի մարզի Հովտամեջ համայնքում հանդիսավոր պայմաններում գործարկվեց АСКУЭ էլեկտրական հաշվիչը:

Մասնագետների հաշվարկներով, այն ջրային ոլորտին հնարավորություն կընձեռի էլեկտրաէներգիայի կորուստների նվազեցման եւ ծախսի արդյունավետության բարձրացման արդյունքում  շուրջ 10 միլիոն դրամի խնայողություն անել:

АСКУЭ էլեկտրական հաշվիչը, կամ ինչպես մասնագետներն են նշում` «խելացի» հաշվիչը, Ջրային տնտեսության պետական կոմիտեին անվարձահատույց տրամադրել է Հայաստանի էլեկտրական ցանցեր (ՀԷՑ) ընկերությունը:

Ընկերության գլխավոր տնօրեն Կարեն Հարությունյանը, ներկայացնելով էլեկտրական հաշվիչի առավելությունները, ասաց, որ այդ հաշվիչները հնարավորություն են տալու երկու ընկերություններին` ՀԷՑ-ին` որպես էլեկտրաէներգիա վաճառողի, եւ Ջրտնտպետկոմին` որպես սպառողի, ամբողջությամբ տեսնել, վերահսկել ու կառավարել էլեկտրաէներգիայի ծախսը, ինչը նաեւ կբերի ջրի ծախսի վերահսկման որոշակիության:

Ըստ պարոն Հարությունյանի, այդ ամենի հետեւանքով էլ երկու ընկերությունների միջեւ ֆինանսական փոխհարաբերությունները կլինեն առավել հստակ եւ թափանցիկ:

ՀԷՑ-ի կողմից ձեռքբերված հաշվիչները արտադրվել եւ հավաքվել են Երեւանում եւ համարվում են Հայէլցանցերի սեփականությունը:

АСКУЭ էլեկտրական հաշվիչի գործարկումը համընկել էր «Ջրի միջազգային օրվա» հետ, ինչի առիթով էլ Կարեն Հարությունյանը շնորհավորեց  ու ասաց, որ այդ հաշվիչները լավ նվեր են ջրային համակարգի աշխատակիցներին:

Կարեն Հարությունյանի խոսքի մանրամասները` տեսանյութում:

Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերության ավտոմատացված հաշվառման համակարգի սպասարկման ծառայության պետ Միքայել Կուդոյանի խոսքերով, հաշվիչն ունի տարբեր տեսակի տվյալներ ֆիքսելու հնարավորություն եւ կես ժամանոց կտրվածքով այդ տեղեկատվությունն իր մեջ հիշում ու առցանց տարբերակով փոխանցում է համակարգիչ:

ՀԷՑ-ի մասնագետի մեկնաբանությունը`տեսանյութում:

Ջրային տնտեսության պետական կոմիտեի ղեկավար Արսեն Հարությունյանն ասաց, որ կոմիտեի ենթակառույցներում АСКУЭ էլեկտրական հաշվիչների տեղադրման գործընթացը շարունակական է: Ըստ նրա, համակարգում այս պահին տեղադրված է 173 հաշվիչ, որից 103-ը տեղադրված է եղել մինչեւ 2016 թվականը: Այս տարվա սկզբից մինչեւ մարտի 20-ը տեղադրվել է եւս 70-ը եւ ըստ Արսեն Հարությունյանի, կոմիտեն նշաձող է վերցրել, որպեսզի մինչեւ ոռոգման սեզոնի սկիզբը կարողանա 930 կետերում ապահովել հաշվիչների տեղադրումը:

Ջրտնտպետկոմի ղեկավարն էլ փաստեց, որ ժամանակակից տեխնոլոգիաների ներդրումը ջրային ոլորտի համակարգում կբերի կորուստների նվազեցմանը, ջրի բալանսավորմանը, ինչն էլ իր հերթին կբերի գյուղացու` ջրի հարցում կարիքների բավարարմանը:

«Այս հաշվիչի ամենամեծ առավելությունն այն է լինելու, որ մեզ համար կառավարելի է լինելու թե’ ջրի, թե’ էլեկտրաէներգիայի ծասը: Ես միշտ նշել եմ, որ հաջողություն կունենանք այն օրվանից, երբ մենք կունենանք հաշվառելի ջուր: Սա մեծ հնարավորություն է տալիս հա’մ ջուրը հաշվառելի դարձնելու հա’մ` ծախսված էլեկտրաէներգիան»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031